Հայերեն   English   Русский  

Պաշտոնական Բաքուն Վիեննայի հանդիպումը կարող է օգտագործել ժամանակ շահելու համար. քաղաքագետ


  
դիտումներ: 784

Վիեննայում կայացած հանդիպման մասին գլխավոր եզրակացությունները դեռևս առջևում են, և որոշ ժամանակ է պետք գործընթացին օբյեկտիվ ձևով գնահատական տալու համար:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Նա ընդգծեց, որ նմանատիպ հանդիպումները չպետք է որակել որպես բանակցություներ, քանի որ բացակայում է երրորդ կողմը` Լեռնային Ղարաբաղը:

Նրա նկատեց, որ տեղեկատվական դաշտում կան բազմաթիվ իրարամերժ մեկնաբանություններ այս ամենի մասին, ինչը բնական է. Քառօրյա պատերազմի առաջին օրերի ընթացքում Ռուսաստանի լռությունը, հետո դրան հաջորդած զինտեխնիկայի շուրջ խոսակցությունները անորոշ խոսակցությունների հիմք են տալիս:

«Մենք գործ ունենք մի հակառկորդի հետ, որին վստահել չենք կարող: Դա անհիմն չէ, քանի որ չկա մի փաստաթուղթ կամ պայմանավորվածությունը, որն Ադրբեջանը խախտած չլինի: Այնպես որ չեմ բացառում, որ Վիեննայի հանդիպումը պաշտոնական Բաքուն օգտագործի ժամանակ շահելու համար»,-ասաց Ալեքսանդր Մանասյանը:

Ըստ նրա` հարցը պետք է ավելի լրջորեն քննարկել` թե՛ ներքին կյանքի, թե՛ արտաքին քաղաքականության առումով. «Եթե մեր օլիգարխները կառուցում են դղյակներ կամ եկեղեցիներ, առաջին հերթին պետք է մտածեն դրանք պաշտպանող զինվորի մասին, այլապես նրանք կառուցում են ուրիշների համար: Այս սկզբունքով պետք է առաջնորդվել»:

Արտաքին քաղաքականությունում ևս կան բարդ խնդիրներ, որոնք արտահայտվում են դիվանագիտական ասպարեզում և տեղեկատվական դաշտում: Վերջինի նկատմամբ, քաղաքագետի դիտարկմամբ, ոչ ադեկվատ մոտեցում է արմատացել դեռևս 90-ականներից : Դա պետք է հիմնված լինի մշակված հայեցակարգի վրա:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման իրավաքաղաքական ձևաչափը, որը դրվեց Արևմուտքի կողմից, սխալ էր: 20 տարի է Բաքուն բողոքում է, ինչպես և բողոքում է Երևանը: Դրա հիմքում դրվել են երկու իրարամերժ սկզբունքներ` ազգերի ինքնորոշումը և տարածքային ամբողջականությունը, որոնք իրար բացառում են: Դրանից հետո պահանջում են հարցը լուծել: Դա անհնար է»,- գտնում է պարոն Մանասյանը:

Նրա խոսքով` անընդհատ նշվում է, որ հայկական կողմը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, սակայն մենք չենք օկուպացրել որևէ մեկի տարածքը. «Կարելի է այնպիսի բանաձևեր մշակել, որոնք ճեղք կմտցնեն փակուղային այս իրավիճակում: Այո, կարելի է: Տեղեկատվական դաշտում պետք է քայլեր անենք: Տեղեկատվական պատերազմը տանուլ տալ նշանակում է ամբողջական պարտության սկիզբը դնել: Տեղեկատվական հոսքից դուրս է մղվել այն փաստը, որ Ադրբեջանը ցեղասպան ազգ է. սրա մասին չի խոսվում, ինչպես անտեսվում է անդրբեջանահայ փախստականների հիմնախնդիրը: Այդ հարցը պարզապես շրջանցվում է նաև մեր կողմից չբարձրաձայնվելու պատճառով»,-եզրափակեց քաղաքագետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: