Հայերեն   English   Русский  

Դարի ու քարի արանքում


  
դիտումներ: 1529

Հունիսի 13-ին կլրանա Շահումյանի անկման 21 տարին: XXI դարաշեմին 16 հազար հայ բնակիչ հայտնվեց դարի ու քարի արանքում: Նույնքան բեկված ճակատագրեր, պատմությանը դեռ անհայտ ու չընթերցված էջեր: Տարօրինակն այն է, որ Շահումյանն ընկավ, երբ մեկ ամիս առաջ ազատագրել էինք Շուշին, և այդ օրը «Գետաշեն» օպերացիան իրականացնելու խնդիր էր դրված:

Վերինշենցի Գրետա Զարգարյանի հետ իմ հանդիպման առիթը, բնականաբար, Շահումյանի գաղթի հազար ու մի ինչուների պատասխանն ունենալն էր: Իսկ պատասխանը երկար է, սկսվում է ծննդավայրի հուզական նկարագրությամբ և այն թողնելու դրվագներով:

Վերինշենը շրջանի ամենամեծ գյուղն էր և մինչ բռնագաղթը 7,5 հազար բնակիչ է ունեցել: Աչքի է ընկել իր գեղեցիկ առանձնատներով, հրաշալի մարդկանցով, բարեկեցիկ ապրելակերպով ու ազգայնականությամբ: Իսկ զրուցակիցս, ինչպես հետո պարզվեց, հետաքրքիր կյանքի ուղի անցած մի տիկին է, բազմանդամ ընտանիքի զավակ: Երեք քույր ու եղբայր էին ու անշուշտ պիտի արմատավորվեին իրենց սիրելի Վերինշենում, եթե չարաբաստիկ բռնագաղթը չլիներ:

Ավարտել է գյուղի դպրոցը, միջնակարգ-մասնագիտական կրթությունը` Երևանի կոոպերացիայի տեխնիկումում ստացել, իսկ բուհն ավարտել է Մոսկվայում` ստանալով տնտեսագետի որակավորում: Այնուհետև գլխավոր տնտեսագետ է աշխատել Շահումյանի շրջկոպում և Ագրոարդում: Իսկ 1991 թ., երբ վերջապես սկսվեց շրջանի գազաֆիկացումը, որպես գլխավոր հաշվապահ աշխատեց այդ գրասենյակում, բայց, ցավոք, գործընթացը դեռ չսկսված ավարտվեց: «Չգիտեմ` ինձ ինչպես կհասկանաք, յուրաքանչյուր ազգի մեջ երբեմն շատ անհաղթահարելի գործոններ են լինում, առավել ևս, երբ շատ այլազգիներով ես շրջապատված ու փոքրամասնություն ես, փոքր շրջան, որը քարտեզի վրա երբեք նշված չի եղել, բայց միշտ անկախ է եղել: Միակ բացն այն էր, որ դպրոցներում հայ ժողովրդի պատմություն չէր ուսուցանվում»,- խոստովանում է տիկին Գրետան: Թեև աշխատանքային դժվարություններ, հակասություններ վերադասի հետ միշտ են ունեցել, բայց անարդարությունների դեմ ընդվզելով, ըստ զրուցակցիս, հաջողվել է որոշ խնդիրներ լուծել, միշտ բողոքել են մարզի պակաս ֆինանսավորումից:

Երբ 1962 թ. փակեցին «Նոր ուղի» օրաթերթը, հայության ճնշման, ցույցերի ներքո այն կրկին բացեցին: Ավելին ` շրջանը Երևանից միշտ ստացել է հայկական թերթեր, ամսագրեր, հայալեզու հարուստ գրականություն: Այս ավանդույթը շարունակվել է նաև շարժման տարիներին, երբ տ-ն Գրետան էր արդեն ղեկավարում «Հայմամուլը»: Հաճախ էր ուղղաթիռով Երևան գալիս ու տանում անհրաժեշտը:

Թեև Վերինշենին հարևան թուրքաբնակ մի քանի մեծ գյուղ եղել է, սակայն նրանից ավելի բարձր դիրքում գտնվող ու դեպի Մռավը ձգվող թուրքաբնակ Բալուղայան և Բաշղշլաղը Վերինշեն գյուղական համայնքի կազմում էին: Հայկական բնակավայրը, սահմանակից լինելով Կասմիր Իսմայելովի շրջանին, Լեռնային Ղարաբաղի հետ տրանսպորտային ճանապարհ չի ունեցել: Իսկ Ստեփանակերտ հասնելու համար հայը Իսմայելովից Եվլախ, Աղդամ, նոր միայն Ստեփանակերտ պիտի հասներ:

ՇԱԲԱԹՆ ՈՒՐԲԱԹԻՑ ՇՈՒՏ ԿԱՎ

88-ի շարժումը շրջանի վիճակն ավելի վատացրեց: Թե 4 տարի ինչպես դիմակայեցին, մեկ Աստծուն ու մեկ էլ շահումյանցուն է հայտնի. «Շրջանն ուներ իր պաշտպանական ջոկատը, որը ղեկավարում էր իմ գործընկեր Շահեն Մեղրյանը: Երբ նա համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետն ավարտեց, որոշ ժամանակ ինձ մոտ աշխատեց, հետո` կոմերիտմիության առաջին քարտուղար դարձավ, պահածոների գործարանի տնօրեն: Երբ շարժումը սկսվեց, Բաքվից մի ռուսախոս հայի՝ Ռուդոլֆ Միրզոև անունով, նշանակեցին որպես առաջին քարտուղար, որը մեզ շարունակ հանդարտեցնում էր, թե` սպասեք մինչև Ղարաբաղի հարցը լուծվի, դուք մեխանիկորեն նրան կմիանաք: Բայց ժողովուրդն ինչի՞ն սպասեր կամ ո՞ւմ սպասեր, եթե չսատարեին ղարաբաղյան շարժմանը»,- ասում է Գրետան ու հավելում, որ Ժողովրդի ճնշման ներքո Միրզոևը հեռացավ իշխանությունից, նրան փոխարինելու եկավ Շահեն Մեղրյանը` միաժամանակ ղեկավարելով ողջ շրջանի ինքնապաշտպանությունը:

1992 թ. հունվարի 13-ին առաջին գրադը խփեց շրջկենտրոնին: Կրակի բաժին չդառնալու համար մարդիկ շարունակ ապահով վայր էին փնտրում, երեխաներին երբեմն Ստեփանակերտ տեղափոխում, շատերն էլ՝ բլինդաժներում լուսացնում: Միակ ապահով վայրը Գյուլիստանն էր ու Վերինշենի այն թաղամասերը, որոնք մեջքով սարին էին հենված: Գյուղի կենտրոնով Ղարաչայ գետն էր հոսում: Թեև Մանաշիդի բարձր սարը Վերինշենը պաշտպանում էր թուրքի ռմբակոծումից, բայց 13-ի գիշերը Բուզլուխի կողմից գյուղն այնքան ուժգին ռմբակոծեցին, որ արկերը, սարին դիպչելով, հրավառության պես պայթում էին: «Երեխաներին հանգստացնում էինք, թե հրավառություն է, մի վախեցեք»,- հիշում է զրուցակիցս: Մինչդեռ մեծերն էլ համոզված էին, որ Գետաշեն մտնող մեր տղաներին են ռմբակոծում, քանի որ լուսաբացին մերոնք Գետաշեն պետք է մտնեին: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ:

Գրետա Զարգարյան

88-ից Վերինշենը հոսանքազրկված էր: Հունիսի 13-ին գյուղի առավոտը ուժգին ռմբակոծություններով սկսվեց, ինչն էլ խուճապի մատնեց բնակիչներին: Շատ չանցած՝ Հայ Պարիս գյուղի ժողովուրդը, անկողինները անասուններին բարձած, սարերով Վերինշեն հասավ: Գյուլիստանի անտառ տեղափոխվելու և այնտեղ մնալու որոշում կայացվեց, մինչև Հայաստանից օգնություն կգար: Զրուցակիցս անձամբ է լսել, թե Շահեն Մեղրյանն ինչպես էր խնդրում, որ ժողովրդին գոտեպնդելու համար գոնե մեկ «Կոբրա» ուղղաթիռ ուղարկեն,որ աչքներով տեսնեն ու զգան` իրենց պաշտպանող կա:

Գյուղից հեռացողների այս խումբը Նապատ չհասավ: Գիշերը լուսացրին Գյուլիստանի անտառում, որովհետև տ-ն Գրետայի Արկադյա փեսան, որ զենք- զինամթերք էր տեղափոխում և տեղյակ էր շտաբի պլաններին, հուսադրում էր, որ Նապատ հասնելու կարիք չկա, որովհետև շուտով գյուղ են վերադառնալու: Մնում են ու տեսնում, թե իրենց տներն ինչպես են թալանում խաշնարածները: Իսկ առավոտյան, երբ տեսան, թե մեր ԲՄՊ-ներն ինչպես թողեցին դիրքերն ու Գյուլիստան հասան, նոր միայն Նապատ շարժվեցին: Մինչ այդ մերոնք բուլդոզերով Կարաչինար գյուղի սարերով նեղլիկ ճանապարհ էին բացել, որպեսզի ժողովուրդը գոնե Թալիշ հասնելու հնարավորություն ունենար: Վտանգավոր ճանապարհ էր, բայց այն փրկության արահետ եղավ հազարավորների համար, որոնք 3 օր ու գիշեր քայլեցին ինքնամոռաց՝ մի գետը 13 անգամ աջ ու ձախ կտրել-անցելով: Այս ու այնտեղից աղեկտուր ձայներ էին լսվում, հուսահատ ճիչեր, հարազատների փնտրտուք: Եթե շատ շահումյանցիներ, որպես սուրբ մասունք իրենց հետ տարան այնքան հող, որքան կպել էր ոտնամաններին, ապա Գրետան այդ «բարեբախտությունն» էլ չունեցավ, որովհետև ինքը դիմացավ ճանապարհի դժվարություններին, իսկ ոտնամանները՝ ոչ: Կես ճանապարհը ստիպված էր ոտաբոբիկ անցնել:

Երբ մտան Մարտակերտ, Չայլուն ու Լուլասազն արդեն վառվում էին: Հունիսի 16-ին դատարկվեց նաև Այգեստանը (Չայլու): Գիշերը լուսացրին Երեք մանկուք եկեղեցում: Քարավանի անվտանգությունը, իհարկե, ապահովում էին հայ մարտիկները, հետախույզները` նախապես ստուգելով, հետախուզելով անցնելիք ճանապարհի անվտանգությունը: Հասան Հաթերք, որտեղ կռիվն ու սոդոմ-գոմորը դեռ նոր պիտի սկսվեին:

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ «ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ»

Որոշ ժամանակ մնացին Ստեփանակերտում, քանի որ տուն վերադարձի հույս դեռ փայփայում էին, հետո Շուշի գնացին, որպեսզի ժամանակավոր մի կացարան գտնեին, բայց բոլոր բնակարաններն արդեն զբաղված էին: «Ավտուբուսով մեզ Երևան բերին, սակայն Գորիսում Վանո Սիրադեղյանը մեզ արգելեց Հայաստան մտնել ասելով, թե հայաթափում ենք Ղարաբաղը: Տեղատարափ անձրևի տակ ավտոբուսները կրկին Լաչին վերադարձան»,- հիշում է տ-ն Գրետան: Երբ հաջորդ օրն այդ խմբերին միացավ նաև Մարտակերտի ժողովուրդը, Երևան վերադարձի ճամփան, որքան էլ Սիրադեղյանը չցանկանար, արդեն անխուսափելի էր: Հիմա ինչպե՞ս չասես` մտահոգվելու փոխարեն լավ կլիներ` Շահումյանը պահելու ցանկություն դրսևորեիք, որպեսզի շահումյանցիք այդպես ցիրուցան չլինեին աշխարհով մեկ ու նոր գերեզման չփնտրեին օտարության մեջ: Ինչպես զրուցակցիս պատերազմի վետերան երկու եղբայրները, որոնց գաղթի ճամփաները հեռավոր Կալինինգրադ հասցրին: Նրանք այդ քաղաքի պատվավոր քաղաքացի դարձան ու շիրիմ գտան այդ օտար հողում:

Կյանքը շարունակվում է: Շատ է պատահել` Գրետան մտքերով տարված երթևեկել է երևանյան փողոցներում, բայց մտովի քայլել է իր Վերինշենով, որտեղ ոչ միայն իր հայրական տունը, մանկությունն ու երիտասարդությունը մնաց, այլև ծնողների, հարազատների շիրիմները, որոնց հոգիների հանգստության մոմը միշտ վառում է Սբ. Սարգիս եկեղեցում:

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ…

Լուսանկարից մեզ նայող երիտասարդը Գրետայի քրոջ որդին է, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Ֆուրման Գյորգյանը: Ծնվել է 1973 թ. օգոստոսի 28-ին, զոհվել 1992 թ. սեպտեմբերի 29-ին Գյուլիստանի մոտակայքում:19-ամյա այս պատանին դեռ 8-րդ դասարանից է եղել Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից: Անգամ ուսանող դառնալը նրան չկտրեց այդ «հիվանդությունից»: Երկու տարի անընդմեջ, հունվարյան քննությունները հանձնելուց հետո, պարտադիր գյուղ էր վերադառնում և ինքնապաշտպանական ջոկատների կազմում տարբեր մարտական գործողությունների մասնակցում:

Այդպես եղավ նաև 1992 թ. մայիսյան քննությունները հանձնելուց հետո, երբ իր ընտանիքն ու հարազատներն արդեն Երևանում էին: Միևնույն է, նա կրկին Ղարաբաղ վերադարձավ: Շահումյանն արդեն ընկած էր, և Շահեն Մեղրյանը, պարտիզանական ջոկատներ կազմելով, փորձում էր հետ բերել կորցրածը: Միացավ այդ ջոկատներին: 1992 թ. սեպտեմբերի 29-ին Գյուլիստանի մոտակայքում, հատուկ առաջադրանքի ուղարկված ուղղաթիռի վթարից զոհվեց 19-ամյակը նոր բոլորած խիզախ պատանին, որ սեպտեմբերին ոչ թե հատուկ առաջադրանք կատարելիս պիտի լիներ, այլ համալսարանի լսարանում: Մայր բուհն այսօր հերոսի անվան լսարան ունի:

Թաղված է Եռաբլուրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: