Հայերեն   English   Русский  

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՄԻՋՈՑ


Արծրուն Պեպանյան


  
դիտումներ: 1530

Ժամանակներ առաջ հրապարակավ քննելով ազգային վերափոխման և ինքնակազմակերպման հնարավոր տարբերակները, խոսեցի այն մասին, որ քաղաքագիտության մեջ կա յուրահատուկ մի մոտեցում, որը որպես ազգային վերափոխմանը նպաստող տարբերակ քննում է պատերազմը:

Պատերազմը արմատական ազդեցություն է ունենում ժողովրդի գրեթե բոլոր շերտերի վրա, սպառնացող համընդհանուր վտանգը որոշակիորեն փոփոխության է ենթարկում մարդկանց մտածողությունը, ընդլայնվում են Մենքի սահմանները, և խելամիտ ընտրանին, ունենալով ազգային վերափոխման տանող քայլերի մշակված համակարգ, կիրառում է դրանք ու հասնում էական հաջողությունների, ինչն անելը, որպես կանոն, դժվար կամ անհնարին է լինում խաղաղության պայմաններում:

Բարձրաձայն արված իմ այդ մտորումները ցասումի փոթորիկ հարուցեցին որոշ շրջանակներում, և քաղաքական դաշտը չլսելու տվեց առաջարկս՝շարունակելով հեղափոխական ինքնաջախջախման էքսպերիմենտը:


Եվ ահա պատերազմի ուղտը չոքեց մեր դռանը՝ հակառակ մեր ցանկության: Ընդհանուր վտանգը ոտքի հանեց մարդկանց, սահմանը պաշտպանող զինվորների սխրանքը ոգի տվեց անհուսության անդունդի հատակում հայտնված ժողովրդին, կամավորների հորձանք եղավ դեպի ռազմի գիծ, թիկունքում և նույնիսկ հեռու-հեռուներում գտնվողներն ինքնաբուխ նախաձեռնություններով հանդես եկան՝ սատարելու համար կռվողներին, աջակցելու համար զինվոր կորցրած ընտանիքներին: Անգամ օլիգարխների մոտ վարքի դրական շարժի նշույլ նկատվեց: Թշնամու հարձակման կասեցումը ազգային զարթոնքի նախադրյալներ ստեղծեց, որպիսի վիճակ ունենալու համար խաղաղ պայմաններում միլիարդների ծախս կպահանջվեր, հազարավոր քարոզիչների անդուլ աշխատանք: Նորին մեծություն Ճակատագիրը հարյուրի հասնող զինվորի ինքնազոհության գնով ստեղծեց շատ երկար սպասված, օդուջրի պես անհրաժեշտ ազգային զարթոնքի նախադրյալներ, բայց պարզվեց, որ մեր քաղաքական դաշտն ու միտքը պատրաստ չեն դրան, պատրաստ չեն օգտվել նպաստավոր այդ իրավիճակից և ազգային զարթոնքի նախադրյալները վերածել ազգային վերափոխման, ինքնակազմակերպման գործընթացի և, ի վերջո, հասնել ազգային վերելքի:


Պատերազմի սկզբից անցել է մեկ ամիս, սակայն նկատելի չէ նոր իրավիճակից բխող այնպիսի քայլերի կիրառում, որոնք կխթանեին ինքնաբուխ կերպով սկիզբ առած հասարակական ակտիվությունը, կուղղորդեին այն դեպի ազգային ինքնակազմակերպման հուն և փշրելով թե մարդկանց, թե խավերի միջև առկա անջրպետները, վերջնարդյունքում կստանար ազգ-բանակ, ազգ-պետություն, որի կարիքը խիստ զգացվում է և առանց որի անհնար կլինի դիմակայել աշխարհաքաղաքական առկա մարտահրավերներին: Դա անելու փոխարեն նկատվում է վերադարձ դեպի քաղաքական պայքարի նախկին հունն ու ձեռագիրը, որը հրաշալիորեն կազմաքանդել է պետությունը, անդունդ առաջացրել ժողովրդի և իշխանությունների միջև, պառակտումների տարել քաղաքական դաշտը, ջախջախել քաղաքականապես ակտիվ մարդկանց կամքն ու ոգին:


Պատերազմի բերած նոր իրավիճակը նոր մոտեցում է պահանջում, նոր մարտավարություն, նոր մտքեր ու շատ ավելի շատ խոհունություն, քան առաջ էր: Վերադառնալ քաղաքական պայքարի նախկին մեթոդին, որը քսանհինգ տարի շարունակաբար պարտության է հանգեցրել, նշանակում է նորից ժողովրդին ու պետությանը տանել սպանիչ փակուղի, նշանակում է մասնատել-տրոհել-ջլատել- փշրել ազգային զարթոնքի նախադրյալները, նշանակում է ուրանալ հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր զինվորներին:


Մենք ուղղակի հարկադրված ենք բաց չթողնել այս հնարավորութունը, հարկադրված ենք հասարակական ակտիվությունը կապիտալիզացնել, այն վերածել առողջ հասարակական և միջանձնային կայուն հարաբերությունների, արդարություն և սոցիալական համերաշխություն հաստատել երկրում: Հարկադրված ենք, քանի որ եթե դա չանենք ու թույլ տանք ներկա ակտիվությունը մարի, ապա պատերազմի ավարտից հետո, նույնիսկ եթե ողջ Ադրբեջանը գրավենք, ունենալու ենք սոցիալական շերտերի կազմի տեսանկյունից շատ ավելի վատ իրականություն, քան ապրիլից առաջ էր: Ազգայինն իր մեջ կրող առողջ տեսակը զոհեր է տալու ու նոսրանալու, մյուս շերտերը մնալու են նույնը կամ թե աճելու են ժամանակի ընթացքում, և հասարակական շերտերի աղետալիության աստիճանի խախտված համամասնությունն էլ ավելի է խախտվելու ի վնաս ազգայինի: Դա մեզ կգլորի անդունդի հատակը, որից դուրս գալու ազգային ոգու ռեսուրս այլևս չի լինի:

Իսկ ի՞նչ քայլերով է հնարավոր կասեցնել համաժողովրդական ակտիվության մարումը և հասնել ազգային ինքնակազմակերպման շոշափելի արդյունքների: Այս մասին մտորումներս կբարձրաձայնեմ առաջիկայում:

tert.am





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: