Հայերեն   English   Русский  

​«Շողշողուն» բիզնեսի հաջողության գաղտնիքը


  
դիտումներ: 3751

Հայաստանի «ամենաշողշողուն» բիզնեսներից մեկը գործում է Թալինում, որտեղ հարյուրավոր վարպետներ ալմաստի անմշակ կտորները հղկում, տաշում, «ազնվացնում» ու վեր են ածում թանկարժեք զարդերի: Խոսքը 2004 թվականից գործող «Դայմոթեք» ընկերության մասին է, որն արտասահմանից հումքը բերում է Հայաստան, վերամշակում ու թանկարժեք ադամանդներ է արտահանում: Բիզնեսի հիմնադրման առումով խնդիր չառաջացավ, գործարանն արագ հիմնադրվեց, աշխատուժն էլ շատ արագ հավաքվեց, մոտ մեկ ամսում՝ գրեթե 100-150 հոգի, բայց ամեն ինչ այնքան էլ հարթ ընթացք չունեցավ ընկերության համար: Խոչընդոտներ, խնդիրներ հաղթահարելով գործունեություն սկսելը, ըստ երևույթին, բնորոշ է բիզնեսի բոլոր տեսակներին ու ոլորտներին:

Ընկերությունն այսօր ադամանդագործության շուկայում հեղինակություն վայելող անուն ունի, «Դայմոթեքի» ադամանդները բարձր են գնահատվում մի շարք երկրներում: Սկզբում արտահանվում էին միայն Բելգիա, այնուհետև ավելացան նաև Ռուսաստանը, Ուկրաինան, ևն:

«Քանի որ Հայաստանում ադամանդագործությունը 40-50 տարվա փորձ ունի՝ աչքի է ընկնում բարձր որակի արտադրանքով՝ տաշվածքով: Ամենաբարձրակարգ տաշվածքը մեր ադամանդագործներն ավելի արագ ու հաջող են անում, կարճ ժամանակում բարձր արդյունք ու բարձր որակ են ապահովում: Եթե նայեք՝ ադամանդագործությունը հիմնականում անտիկ ազգերի մոտ է լավ զարգացած: Մեր գեների մեջ կա դա: Հազարավոր տարիներ այս արհեստը հղկվել-զարգացել է ու հասել կատարելության, միայն թե մերոնք ցանկություն ունենան աշխատելու,- ասում է ընկերության տնօրեն Էդգար Հովհաննիսյանը և հավելում,-եթե հայ մարդը ցանկություն է ունենում, շատ արագ՝ մեկ-երկու ամիս հետո արդեն կարողանում է այնպիսի տաշվածք անել, որ բոլորը հիանան»:

Անձնական դիտարկումներից հետո Հովհաննիսյանը համոզվել է՝ հայերը բնածին ադամանդագործ են, ուղղակի աշխատելիս պետք է մեծ ցանկություն ու մոտիվացիա ունենան: Մեր հայրենակիցներն ընդունակ են, նշում է նա, իսկ ընդունակները չեն սիրում աշխատել: Հենց այս կարևոր հանգամանքը հաշվի առնելով էլ հայկական բիզնեսում հաջողելու համար որոշակի կառավարման առանձնահատկություններ կան: Առհասարակ, ըստ «Դայմոթեքի» տնօրենի, յուրաքանչյուր լավ բիզնես վատ կազմակերպելու եպքում ձախողում է և հակառակը:

«Պետք է մարդ հավատա իր ուժերին, չնեղսրտի, ռիսկի գնալու, որոշումներ կայացնելու, բիզնես առաջնորդության բոլոր հատկությունները պետք է ունենա, քանի որ ցանկացած պահի հուսահատություն, հիասթափություն կարող է լինել, չպետք է ընկրկել ու նահանջել: Սովորաբար, երբ մարդ որևէ բիզնես է սկսում, սկսում է շատ մեծ օպտիմիզմով, շատ լուրջ տեսլականներով: Բայց մեկնարկից հետո սկսում է գիտակցել, որ ամեն ինչ իր պատկերացրածով չէ, ամեն քայլափոխի բազմապիսի արգելքներ, խոչընդոտներ կարող են պատահել, որոնք հիասթափեցնում են: Օրինակ՝ հնարավոր է՝ գործի կեսից հանկարծ պարզվի, որ անհրաժեշտ հումքը չկա, դեռ չեն հասցրել ներմուծել Հայաստան այս կամ այն պատճառով, չի հասցնում արտադրել՝ ինչ-որ խափանումներ են լինում և այլն»,- ասում է Էդգար Հովհաննիսյանը:

Այդ խնդիրները լուծելու համար, ինչպես նշում է նա, եթե ֆինանսական կողմը չհաշվենք, որն առաջնահերթ կարևորություն ունի, միշտ պետք է ճիշտ պլանավորել, որովհետև ինչքան ու ինչպես պլանավորում ես գործը սկսելիս, երկու-երեք անգամ ավելի թանկ է ամեն ինչ լինում, ավելի երկար է տևում ու հետադարձն էլ ավելի ուշ ու քիչ է ստացվում, քան նախատեսել ես: Հետևաբար, պետք է պլանավորմանը լուրջ տեղ հատկացնել: Որպես կանոն, բոլոր հայերը միշտ հիանալի բիզնես գաղափարներ են ունենում, նշում է մեր զրուցակիցը, բայց վատ են կառավարում: Գաղափարներն ու բիզնես պլանները լավ են լինում, բայց ճիշտ չեն կառավարում ու ձախողում են: Ուրեմն մարդը պետք է պատրաստ լինի վարձել լավ մենեջերների, տարբեր մասնագետների, որպեսզի իր գործերն առաջ գնան:

Մեկնարկելիս ընկերությունը Նոր Հաճնից 10-15 մասնագետների է բերում, որպեսզի իրենց աշխատողներին սովորեցնեն ադամանդ տաշել: Շատ արագ՝ մոտ 1 տարվա ընթացքում մոտ 400 հոգու սովորեցնում են մասնագիտությունը: Բայց հետո, իհարկե, ոչ բոլորի ունակություններն են կարողանում օգտագործել: Պատճառները տարբեր են՝ ճգնաժամ, արտարժույթի փոխարժեքի տատանումներ և այլն:

«Մեր մեկնարկը համընկավ Հայաստանում դոլարի թուլացման հետ, ու երբ դոլարը համարյա 550 դրամից հասնում է մոտ 300 դրամի, արդեն միջազգային շուկայում դառնում ես կրկնակի անմրցունակ: Հետո՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և այլն: Մի խոսքով, մեր արտադրության ծավալները կրճատվեցին, բայց երբեք կանգ չենք առել, ինչը չափազանց կարևոր ցուցանիշ է: Հետո փոխեցինք մեր կառուցվածքային ու արտադրական մարտավարությունը: Եթե սկզբում ավելի շատ փոքր ու ավելի էժան քարեր էինք մշակում, ապա հիմա անցել ենք ավելի որակյալ ու ավելի թանկարժեք քարերի մշակմանը: Փաստորեն, մշակված քարերի ծավալները քանակի առումով նվազել են, ավելի քիչ կարատ ենք մշակում, փոխարենը՝ որակի հաշվին գինն է բարձրացել: Այսինքն՝ գումարային արտահայտությամբ մեզ մոտ ծավալներն անհամեմատ աճել են»,- ասաց Էդգար Հովհաննիսյանը:

Գործունեությունը սկսելուց 4 տարի հետո միայն՝ 2008 թվականից ընկերությունը սկսել է շահույթ ստանալ: Իսկ մինչ այդ պետք էր համբերատար սպասել: Հայաստանում ամեն ինչ էլ արժե անել, արտադրել, կառուցել, նշում է հաջողակ մենեջերը, ուղղակի պետք է հաշվի առնել պահանջարկը, ընդ որում՝ համաշխարհային պահանջարկը, քանի որ ներքին պահանջարկը փոքր է, երկարատև ու լուրջ հաջողությունների համար դժվար է հիմքեր ստեղծում:

«Ինչքանով իմ դիտարկումներն են ցույց տալիս, մեզ մոտ միշտ հիմնականում արտադրության հարցն է քննարկվում, բայց ոչ իրացման: Այնինչ, կարծում եմ, մենք պետք է արտադրենք այն, ինչը կարող ենք իրացնել: Կարծում եմ՝ մենք պետք է շատ ակտիվ օգտագործենք մեր սփյուռքի հնարավորությունները: Ամեն տեղ ունենք հայրենակիցներ, ովքեր ունեն հիանալի կապեր և կարող են մեզ օգնել իրացնելու մեր արտադրանքը: Ե՛վ մեզ կօգնեն, և՛ իրենք օգուտ կստանան: Օրինակ՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հնարավորությունները լիովին բավարար են. մենք ամբողջ ազգով, արտաժամյա էլ աշխատենք՝ չենք կարող այդ պահանջարկը բավարարել»,- նշում է նա:

Միջազգային շուկայում հաջողելու բանաձևն էլ ունի Էդգար Հովհաննիսյանը. պետք է արտադրենք այն ամենը, ինչը կարող ենք իրացնել, այսինքն՝ ինչը քիչ աշխատատար է, քիչ հումքային ու նյութատեխնիկական ռեսուրսներ է պահանջում, բայց մեծ ավելացված արժեք կարող է ստեղծել: Որովհետև մենք լրջագույն լոգիստիկ խնդիրներ ունենք, ինչը դրսում լրացուցիչ մրցակցային խնդիրներ է ստեղծում մեր արտադրանքի համար: Այս մարտավարությունը հաջողություն կբերի:






Մեկնաբանություններ - 1

Tamara     13.04.2016 Inch ashxatanqi masin e xosq@ ev axjikner el karox en dimel u sovorel?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: