Հայերեն   English   Русский  

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Չեխիայի հոգևոր առաջնորդի հետ


  
դիտումներ: 671

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ:

ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Հայաստանի եւ Չեխիայի միջև հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով և այս առումով կարևորել Հայ առաքելական եկեղեցու և չեխ կաթոլիկ եկեղեցու փոխգործակցությունը: Շնորհակալություն հայտնելով Պրահայի արքեպիսկոպոսին հայ ժողովրդի և Հայ առաքելական եկեղեցու հանդեպ ունեցած մեծ հարգանքի համար՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Դոմինիկ Կարդինալ Դուկայի ջանքերը Պրահայի կենտրոնում հայկական առաջին խաչքարի տեղադրման ուղղությամբ և կարևորել նրա մասնակցությունը օրհնության կարգին:

Շարմազանովի հանդիպումը Չոխիայի հոգևոր առաջնորդի հետ

ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ հնարավորության դեպքում Պրահայում հայկական եկեղեցու համար տարածք կհատկացվի:
Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ նշել է, որ Դոմինիկ Կարդինալ Դուկան երկու անգամ մասնակցել է ապրիլքսանչորսյան միջոցառումներին, առանձին հանդիպումներ ունեցել համայնքի և դեսպանության ներկայացուցիչների հետ: Նա Չեխիայի հոգևոր առաջնորդին տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին պաշտոնապես հրավիրել է 2015 թվականին այցելել Հայաստան:
Հանդիպմանը ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Ադրբեջանում և Թուրքիայում հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված գործողություններին, մասնավորապես նախկինում հայերով բնակեցված և այսօր արդեն հայաթափված Նախիջևանում Ջուղայի դարավոր տասնյակ հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով գերեզմանոցի և ներկայիս Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր հուշարձանների ոչնչացմանը: ԱԺ փոխնախագահը խստորեն դատապարտել է օրերս Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը՝ այն որակելով մշակութային ցեղասպանության վառ դրսևորում: Նա նշել է, որ սա ոչ միայն հայկական, այլև համաքրիստոնեական հոգևոր արժեքների ոչնչացում է:
Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկան համաձայնել է ԱԺ փոխնախագահի գնահատականի հետ՝ իր հերթին դատապարտելով Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: