Հայերեն   English   Русский  

Փող և մուրաբա բաժանողները ազգի դավաճան են հանում փող և տուկի թել բաժանողներին, իսկ նրանք՝ փող և ատամի պրոթեզ բաժանողներին. Փաշինյան


  
դիտումներ: 1717

«Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ մի շարք զարմանալի բաներ տեսանք ու լսեցինք»,-ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Ընտրակեղծարարների երկարամյա դիվանագիտական ժամապահը, (խմբ՝ Վարդան Օսկանյան) որ երկար տարիներ զբաղված է եղել կեղծիքների հետքերը միջազգային հարթակներում մաքրելով՝ ողբ է անում 20-ամյա ընտրակեղծարարության կապակցությամբ»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա, ամենահետաքրքիրն այն է, որ նախկինում շատ բարձրաստիճան մարդիկ են ամենաշատը բողոքում կեղծիքներից, մինչդեռ իրենց պաշտոնավարման ժամանկներում կեղծիքների կազմակերպիչ և մասնակից են եղել, և դրանք արձանագրող լրագրողների դեմ անձամբ են հետապնդումներ իրականացրել, նույնիսկ խաղաղ ցուցարարների մահվան դատավճիռներ հրապարակել:

«Այն ժամանակ, երբ ընտրությունները կեղծելու արդյունքում արտոնություններ, ծառայողական ավտոմեքենաներ, կաբինետներ, զանազան ճանապարհներով փողեր աշխատելու և լվանալու հնարավորություն պիտի ստանային, բողոքներ չունեին, իսկ երբ նույն կարգի ընտրակեղծիքների արդյուքնում այդ ամենից զրկվել են, սկսել են ընտրակեղծիքների դեմ պայքարող Ալեքսանդր Մատրոսով դառնալ»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա Շարմազանովին կոչ արեց չշտապել, քանի որ քաղաքական զարգացումների հարց է, թե արդյոք ինքն էլ Օսկանյանի պես «լալահառաչ կահազանգի 2003, 2008, 2013 թվականի նախագահական ընտրությունների և 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղ գտած զանգվածային և աղաղակող կեղծիքների մասին»:

Փաշինյանին զարմացնում է նաև այն, որ ընտրություններում փող և մուրաբա բաժանողները ազգի դավաճան են հանում փող և տուկի թել բաժանողներին, իսկ փող և տուկի թել բաժանողները դատափետում են փող և ատամի պրոթեզ բաժանողներին:

Անդրադառնալով Հրազանի ընտրություններին՝ Փաշինյանը նշեց, որ չնայած ԸՕ-ը կարևոր փաստաթուղթ է, բայց՝ գերագնահատված, ավելի կարևոր են այն հարակից գործոնները, որոնք հուն են ստեղծում ընտրական օրենսգրքի և քաղաքական պրոցեսի համար: Հրազադանում, ըստ նրա, չի հաջողվել կանխել ընտրակաշառքի ազդեցությունը քվեների վրա, քանի որ քաղաքացին չի հավատացել ամեն ձայնը պահելու խոստմանը, քանի որ «Օսկանյանի 20 տարվա ընթացքում բոլոր ընդդիմությունները խոստացել են պահել ձայները, բայց չեն կատարել»:

«Մարդիկ նախընտրեցին հավատալ 20 տարվա փորձին: Փորձ ունեցող տառապանքը զորեղ գտնվեց, բայց Հրազդանում տեղի ունեցածը կարևոր է, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցույց տվեց, որ ամեն քվեն պահելը ցնորք չէ, այլ իրականություն և դա լավ հենք է ապագայի համար»,-ասաց պատգամավորը:

Փաշինյանը նկատեց, որ 2017թվականին մարդիկ որոշելու են փոփոխության օգտին քվեարկել և ձայն տալ ընդդիմությանը, բայց այստեղ քաղաքացին խնդրի առաջ է կանգնելու, թե բազմաթիվ ու բազմապիսի ընդդիմություններից որն է այն ընդդիմությունը, որին պետք է ձայն տալ:

«Քանի որ Հայաստանում էնքան սորտի ընդդիմություն կա, որքան Ֆրանսիայում պանրի տեսականի: Բայց իմ կարծիքով գնալով այդ պանրից ավելի ու ավելի վատ հոտ է գալիս: Իմ համոզմամբ բազմաթիվ ընդդիմությունների ինստիտուտը պետք է վերանա և քաղաքացու համար պետք է կոնկրետ լինի, թե ով է ընդդիմությունը: Հայաստանին պետք է մեկ ընդդիմություն: «Քաղաքացիական պայմանագիրը» գործելու է այս մեկ ընդդիմությունը դառնալու ուղղությամբ, քանի որ առանց ընդդիմության հարցի ճշգրտման իշխանափոխությունն անհնար է լինելու»,-հայտարարեց Փաշինյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: