Հայերեն   English   Русский  

​Հայրության որոշման պետական գրանցումը (մաս 2)


  
դիտումներ: 4804

Նախորդ համարում կանգ էինք առել այն հարցի քննարկման վրա, թե ինչպես է իրականացվում հայրության որոշման պետական գրանցումը երեխայի՝ ամուսնության մեջ չգտնվող հոր և մոր համատեղ դիմումի հիման վրա: Այս հարցի կապակցությամբ նշել էինք, որ համատեղ դիմումը ներկայացվում է ՔԿԱԳ մարմին երեխայի ծննդի պետական գրանցման ժամանակ կամ դրանից հետո, իսկ բացառիկ դեպքերում նաև մոր հղիության պահին, եթե հիմքեր կան ենթադրելու, որ երեխայի ծննդի պետական գրանցումից հետո հայրության որոշման համատեղ դիմում տալը կարող է անհնարին կամ դժվար լինել:

Համատեղ դիմումի էությունն այն է, որ դրանում պետք է հաստատվի՝

- երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի (հոր) կողմից հայրության ճանաչման փաստը, այսինքն՝ հայրը դիմումում պետք է հայտարարի, որ իրեն ճանաչում է որպես երեխայի հայր,

-երեխայի մոր համաձայնությունը՝ հայրության որոշմանը:

Բացի նշված հանգամանքներից, համատեղ դիմումում պետք է ներառվեն նաև՝

  • իրեն երեխայի հայր ճանաչող անձի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (դիմողի ցանկությամբ), ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը.
  • երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, ծննդյան վայրը և ժամանակը, ինչպես նաև նրա ծննդի ակտի գրառման տվյալները.
  • երեխայի մոր անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (դիմողի ցանկությամբ), ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը.
  • ամուսնության ակտի գրառման տվյալները (երեխայի ծնվելուց հետո նրա մոր և հոր ամուսնության դեպքում).
  • հայրության որոշումից հետո երեխայի անունը, հայրանունը, ազգանունը.
  • երեխայի հոր և մոր անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.
  • երեխայի ծննդյան վկայականը, եթե հայրության ճանաչումը տեղի է ունենում երեխայի ծննդից հետո:

Ե՞րբ է իրականացվում հայրության որոշման պետական գրանցումը երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող հոր դիմումի հիման վրա:

Պատասխան: Մոր մահվան, նրան անգործունակ ճանաչելու, մոր գտնվելու վայրը պարզելու անհնարինության, մորն անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի, ինչպես նաև հայրության որոշման մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնության առկայության դեպքերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: