Հայերեն   English   Русский  

​Ինչպիսի՞ն կլինեն Հայաստան - Իրան - Եվրասիական տնտեսական միություն զարգացումները


  
դիտումներ: 2974

Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերացնելուց հետո Հայաստանի համար համագործակցությունն ընդլայնելու մեծ հնարավորություններ են ի հայտ եկել: Ուստի, տնտեսագետներն իրենց դիտարկումներն են անում՝ կանխատեսելով հնարավոր զարգացումները:

Համագործակցության ի՞նչ ծրագրեր ու հեռանկարներ կան Հայաստան-Իրան-Եվրասիական տնտեսական միություն շրջանակներում:

Ի դեպ, ՀՀ նախագահի հետ քննարկումների ժամանակ հատուկ շեշտադրում է արվել իրանական հատվածի հետ հարաբերություններն ընդլայնելու մասին: Առաջարկ է հնչել կազմակերպել իրանական տոնավաճառներ, ցուցահանդեսներ և մի շարք պայմանագրեր կնքել իրանական ձեռնարկությունների հետ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով այս թեմային, որոշ դիտարկումներ ու կանխատեսումներ է արել՝ ելնելով տնտեսական մարտահրավերներից:

«Այսօր տնտեսության համար կարևոր թեմաներից են Հայաստան - Իրան - Եվրասիական տնտեսական միություն հնարավոր զարգացումները և Հայաստանի մոտեցումն այս գործընթացներին: Մենք կարևորում ենք Հայաստանում համատեղ արտադրության կազմակերպումը և արտահանումը, ինչպես նաև հայաստանյան ընկերությունների ուղղակի ներգրավումը իրանական շուկայում: Ելնելով դրանից` մենք իրանական կողմին առաջարկել ենք մի խումբ ապրանքատեսակների ցանկ, որպեսզի իջեցված մաքսադրույքային կանոն սահմանվի՝ թույլ տալով, որ հայկական ապրանքները ցածր և նախընտրելի մաքսադրույքով մուտք գործեն Իրանի շուկա: Դրանից բացի, առաջարկել ենք, որ Հայաստանը դիտարկվի իրանական և եվրոպական կապիտալի կենտրոնացման վայր` հնարավորություն տալով ստեղծելու եվրոպական տեխնոլոգիաների և իրանական կապիտալի մասնակցությամբ համատեղ ձեռնարկություններ», - նշել է նախարարը:

Նրա տեղեկացմամբ՝ առաջիկայում սպասվում են Իրանում հայկական ապրանքների և Հայաստանում իրանական ապրանքների ցուցահանդեսներ: Ըստ Արծվիկ Մինասյանի` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 5 ձեռնարկություն արդեն մուտք է գործել իրանական շուկա և բարեհաջող գործում է: Ոչ պակաս կարևոր է զբոսաշրջության ոլորտում քայլեր ձեռնարկելը և նպաստավոր պայմաններ ստեղծելը Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկների համար: Առաջիկայում նախատեսվում է հանել Իրանից Հայաստան եկող ավտոմեքենաների համար սահմանված տուրքը:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով՝ ժամանակն է Իրանի հետ համատեղ արտադրանք ստեղծել և դուրս գալ երրորդ շուկաներ` ԵԱՏՄ, ԵՄ: Հայաստանի օրենսդրությունը բարենպաստ պայմաններ է ընձեռում, ինչպես նաև՝ արտոնյալ բարենպաստ ռեժիմներ: «Հայաստանը շահեկան կարգավիճակ ունի, ինչը իրանցիներին լայնածավալ արտահանում իրականացնելու հնարավորություն կտա: Գործարարներին հետաքրքրում են մի շարք ոլորտներ` մեքենաշինություն, հաստոցաշինություն, ոսկերչություն, սննդի վերամշակում, տեղեկատվական տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա և այլն»,- ասաց Արսեն Ղազարյանը՝ հավելելով, որ սրանք այն ոլորտներն են, որոնցում իրանցիները որոշակի ձեռքբերումներ ունեն և կիրառելով մեր երկրի գիտական ու արտադրական պոտենցիալը՝ կարող են մեծ հաջողություններ ունենալ:

Հայաստանի տնտեսության գերխնդիրը նոր մեծածավալ օտարերկրյա ներդրումների ներգրավումն է և ծավալների մեծացումը: Անհրաժեշտ է շրջանառության մեջ դրված օտարերկրյա ներդրումների մասին օրենքը մշակել այնպես, որ տարածաշրջանում լավագուն ներդրումային օերնսդրությունն ունենանք մրցակցության դաշտը կատարելագործելու տեսանկյունից:

Արսեն Ղազարյանի կարծիքով՝ Հայաստանում գործարարության հիմնական նպատակը ներդրումների ներգրավումն է, հավաքվող հարկերի մեծացումը և զինված ուժերի ամրապնդումը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է դիտարկի Հայաստան - ԵԱՏՄ - Իրան համագործակցության հնարավորությունները: Ըստ նրա՝ այսօր Իրանի և Հայաստանի միջև տարեկան արձանագրվում է 340 մլն դոլարի առևտրաշրջանառություն, սակայն համագործակցությունն առավել ակտիվացնելու դեպքում այդ ցուցանիշը կարող է հասնել մի քանի մլրդ-ի:

«Առանձին շեշտադրված է ազատ առևտրի տնտեսական գոտիների հարցը, իսկ Հայաստանը նման տարածքներ ունի: Մեղրիի տարածքում ունենք ազատ առևտրի տնտեսական գոտի: Երկու երկրների համագործակցության ներուժը բավական մեծ է, և պետք է այն իրացնել: ԵԱՏՄ-ի շուկան սպառման շուկա է, իսկ Իրանը լայնածավալ առաջարկություններ ունի ապրանքների շուկայում: Մենք կարող ենք լավագույն հնարավորություններ ընձեռել՝ նրանց արտադրական հզորությունները ներդնելով մեր երկրում առանց մաքսատուրքի»,- նշեց Վարդան Այվազյանը:

Իրանցի գործարարներն իսկապես հայկական կողմի հետ համագործակցելու, նաև ռուսական շուկա դուրս գալու մեծ ցանկություն ունեն: Դրա մասին փաստեց Հայ-իրանական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը:

Լ.Ն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: