Հայերեն   English   Русский  

Ի դժբախտություն ինձ ես գազալցակայան չունեմ. Վարդան Այվազյան


  
դիտումներ: 812

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի գործունեության ծրագիրը քննարկելիս հարցով համազեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձեց ճշտել բենզինի հայաստանյան գների հիմնավորվածությունը:

Փաշինյանը հարցրեց, թե արդյոք Այվազյանի համար պարզ է, թե ինչու է Հայաստանում բենզինն էականորեն թանկ Վրաստանից, այն դեպքում, երբ վրացական ներկրողները Ռուսասատնից բենզին ներկրելիս մաքսատուրք են վճարում թե Ռուսաստանում, թե Վրաստանում, մինչդեռ հայաստանյան ներկրողներն ազատված են այդ մաքսատուրքերից:

«Գիտե՞ք, թե հայկական ընկերությունները Ռուսաստանում ինչ գնով են ձեռք բերում մեկ լիտր բենզինը»,- հարցրեց Փաշինյանը: Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ըստ Այվազյանի, որքանով է համապատասխանում իրականությանը վարկածը, թե բենզինի թանկ գինը պայմանավորված է նրանով, որ մի շարք պաշտոնյաներ գազալցակայաններ ունեն, և բենզինի գների իջեցման դեպքում վնասներ կկրեն:

«Ի դժբախտություն ինձ ես գազալցակայան չունեմ: Ո՞ւր էր ինձ էդպիսի բախտ»,- ասաց Այվազյանը: Նա նաև հավելեց, որ Վրաստանում էժան է ոչ միայն բենզինը, այլ նաև գազը:

Այվազյանը նշեց, որ իր համար էլ պարզ չէ գների նման տարբերության պատճառը և ինքն էլ ունի նույն հարցադրումները, ինչ Փաշինյանը:

Նա նաև հիշեցրեց Էներգետիկայի նախկին նախարարի պարզաբանումը, թե երկարաժամկետ պայմանագիր կա բենզինի ձեռքբերման մասին, որտեղ գինը ֆիքսված է, ինչի պատճառով էլ նավթի գների իջեցումը չի ազդում:

«Ես չգիտեմ, արդյոք մերոնք Ռուսաստանից են բենզին ներկրում: Ես այդ բիզնեսում չկամ, տեղեկություններ չունեմ»,- ասաց Այվազյանը:

«Պարզվում է, որ խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահը պիտի բիզնեսում լինի, որ հարցին տիրապետի»,- արձագանքեց Փաշինյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: