Հայերեն   English   Русский  

Զոհված զինծառայողների ընտանիքները պետական աջակցություն կստանան


  
դիտումներ: 790

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը նշել է. «Եթե հիշում եք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլի 1-5-ը տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական հարցերի ուսումնասիրության համար տվել էինք հանձնարարական պարոն Ասատրյանին: Ես խնդրում եմ ներկայացնել կառավարությանն այդ միջոցառումների և ուսումնասիրության արդյունքները»:


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ այդ նպատակով ՀՀ վարչապետի 2016 թվականի ապրիլի 7-ի համապատասխան որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների ներկայացուցիչներից, որի կողմից մշակվել և հաստատվել է զոհված զինծառայողների ընտանիքների կարիքների գնահատման մեթոդաբանությունը: «Աշխատանքները կազմակերպվել են հաշվի առնելով ժամանակի սղությունն ու իրավիճակի առանձնահատկությունները: Անմիջական աշխատանքներն ընտանիքների հետ իրականացվել են տեղերում ձևավորված խմբերի կողմից, որում ընդգրկվել են ՀՀ մարզերում և Երևանում սոցիալական աջակցության տարածքային մարմինների, ՀՀ մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի), համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի և տարածքային զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչները:

Ընտանիքների սոցիալական կարիքների նախնական գնահատումը վերաբերել է ընտանիքի կազմին, ընտանիքի անդամների առողջական խնդիրներին, ուսման հետ կապված հարցերին, ինչպես նաև զբաղվածության առկա իրավիճակին և հնարավոր ու ցանկալի զարգացումներին: Միաժամանակ, ուսումնասիրվել են ընտանիքների կոմունալ-կենցաղային հարմարությունները և այլ տվյալներ:
Ուսումնասիրվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլի սկզբներին տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված 64 զինծառայողների ընտանիքներ:
Ըստ բնակության վայրի` Երևան և ՀՀ 9 մարզեր:
Ստորև ներկայացվում է 64 զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքների ընդհանուր տեղեկատվությունը, առկա է նաև նրանցից յուրաքանչյուրի սոցիալական կարիքների գնահատման տեղեկանքը` ներառյալ առաջնահերթ համարված առաջարկություններով:
Ուսումնասիրված ընտանիքներից
1. Անչափահաս երեխա ունեցող ընտանիքներ
Մինչև 18 տարեկան երեխաներ ունեն 10 ընտանիքներ: Երեխաների թիվը կազմում է ընդամենը 17:
2. Ուսանող ունեցող ընտանիքներ
Զոհված 15 զինծառայողների ընտանիքներում կան ուսանողներ:
3. Զբաղվածություն և աշխատանքի կարիք
Զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր զբաղված չեն ցանկություն են հայտնել աշխատել: Որոշ դեպքերի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման դեպքում ընտանիքը կզբաղվի գյուղատնտեսական գործունեությամբ:
4. Առողջական խնդիրներ ու բժշկական օգնության և սպասարկման կարիք
Զոհված զինծառայողների ընտանիքների որոշ անդամներ ունեն առողջական խնդիրներ, բժշկական հետազոտության կարիք, որոշները` վիրահատության կարիք, ինչպես նաև` հոգեբանական ծառայության:
5. Վարկային պարտավորություններ, կոմունալ վարձավճարների հետ կապված կարիքներ
Զոհված զինծառայողների ընտանիքների մի մասն ունեն նաև վարկային պարտավորություններ, իսկ որոշ ընտանիքներ` նաև կոմունալ վճարումների դիմաց:
6. Պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմում ծառայողի առկայություն
Զոհված 3 զինծառայողների եղբայրները պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներ են:
Պարոն վարչապետ, ընդ որում ուզում եմ տեղեկացնել, որ նշված ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հարցերը ի սկզբանե գտնվել են նաև ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և տվյալ տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրության կենտրոնում, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության և պաշտպանության բանակի կողմից, ինչպես նաև մեր բազմաթիվ հայրենակիցների և կազմակերպությունների կողմից նշված ընտանիքներին տրամադրվել են և շարունակում են տրամադրվել դրամական օժանդակություններ: Ընդ որում, պետք է նշել, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է նաև 2 մլն դրամ ապահովագրական վճար` մարտական գործողությունների ընթացքում զոհվելու դեպքում, ինչպես նաև 1.4 մլն դրամ հուղարկավորության կազմակերպման և 700.000 դրամ գերեզմանների բարեկարգման համար, որոնք վճարվում են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, իսկ ընտանիքների անաշխատունակ անդամներին նշանակվում են ամսական վճարվող կենսաթոշակներ և պարգևավճարներ` օրենսդրությամբ սահմանված չափերով:
Այս ընթացքում մեր բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպություններ շարունակում են պատրաստակամություն հայտնել` օգնության ձեռք մեկնելու նշված ընտանիքներին: Եվ այս գործընթացները առավել նպատակային և հասցեական դարձնելու համար առաջարկում ենք դնել համակարգային հիմքերի վրա` ընդգրկելով «սոցիալական աշխատողի» ինստիտուտը:
Աշխարհազորայինների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների իրականացումն ապահովող ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը դրվել է պաշտոնական շրջանառության մեջ:
Միաժամանակ, նախնական ուսումնասիրություն է կատարվել նաև մարտական գործողությունների հետևանքով վիրավորված և տարբեր բուժհաստատություններում բուժվող զինծառայողների կարիքները, որի շրջանակներում կատարվել է այցելություն 7 հիվանդանոց: Բնականաբար նրանք բոլորը ստանում են շատ բարձրակարգ ծառայություններ մեր առողջապահական հաստատությունների և բժիշկների կողմից, և նախատեսում ենք մեր ուշադրության կենտրոնում պահել նրանց` հետագա սոցիալական ծառայությունների տրամադրումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար»,-նշել է նախարարը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս ուսումնասիրության արդյունքների շրջանակում նախապատրաստվել են վարչապետի մի շարք հանձնարարականներ, որոնք գրավոր կուղարկվեն բոլոր նախարարություններին, գերատեսչություններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: