Հայերեն   English   Русский  

​«Հայաստանում մի պարադոքս կա. արվեստը պահանջված չէ, բայց զարգանում է». Զառա Մանուչարյան


  
դիտումներ: 4794

Ապրիլի 20-ին Ժամանակակից արվեստի թանգարանում նկարիչ Զառա Մանուչարյանն արվեստասեր հասարակայնությանը կներկայացնի իր հայկական ես-ի դրսևորումը` «Սակրալ տարածքներ» շարքը: Սա Մանուչարյանի 7-րդ անհատական ցուցահանդեսն է, որը կմեկտեղի տարբեր երկրներում ստեղծված հայկական թեմատիկայով կտավները: «Սակրալ աշխարհը, որ ստեղծել եմ, ենթագիտակցության մակարդակում է, փորձում եմ 5-րդ չափողականությունը գտնել»:

Մանուչարյանը պատմում է, որ նկարչի ուղին պատահաբար է ընտրել. ընտանիքում նկարիչներ չեն ունեցել, ծնողներն էլ աղջկան երաժշտության ոլորտում էին տեսնում: Սակայն Զառայի երկարատև պնդումներից հետո ծնողները նրան նկարչական դպրոց են տանում: «Երբ տուն եկա ու ասացի, որ ուզում եմ դառնալ նկարիչ, տատիկս ասաց` նկարիչ դառնում են կա՛մ տղամարդիկ, կա՛մ դեբիլները: Ասացի` տատիկ, ես դեբիլ եմ»,- հիշում է Մանուչարյանը և հավելում, որ հետագայում ծնողների կողմից մեծ աջակցություն է ստացել:

«Արվեստի ոլորտում միայնակ գայլ եմ եղել, ո՛չ նկարիչ հարազատներ եմ ունեցել, ո՛չ էլ ընկերներ, որ ինձ ուղղություն ցույց տային: Երևի դա եղավ պատճառը, որ սկսեցի փնտրել, ամեն ինչ փորձել: Նման իրավիճակներում երկու ճանապարհ ունես` կա՛մ կկոտրվես, կա՛մ կպոռթկաս ու ոգուդ շնորհիվ կուժեղանաս: Իմ դեպքում երկրորդը եղավ»,- ասում է Մանուչարյանը:

«Երբ ավարտեցի, շատ մաքսիմալիստ էի, ուզում էի մեծ բանի հասնել: Գուցե դա էլ օգնեց: Ես նաև սկսեցի շատ ճանապարհորդել, դա ևս օգնեց»,- ասում է Մանուչարյանը: Պատմում է, որ հասկանում է` չպետք է սահմանափակվել Հայաստանով, պետք է շփվել այլ արվեստագետների հետ, ճանապարհորդել, աշխատաժողովների մասնակցել: Գերմանացի մասնագետների հետ համագործակցությամբ Հայաստանում ստեղծվում է «Կոբալտ» կազմակերպությունը, որը նպատակ ուներ կանանց համար արվեստում ինքնադրսևորվելու հնարավորություն ստեղծել: «Ինչո՞ւ հենց կանանց, որովհետև կանայք ցուցադրվելու և ներկայանալու ավելի քիչ հնարավորություն ունեն»,- ասում է Մանուչարյանը և շեշտում, որ գործունեության 9 տարիների ընթացքում «Կոբալտը» նշանակալի հետք թողեց հայ կերպարվեստի ու կոնցեպտուալ արվեստի ոլորտում:

«Ճապոնացիները նման մի ծես ունեն. պետք է դուրս գաս փողոց, բարձր գոռաս, որ բոլորն իմանան քո գոյության մասին, հետո գնաս հանգիստ քո տեղում նստես ու գործդ շարունակես: Մենք գոռացինք «Կոբալտի» գործունեության տարիներին, մեր մասին իմացան: Հետո բոլորն աճեցին, հասունացան, ու ամեն մեկը գնաց իր ճանապարհով: Ես հեռացա կոնցեպտից ու մտա ավանգարդ մոդեռն արվեստ: Իմ գործերը, որ ստեղծեցի հետո, մյուսներից կտրուկ տարբերվում էին»,- ասում է Մանուչարյանը:

Զառա Մանուչարյան

Այդ տարիներին Մանուչարյանը նաև շատ էր ճանապարհորդում: Ստացված տպավորությունների շնորհիվ ստեղծվում են հոլանդական, շվեյցարական, ֆրանսիական, գերմանական շարքերը: «Նկարիչն անընդհատ աճում է թե՛ հոգեպես, թե՛ տեխնիկապես: Եվ ահա պահ հասավ, երբ այդ ամենն ինձ այլևս բավարար չէր: Որոշեցի այնպիսի երկրներում ճամփորդել, որտեղ հայեր քիչ են լինում»,- պատմում է Մանուչարյանը: Այդպես էլ նախաձեռնվում է նրա ուղևորությունը դեպի Նեպալ, որը, կարելի է ասել, ճակատագրական է դառնում:

«Դա եղավ իմ ճանապարհը դեպի լուսավորումը, ինքս ինձ գտա այդ փնտրումների մեջ: Փաստն այն է, որ մտա արվեստանոց ու այլևս չկարողացա նկարել նախկինի պես: Նկարչի համար շատ բարդ է կյանքի ընթացքում ոճ փոխել: Իսկ ես միանգամից էքսպրեսիվ-ագրեսիվ վիճակներից անցա շատ մեղմ հատվածներով բոլորովին այլ տեխնիկական լուծումների: Դրանից մեկ տարի անց ունեցա անհատական ցուցահանդես, որը կոչվում էր «Ճանապարհ դեպի Բոդհիսաթվա»:

Տիբեթյան շարքը Մանուչարյանին մտորումների մեջ է գցում. զգում էր, որ հոգու պարտքն է նաև իր հայկական ես-ն արտահայտել: «Տուրիստական գործակալության կողքով էի անցնում, պոստերի վրա Պիզայի աշտարակն ու Կոլիզեյն էին: Մեկ էլ փայլատակեց. հասկացա, թե ինչպես կարող եմ իմ հայկական ես-ը մատուցել: Իսկ դա ոսկուն համարժեք է, գաղափարի պոչը որ բռնում ես՝ սկսում է հասունանալ, լցվել, լցվել»,- ասում է Մանուչարյանը:

Ասում է, որ դրանից առաջ սկսել էր ուսումնասիրել հայկական եկեղեցիները, դրանց հատակագծերը, սկսել էր հետաքրքիր ձևով զգալ սակրալ տարածքները, որոնք նաև ուժի կետեր են համարվում: Ուշագրավ է, որ հայկական շարքի մի մասը ստեղծվում է արտերկրում: Պատմում է, որ Բուլղարիայում ցուցահանդեսին պատրաստվելիս՝ մեծ կտավ ստեղծելու անհրաժեշտություն էր առաջացել: Հայկական համայնքը Մանուչարյանին եկեղեցում սենյակ է տրամադրում ստեղծագործելու համար: «Տարածքի ազդեցությունն էր երևի: Ուղղակի պոռթկում եղավ»,- ասում է նա:

Զառա Մանուչարյան

Նկարիչը նշում է, որ ինքը ոչ կոմերցիոն արվեստով է զբաղվում, իսկ կյանքի ապրուստ վաստակում է համակարգչային դիզայնով: «Շատ դժվար է համատեղել. մեկը մյուսին ահավոր խանգարում է, բայց հիմա սա է կյանքը»,- ասում է նա:

Խոսելով նկարչի անհրաժեշտ հատկանիշների մասին` Մանուչարյանն ասում է, որ հարկավոր է մի քիչ տաղանդ և մի քիչ աշխատասիրություն և մեծ ոգի: «Արվեստագետ լինել նշանակում է, որ քո ողջ կյանքի ընթացքում փորձելու են քեզ կոտրել. կյանքը, հանգամանքները, այլոց չկամությունը, նախանձը, մրցակցությունը: Դժվար է նաև այն իրողությունը, որ արվեստով գումար չես կարող վաստակել: Իսկ դա ընկճող է»,- ասում է Մանուչարյանը: Նշում է, որ շատ տաղանդավոր նկարիչների գիտի, որոնք թողել են արվեստը, քանի որ ապրուստ չեն կարողացել ապահովել դրանով, և գիտի նաև սակավաթիվ նկարիչների, որոնք բարձունքների են հասել ու դրանով են փող աշխատում:

«Շուկան ահավոր կոտրում է արվեստագետին՝ ենթարկելով իրեն: Բարձր պրոֆեսիոնալիզմ ունենալ և բարձր արվեստ ունենալ՝ նշանակում է կոտրել շուկան ու ենթարկել քեզ, քոնը պարտադրել շուկային, բայց հիմնականում լինում է հակառակը: Եթե ուզում ես գումար հայթայթել, տեղավորվել շուկայում, սկսում ես ստեղծել սալոնային արվեստ: Բայց չեմ մեղադրում նկարիչներին, որոնք անցնում են սալոնային արվեստին, պետք է գոյատևել»,- ասում է Մանուչարյանը:

Խոսելով հայաստանյան և արտասահմանյան արվեստագետի վիճակի մասին` ասում է, որ զարգացած երկրներում ամեն մակարդակի արվեստ իր պահանջարկն ունի: Ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանում պահանջված չէ արվեստի որևէ տեսակ ու մակարդակ: «Հայաստանում մի պարադոքս կա. արվեստը բնավ պահանջված չէ, բայց միևնույն է, զարգանում է: Ֆենոմենն այն է, որ հոգևոր դաշտում է գտնվում: Այստեղ առաջարկի ու պահանջարկի գաղափարը չի գործում»,- ասում է նկարիչը:

Զառա Մանուչարյան

Որպես խորհուրդ արվեստի ճանապարհ ընտրող երիտասարդներին, ասում է, որ սիրահարվելը և սիրելը հեշտ է, դժվար է այդ սերը կյանքի միջով տանելը: Նույնը և արվեստի պարագայում. փորձիր չհիասթափվել, չկոտրվել, արվեստը միշտ դեպի վեր տանել:

«Ու կարևորը, հստակ հասկացիր, թե ինչպես ես կողքից փող աշխատելու, որովհետև վատ կտավի վրա անորակ ներկերով լավ գործ չես ստեղծի: Սուտ է, որ նկարիչը պետք սոված ու աղքատ լինի ու ստեղծագործի: Վատ կտավի վրա վատ նկար կնկարես, անորակ ներկով վատ նկար կստանաս: Իսկ այդ ամենը ֆինանսական միջոցներ են պահանջում: Այո, փողոցային արվեստից սկսող նկարիչներ կան, բայց չես կարող փողոցում մնալ. վաղ թե ուշ պիտի դուրս գաս»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: