Հայերեն   English   Русский  

«Գյուղից չենք արտագաղթում, որ թուրքերը չուրախանան»


  
դիտումներ: 2812

Շիրակի մարզում բազմաթիվ գյուղեր տեղակայված են հայ-թուրքական սահմանին, հիմնականում, Գյումրի-Արմավիր ճանապարհի աջակողմյան հատվածում: Պատմական Անի մայրաքաղաքի ավերակները հայկական սահմաններից ամենամոտը տեսանելի են հենց այս բնակավայրերից:

10 դարից ավել գոյություն ունեցող Հայկաձոր գյուղը թուրքական սահմանից բաժանվում է Ախուրյան գետով: Հնում գյուղը հիմնված է եղել Ախուրյանի աջ ափին ու կոչվել է Ղոշովանք: Այստեղ է կառուցվել նաև Հոռոմոսի հոյակերտ վանքը, սակայն, 1940 թվականից գյուղը տեղափոխվել է ավելի բարձրադիր հատված՝ անվտանգությունից ելնելով: 1951թ. անվանակոչվել է Հայկաձոր, որտեղ մինչ օրս կանգուն է Սուրբ Լուսավորիչ եկեղեցին՝ կառուցված 985 թվականին: Այն համարվում է պատմական հուշարձան, բայց գյուղացիները եկեղեցուց չեն օգտվում, գտնվում է սահմանային փշալարերից այն կողմ:

Հայկաձորն այսօր ունի մոտ 500 բնակիչ, տղամարդկանց մեծ մասն արտագնա աշխատանքի է մեկնում, կանայք՝ զբաղված են գյուղական ամենօրյա գործերով: Երիտասարդների համար էլ համապատասխան ժամանց չկա:
Գյուղ հասնելը մեզ համար բավական բարդ էր՝ Գյումրի-Արմավիր ճանապարհից դեպի Հայկաձոր հատվածն ավերակ էր: Սրան ոչնչով չէին զիջում նաև գյուղամիջյան ճանապարհները: Այնպիսի տպավորություն էր, թե այստեղ տրակտորները փողոցները վարելով են դաշտ հասնում:«Անկախ»-ը գյուղամիջում հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են ապրում այստեղ, հատկապես այլ բնակավայրերի հետ կապ պաշտպանում նման ճանապարհներով: Պարզվեց, հայկաձորցիների մոտ այս խնդիրն ավելի վաղուց է եղել, հիմա էլ սրան գումարվել են տրանսպորտային միջոցների բացակայությունը:

«Մեզ մոտ առաջնային խնդիր է տրանսպորտի հարցը. գնացքն այլևս գյուղի մոտ չի կանգնում», - ասում է Հայկաձորի բնակչուհի Սիլվա Կարապետյանը: Իսկ նախկինում բնակիչներն օգտվում էին Բագրավանի կայարանից, որը գյուղից բավական հեռու է, բայց մարդկանց տեղափոխում էր և՛ Գյումրի, և՛ Երևան: Հիմա հայկաձորցիները կարող են գնալ միայն Գյումրի՝ առավոտյան ժամը 9-ին, միակ երթուղայինով:

«14 տեղանոց գազելը սպասարկում է հինգ բնակավայրի՝Անիպեմզա, Անի կայարան, Բագրավան, Հայկաձոր, Ջրափի: Գյումրիում արդեն կատակում են. մեր կռացած վիճակը տեսնելով կհարցնեն՝ հայկաձորցի ե՞ք. էնքան որ էդ ճամփեքին կռել մնացել ենք», -«Անկախ»-ին պատմում է Սաշա Եղոյանը: Ապա շարունակում, որ Գյումրի-Երևան գնացքն առաջին անգամ գյուղի դիմացից անցել է 1908թ., իրենք էլ միշտ օգտվել են Հայկաձորից 800մ հեռու՝ Բագրավանի կիսակայարանից, որտեղ 108 տարի շարունակ գնացքը կայարան է ունեցել, բայց անցյալ տարի կայարանը փակվել է:

«Էժան տրանսպորտ էր, մինչև Գյումրի 250 դրամ էինք վճարում: Բոլոր կայարաններում կանգնում է, մեզ մոտ՝ չէ», - նեղսրտում է զրուցակիցս:
Խնդրին տեղյակ են Շիրակի մարզպետարանում, մարզպետն անձամբ է կապվել երկաթուղու ղեկավարների հետ ու իմացել, որ ֆինանսական առումով այս ընկերությանը ձեռք չի տալիս կայարանը գործարկելը, ինչպես նաև ավելի է արագացել Երևան հասնելը: «Ես խոսել եմ երկաթուղու ղեկավարության հետ, նրանք այս կայարանի պահելը եկամտաբեր չեն համարում: Այն դեռ վերջնական փակված չէ, բայց իմ կարծիքով, երևի հարցը դրական լուծում չստանա», - ասում է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Հայկաձորը, ուր հիմնականում զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ և անասնապահությամբ, այսօր կանգնած է լուրջ խնդրի առաջ՝ 4 ամիս է զրկված է ոռոգման ջրից, քանի որ պոմպն այրվել է, իսկ այն նորոգելու հնարավորություն համայնքային սուղ բյուջեն չունի, անասուններն էլ՝ առանց արոտ: Բնակիչները սահմանին մոտ 500հա արոտավայրեր ունեն, սակայն 20 տարուց ավել է չեն կարող օգտագործել՝ ռուս սահմանապահները թույլ չեն տալիս: 2000թ. անասունների գողություն է եղել՝ Թուրքիա են անցկացրել հայկաձորցիների կովերին, որից հետո այս արոտավայրերը փակ են եղել կենդանիներ մտցնելու համար: «Մենք 20 տարի սահմանից չենք օգտվում, արոտը մնում՝ փչանում է: Քսան տարում կառավարությունը ոչ մի անգամ էս հարցին ուշադրություն չի դարձել: Անձամբ ես էնտեղ 3 հա հող ունեմ, ամեն տարի վարձը տալիս եմ, բայց չեմ օգտվում», - ասում է Հայկաձորի բնակիչ Արշալույս Հարությունյանը:

Հայկաձոր

Քանի որ այս հարցը համայնքային լուծման շրջանակներից դուրս է, մարզպետ Ֆելիքս Ցոլակյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ է լինելու այդ հողերի հետ: Մարզպետը փոխանցեց, որ խոսել է սահմանապահների հետ, որոնք պարզաբանել են՝ գյուղի համար վտանգավոր է արոտներից օգտվել, արդեն անասնագողության դեպքեր եղել են: Մարզպետն այստեղ առաջարկում է ու հնարավոր համարում՝ Հայկաձորը կարող է մի քանի գյուղերի հետ միանալ և ընդգրկվել համայնքների ջրարբիացման ծրագրում:
Հայկաձորի բախտը, կարծես, ոչ մի առումով չի բերել, երբ խոսք է գնում բիզնես արտոնություններ տալ սահմանապահ գյուղերում բիսնեզ ներդնողներին, ուսումնասիրում ու պարզում ես, որ, հեռանկար գրեթե չկա: Գյուղացիներն ասում են, իրենց մոտ կարող են միայն մեղվաբուծություն անել՝ քանի որ գետափին մոտ են, ծաղիկների տեսականին շատ ու առատ է: Մյուս առումներով գյուղը հրապուրիչ չէ: Բայց որ մի երկու գործարան լիներ, փոքր գյուղ է, լավ կապրեին, ջահելներն էլ «խոպաներից» տուն կգային: Զրույցների ժամանակ պարզեցինք, որ Հայկաձորում վերջին հարսանիքը եղել է երկու տարի առաջ: «Ես էլ տղա ունեմ ամուսնացնելու: Գնում է Ռուսաստան, աշխատում գալիս է, մինչև պարտքերն ու վարկերը փակում ենք, արդեն հաջորդ տարին թևակոխում է: Նորից պիտի գնա աշխատի, որովհետև պարտքերը սպասում են», - ասում է Արշալույս Հարությունանը:

Հայկաձորի համայնքապետ Գևորգ Սարգսյանն էլ, լսելով հարցը, թե ինչու երկու տարի գյուղում հարսանիք չի եղել, ծնելիությու՞նն է նվազել, թե՞ սոցիալական վիճակը թույլ չի տալիս, դիմեց հումորի օգնությանը՝ «Ինչպե՞ս-ինչպե՞ս... Բա հարսանիք որ չի եղել, որի՞ քավորն եմ ես եղել: Հարսանիքներ էլ ունենք, այլ ուրախություններ էլ, ամեն տարի էլ հայկական բանակ 3-4 արու զավակ ենք ճանապարհում»:
Բնակիչներից հետաքրքրվեցինք, թե այսքան դժվարությունների մեջ ի՞նչն է իրենց պահում Հայկաձորում. սահմանին ապրելը, ամեն պահ իրենց հայրենի հողն օտարի ձեռքին տեսնելը, դժվարությունն ու զրկանքը հայկաձորցիներին մեկ այլ ոգի են փոխանցել. «Այ, տիա Արևմտյան Հայաստանը, բա մենք էլ որ թողնենք գնանք, շուն թուրքը ըսե՝ ստեղից էլ հեռեցա՞ն»:


Մարիամ Խալաթյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: