Հայերեն   English   Русский  

​Մեծավան գյուղում երեխաներ քիչ են ծնվում


  
դիտումներ: 7201

Տաշիրի նախկին Շահնազար՝ ներկայիս Մեծավան գյուղը տարածաշրջանում հայտնի է իր բնակչության թվաքանակով (շուրջ 6 հազար բնակիչ): Սա թերևս տարածաշրջանի ամենամեծ համայնքն է, որտեղ հիմնականում ցորենի ու կարտոֆիլի առատ բերք է հավաքվում գյուղացու քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

Սակայն դա չի նպաստում, որ գյուղը տնտեսապես զարգանա, գյուղացիների առօրյա հոգսերը թեթևանան և համայնքի սոցիալ տնտեսական ընդհանուր վիճակը բարելավվի: Պատճառն այն է, որ այստեղ նախկինում գործող բոլոր գործարանները փակվել են` անգործության մատնելով գյուղի բնակիչներին: Եվ ինչպես ամենուր, այս գյուղում էլ տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում, և գյուղի հիմնական ապրուստը տրանսֆերտների հաշվին է:

Մեծավանի գյուղապետը, որ համայնքի ղեկավարն է արդեն 20 տարի, քաջածանոթ է տեղացու ամեն մի խնդրին, քանի որ բնիկ մեծավանցի է:

Վրաստանին սահմանակից Մեծավանի հիմնական զբաղմունքն անասնապահությունն է ու գյուղատնտեսությունը, սակայն ժամանակակից գյուղտեխնիկա չկա, եղածն էլ հին է և խոչընդոտում է արդյունավետ վարուցանքը:

Խնդիրներ է ստեղծում նաև Մեծավան գյուղի կամուրջը, որը պատուհաս է դարձել բնակիչների ու վարորդների համար, քանի որ բացակայում են անվտանգության երկաթե արգելապատնեշները: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ մեքենան ընկել է գետը: Գյուղապետը մտածում է կամրջի հիմնական վերանորոգման մասին, սակայն համայնքային բյուջեն բավարար չէ լուծելու այս խնդիրը: Կամրջի շրջակայքը վերածվում է աղբանոցի ու գարշահոտություն տարածում:

Բարեբախտաբար, գյուղում խմելու և ոռոգման ջրի հարցն այլևս գերխնդիր չէ: Ֆրանսիացիների օգնությամբ արդիականացվել են գյուղի ջրագծերը, 4-7 կմ ջրագիծ էլ փոխվել է համայնքապետարանի միջոցներով: Իսկ անձրևների և սելավաջրերի առատության շնորհիվ հնարավոր է լուծել ոռոգման ջրի հարցը: Ինչ վերաբերում է ճանապարհաշինությանը, ապա 3 տարի առաջ բարեկարգվել է Տաշիրից դեպի գյուղ տանող հիմնական 5 կմ ճանապարհը:

Գյուղում գործում է երկու դպրոց, իսկ միակ մանկապարտեզն արդեն մի քանի տարի է՝ վերանորոգվում ու արդիականացվում է: Այդ աշխատանքների համար կառավարությունը 12 մլն դրամ է հատկացրել, իսկ անհրաժեշտ գումարի մյուս մասը տրամադրվել է գյուղի համայնքային բյուջեից: Ինչքանո՞վ է գյուղի միակ մանկապարտեզը բավարարում գյուղի բնակչությանը: Գյուղապետի պատասխանը մտահոգիչ է. ընտանիքները հիմա մեկ երեխա են ունենում, ավելիին չեն ձգտում սոցիալական անբավարար պայմանների պատճառով, ուստի մեկ մանկապարտեզը լիովին բավարարում է համայնքի բոլոր երեխաներին: «Մենք վեց երեխա ենք եղել, հիմիկվա սերունդը շատ է փոխվել»,- ասում է գյուղապետը:

Գյուղում 230 ընտանիք արդեն ստեղծել է կոոպերատիվներ և պատրաստ է ավելացնել գյուղատնտեսական աշխատանքների ծավալը, մարդկանց զբաղվածությունը, սակայն տրակտորներ չունեն: Գյուղապետը նշեց, որ գյուղատնտեսական աջակցության ծրագրով առաջիկայում երեք գյուղտեխնիկա կտրամադրվի համայնքին, որոնց արժեքի 20 տոկոսը կվճարեն բնակիչները, իսկ մյուս մասը՝ դոնոր ընկերությունը: Գյուղտեխնիկայի առկայությունը հնարավորություն կտա ցորենի և կարտոֆիլի առատ բերք ապահովելու և ծավալների ավելացման պարագայում նաև արտահանելու, ինչը զգալիորեն կբարելավի համայնքի սոցիալ-տնտեսական վիճակը:

Լ.Ն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: