Հայերեն   English   Русский  

​Ազատ ոճայինները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը


  
դիտումներ: 1106

Մարտի 8-13-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթանալու է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի հավաքականի 11 ըմբիշ փետրվարի 23-ից մարտի 6-ը Բելառուսում մասնակցում էր ուսումնամարզական հավաքին: Նրանցից միայն 6 ըմբիշ է մեկնել Ռիգա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանի ղեկավարությամբ Ռիգայում հանդես կգան Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Շամիր Աթյանը (86 կգ) և Անդրանիկ Գալստյանը (97 կգ):

Ըստ մրցաշարի ժամանակացույցի՝ մրցումային յուրաքանչյուր օրում մեդալներ են խաղարկվելու 2-ական քաշային կարգերում:

Եվրոպայի առաջնությունում պատրաստվում էր հանդես գալ նաև ազատ ոճի ըմբշամարտիկ, Հայաստանի ընտրանու առայժմ միակ օլիմպիական ուղեգիր նվաճած, 2015 թվականի աշխարհի առաջնությունում 5-րդ տեղը զբաղեցրած, գերծանր քաշային Լևան Բերիանիձեն (125 կգ): Ուսումնամարզական հավաքի ժամանակ Բերիանիձեն վնասվածք է ստացել, այդ պատճառով վրացի ըմբիշը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը:

«Քանի որ տարին օլիմպիական է և առջևում վարկանիշային մրցաշարերն են, որոշեցինք մեկնել Ռիգա: Մեզ համար ավելի կարևոր են օլիմպիական վարկանիշային մրցաշարերը»,- նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը:

Ազատ ոճի Հայաստանի հավաքականի մյուս 4 ըմբիշները՝ Վալտեր Մարգարյանը, Վարուժան Կաջոյանը, Էդգար Ենոքյանը և Մուսա Մուրթազալիևը, կշարունակեն նախապատրաստվել օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, որոնցից առաջինը տեղի է ունենալու ապրիլի 15-17-ը Սերբիայում:

Անժելա Բեգլարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: