Հայերեն   English   Русский  

Կունենա՞նք առավել մասնագիտացած ավագ դպրոց. միայն խո՞սք, թե՞ նաև գործ


  
դիտումներ: 10290

Ավագ դպրոցների ներդրման մեկնարկից 8 տարի է անցել, սակայն դեռևս խոսվում է համակարգի կայացած չլինելու և այլ խնդիրների մասին: Կրթության նախարարի պաշտոնում 4-րդ անգամ նշանակվելուց հետո, Լևոն Մկրտչյանը, խոսելով կրթական համակարգի առաջնային խնդիրների մասին, մատնանշեց ավագ դպրոցները: «Ավագ դպրոցը պետք է լինի այն տեղը, որտեղ երեխան, ավարտելով 9-ամյա կրթությունը, ձեռք կբերի մասնագիտություն: Առաջին հիմնահարցը, որի վրա պետք է ուշադրություն դարձնենք, ավագ դպրոցի խնդիրն է: Պետք է հնարավորություն ստեղծել, որ այն դառնա գերազանցության կենտրոն, օգնի երեխային կյանք մտնելու»,- հայտարարեց նախարարը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ:

Այնուհետև նախարարը հանդպում ունեցավ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ 110 դպրոց-կենտրոնների տնօրենների հետ, որտեղ էլի քննարկվեց հանրակրթական դպրոցների և մասնավորապես ավագ դպրոցի խնդիրը:

«Եթե աշակերտների բացակայություններ կան ավարտական դասարանում, ապա ինչ-որ բան առարկայական ծրագրում խաթարված է: Սրա հետևանքով հասարակության մեջ դժգոհություն կա, և ավագ դպրոցի խնդիրն անդրադառնում է ընդհանուր դպրոցի հեղինակության վրա: Ցավոք, ժամանակին ամենավատ շենքերը տրվել են հենց ավագ դպրոցներին, այսինքն` թե՛ շենքային, թե՛ բովանդակային խնդիրներ կան, որպեսզի ավագ դպրոցը կայանա և որակ տա,- հայտարարեց նախարարը:- Պետք է սրա լուծումը գտնել, հստակեցնել ավագ դպրոցի առաքելությունը, որպեսզի այն չդառնա հիմնական դպրոցի մեխանիկական շարունակությունը, այլ կարողանա երեխային սովորողից դարձնել քաղաքացի, որոշում կայացնող: Ստացվում է, որ մենք անպատրաստ, դեռևս աշակերտ վիճակում նրան ուղարկում ենք բակալավրիատ, որտեղ նրան մասնագետ դարձնելու փոխարեն, սկսում են ձևավորել քաղաքացի, իսկ մասնագետ դառնալը տեղափոխվում է մագիստրատուրա: Այսինքն՝ ավագ դպրոցի չկայացման պատճառով մենք կորցնում ենք նաև մագիստրոսական կրթությունը և ողջ միասնական շղթան: Ավագ դպրոցը պետք է ունենա իր զարգացման ծրագիրը և իր ձեռագիրը»:

«Անկախը» փորձեց կրթության և գիտության նախարարությունից պարզել, թե ինչ գործողություններ են հաջորդելու նախարարի հայտարարությանը, ինչպես են ապահովելու ավագ դպրոցի առավել մասնագիտական ուղղվածությունը:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն «Անկախի» հետ զրույցում նշեց, որ նախարարի հանձնարարականն է, որ հոսքային կրթությունն ավելի լավ իրականացնեն, որպեսզի երեխաները հասնեն իրենց նպատակին, այսինքն` իրենց նախասիրությանը և ընդունակությանը համապատասխան կրթություն ստանան ու ընդունվեն բուհեր: «Այսօր դեռևս այդ խնդիրը լուծված չէ, երեխաները դեռևս խուսափում են դպրոցից կամ մասնավոր պարապմունքների են գնում: Այս առումով կարծես առաքելությունը չի կատարվում»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ քննարկում են ուսումնական պլանները բեռնաթափելու հարցը:

Նրա խոսքով` խնդիր է դրված հոսքային դասարաններում դասավանդվող հարակից առարկաները բեռնաթափել նաև ժամաքանակի առումով և հասնել նրան, որ հոսքային դասարանում սովորող աշակերտը կենտրոնանա մեծ մասամբ իր մասնագիտական առարկաների վրա:

Հարցին, թե միթե սահմանափակվելու են միայն հոսքային առարկաներով և չեն ներդրվելու առավել մասնագիտական կողմնորոշում ունեցող, դպրոցական ծրագրից դուրս առարկաներ, Հովհաննիսյանը պատասխանեց, որ դպրոցներն ունեն երաշխավորված առարկայացանկ, որը կարող են ուսումնասիրել, իսկ 12-րդ դասարանի ուսումնական պլանն էլ ճկուն է ու նման հնարավորություն ընձեռում է:

Իսկ այդ առարկայացանկում չընդգրկված ծրագրերի ներդրման համար դպրոցները ԿԳՆ-ից թույլտվություն պետք է ստանան: Օրինակ՝ Հրազդանի ավագ դպրոցներից մեկը սկսել է մեղվաբուծություն ուսումնասիրել: Հովհաննիսյանն ասում է, որ նյութատեխնիկական բազա ապահովելու համար նախարարությունը հնարավորինս աջակցում է դպրոցներին, բայց տնօրեններն էլ պետք է նախաձեռնություն ցուցաբերեն և փորձեն լուծումներ գտնել: Հրազդանի դպրոցին, օրինակ, բարեգործներն են աջակցել` ապահովելով մեղվաբուծության ուսուցման համար անհրաժեշտ պայմանները:

Մարտունու ավագ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանի խոսքով` հոսքային հիմնական առարկաներից բացի այլ առարկաների ներդրումը տեսականորեն հնարավոր է, բայց գործնականում խնդիրների հետ է կապված: Որպես հիմնական խոչընդոտ նշում է ֆինանսական խնդիրը. Ասում է, որ դպրոցը միջոցներ չունի, որպեսզի, օրինակ` 3-5 երեխայի համար հոսքային դասարան բացի, նեղ մասնագիտական առարկաներ դասավանդի: «Ե՛վ 5 հոգանոց, և՛ 15 հոգանոց դասարանի համար ուսուցիչների նույն համակազմն է պետք»,- նշում է տնօրենը: Իսկ քանի որ դպրոցները աշակերտների թվով են ֆինանսավորվում, խնդիր է առաջացնում 5 հոգանոց հոսքային դասարան պահելը:

Ավետիսյանը նշում է, որ հոսքային ուսուցման պարագայում մասնագիտական առարկաների կայացման համար կարևոր է համապատասխան նյութատեխնիկական բազայի առկայությունը: «Մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք հասարակության մեջ կյանքի կոչել ուժեղ դպրոցի գաղափարը: Բայց եթե նյութատեխնիկական բազան հագեցած չէ և դպրոցը չունի պայմաններ, այդ պրոցեսն անպայման թերի է մնում»:

Ասում է, որ Մարտունու ավագ դպրոցում, օրինակ, ունեն հրուշակագործության արհեստագործական հոսքը: Գործնական պարապմունքները կազմակերպելիս, սակայն, խնդրի են դեմ առնում. չունեն համապատասխան կահավորված դասարան, պարագաներ և այլն: Նրա խոսքով` ակնկալում են, որ դպրոցի նյութատեխնիկական ապահովվածության խնդիրը կլուծվի շենքի առաջիկայում սպասվող վերանորոգումից հետո:

«Հիմա խոսում են այն մասին, որ ավագ դպրոցների ծրագրերը ճկուն չեն: Իհարկե, համաձայն եմ, բայց այստեղ խնդիրը ֆինանսական է: Որպեսզի ճկուն դառնան այդ ծրագրերը, դպրոցներին պետք է այնքան փող տալ, որ կարողանան փոքրացնել խմբերը և երեխաների կարիքներին ընդառաջ գնալ»,- ասում է ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը` մեկնաբանելով ավագ դպրոցների հարցը: Նրա խոսքով` ծրագրեր բեռնաթափելով խնդիրը չի լուծվի, մանավանդ որ 3 տարի առաջ Արմեն Աշոտյանի հրամանագրով արդեն իսկ դպրոցական ծրագրերը 15-20 տոկոսով բեռնաթափվել են: «Եթե մի անգամ էլ ծրագրային բեռնաթափում անենք, դա կարող է հանգեցնել նրան, որ առարկայի ներսում տրամաբանության խախտման վտանգ առաջանա»,- ասում է նա:

Սերոբ Խաչատրյան

«Մեզ թվում է, թե երեխաների չսովորելու պատճառը ծրագրերի ծանր լինելն է, իսկ իմ կարծիքով՝ դա չսովորելու արդարացումն է, ոչ թե պատճառը: Իրականում խնդիրներն ավելի խորն են: Կարծում եմ, որ բեռնաթափելու փոխարեն այլ ուղի է պետք ընտրել, օրինակ` ծրագրերը և դասագրքերը գրել ավելի կենդանի լեզվով, դա շատ կարևոր է, քանի որ մեր ծրագրերը և դասագրքերը իներտ, տեխնիկական լեզվով են գրված»,- ասում է նա: Երկրորդ կարևոր քայլը, ըստ Խաչատրյանի, բարդ բաները պարզ լեզվով մատուցելու ուղիներ գտնելն է: «Երրորդ՝ կյանքից բխող մեծ, գործնական գաղափարներ պետք է վերցնենք և դրանց վրա կազմակերպենք առարկաների ուսուցումը»,- ասում է կրթության փորձագետը:

Նա նաև կարևորում է զգուշությունը, որպեսզի ավագ դպրոցները չվերածվեն մասնագիտական ուսուցման կենտրոնների:

«Եթե դպրոցի դերը 3-4 առարկայի վրա կենտրոնացնենք, աշակերտները կգնան ռեպետիտորի մոտ ու կսովորեն այդ 3-4 առարկան»,- ասում է Խաչատրյանը` հավելելով, որ դպրոցը կրկնուսույցների մակարդակի հասցնելու դեպքում կպարտվենք հենց կրկնուսույցների դպրոցին: Իսկ հաղթելու համար, ըստ մասնագետի, պետք է ընդամենը դպրոցը հետաքրքիր տեղ դարձնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: