Հայերեն   English   Русский  

Գոռ Վարդանյանի դատական նիստը հետաձգվեց. «Հրապարակ»


  
դիտումներ: 848

Դերասան, ռեժիսոր Գոռ Վարդանյանն, ինչպես և հայտարարվել էր, այսօր ներկայացել էր դատական նիստում, սակայն նիստը չկայացավ: Գործով դատախազը միջնորդություն ներկայացրեց և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, որոշում կայացրեց դատական նիստը հետաձգել մեկ ամսով:

Գոռ Վարդանյանի փաստաբան Նաիրա Պետրոսյանը դատավորին ներկայացրեց փաստաթուղթ, ըստ որի՝ Գոռ Վարդանյանը նախորդ նիստի ժամանակ հիվանդ է եղել, որի պատճառով և բացակայել է դատական նիստից: Հիշեցնենք, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշում էր կայացրել բերման ենթարկել Միջազգային դուքենդոյի և ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանին, քանի որ վերջինս չէր ներկայացել այսօրվա դատական նիստին:

Հիշեցնենք, որ 2015 թվականի փետրվարի 4-ի ուշ երեկոյան ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցի հարևանությամբ գործող Հայաստանի դուքենդոյի ֆեդերացիայի տարածքում, հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք՝ նռնակներ, լուսային ազդանշանային հրթիռներ, փամփուշտներ եւ այլն: Խուզարկությունը կատարվել է Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում: Սպանության գործով մեղադրվում է Իսրայել Սարգսյանը, ով առավել հայտնի է Իսո մականվամբ: Նա ներկայացվել է որպես «Դուքենդո» ֆեդերացիայի փոխնախագահ: Նշենք նաև, որ Գոռ Վարդանյանն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում՝ նշելով, որ այդ զինամթերքն ընդամենն օգտագործել է ֆիլմ նկարահանելու համար:

Նյութի աղբյուրը ` hraparak.am





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: