Հայերեն   English   Русский  

Խաչիկ գյուղում կենդանին հոշոտել է կով կթող կնոջը


  
դիտումներ: 892

Մարտի 21-ին, ժամը 07.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում կենդանին հոշոտել է մի գյուղացու. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ տուժածը հանդիսանում է գյուղի բնակիչ Ռ. Հ.-ը (1941 թ. ծնված), ով դեմքի և ձեռքի շրջանում ստացել է կծած-պոկած վերքեր և տեղի ուժերով հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ:

Panorama.am-ի հետ զրույցում տուժածի որդի՝ Վարդանն ասել է, որ մայրն առավոտյան ժամը 7:10-ին տանից դուրս է եկել , որ գոմ գնա՝ կովը կթելու: Կենդանին հարձակվել է միայնակ կնոջ վրա, գցել գետնին:


«Էդ պահին ոչ մեկ չի տեսել, տնեցիք չեն էլ իմացել: Գցել է գետնին: Վնասել է դեմքը, ձեռքերը: Բաց է թողել ու փախել: Հստակ չգիտենք էլ ինչ կենդանի է: Ենթադրում ենք՝ գայլ է: Խոսել չի կարողանում, հասկացնում է: Փառք Աստծո, աչքերը չի վնասվել»,-ասաց տուժածի որդին:

Այս պահին կինը գտնվում է Եղեգնաձորի բժշկական կենտրոնում: Բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել: Գիտակցություն կա, բժիշկների հավաստմամբ, կյանքին վտանգ չի սպառնում: Կնոջը պատրաստվում են Երևան տեղափոխել, անհրաժեշտ են վիրահատություններ:


Վարդանն ասել է, որ տունը հենց գյուղի կենտրոնում է, հեռու անտառներից: Խաչիկի բնակչի խոսքով, գյուղում գայլերը շատ են: Գյուղի տարածք մտնում են գիշերով, առավոտյան լքում բնակավայրը: Գյուղացիների վրա հարձակում մինչ այս չէր եղել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: