Հայերեն   English   Русский  

​#ԵկԱրցախ. արցախահայության կոչը համայն հայությանը


  
դիտումներ: 3668

#ԵկԱրցախ կոչ-հաշթագը միավորել է հայությանը վիրտուալ տարածքում: Մարդիկ միմյանց կոչ են անում այս տարի արձակուրդը կամ գոնե դրա մի մասն Արցախում անցկացնել: Հանգիստն Արցախում կլինի հաճելիի ու լավի համատեղում. Արցախում երբևէ չեղած հայերն ի վերջո կծանոթանան հայրենիքի հրաշագեղ այս հատվածին, բազմիցս եղածները ևս մեկ անգամ կվայելեն մաքուր օդն ու գեղեցիկ տեսարանները, իսկ այստեղ ծախսած նրանց գումարներն էլ աջակցություն կլինեն պատերազմից տուժած տնտեսության համար:

Այս օրերին Արցախ այցելելու կոչերը բազմաթիվ են: Նման կոչով հանդես եկավ նաև Արցախում գտնվող հայտնի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը, որը կոչ արեց հանգստի համար Արցախ գնալ ու տեսնել, թե ինչ լավ տեղ է այն: «Հրաշք տեղ է, անհնար է չհիանալ Արցախի բնությամբ, տեսարժան վայրերով: Ու քանի որ ամառային արձակուրդների շրջանն է բացվում, ուզում եմ կոչ անել մեր բոլոր հայրենակիցներին իրենց արձակուրդի մի մասն անպայման անցկացնել Արցախում: Բացի այն, որ լիարժեք կհանգստանան ու հաճույք կստանան, դրանով նաև թշնամուն ցույց կտան, թե ովքեր են Արցախի իրական տերերը»,- ասել է Դարչինյանը:

Այնուհետև նախաձեռնությամբ հանդես եկավ ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը: Նա առաջարկեց ֆլեշմոբ սկսել: Էությունը հետևյալն է. յուրաքանչյուր ոք #ԵկԱրցախ հաշթագով հրապարակում է Արցախում արված իր լուսանկարներն ու մարտահրավեր նետում ընկերներին, որպեսզի նրանք էլ այցելեն Արցախ, ապա հրապարակեն իրենց հանգստի լուսանկարները, ինչպես նաև մարտահրավերը փոխանցեն մյուս ընկերներին: Ընդ որում, պետք է հրապարակել նաև նոր լուսանկարները` որպես ապացույց, որ մարտահրավերն ընդունել եք ու Արցախում անցկացրել ձեր հանգստյան օրերը:

Իսկ Արցախ այցելելու եղանակները շատ են. կարելի է դիմել դեպի Արցախ տուրեր կազմակերպող տուրիստական ընկերություններին կամ ինքնուրույն պլանավորել ու կազմակերպել հանգիստը:

Դեպի Արցախ տուրեր կազմակերպող ընկերությունները բազմաթիվ են: Օրինակ` Արցախում շրջագայություն կազմակերպելու խմբային հայտեր, ըստ կայքերում հրապարակված տվյալների, ընդունում են «Ռիմա թրավել», «Անի տուր», «Նավասարդ տուր», «Բարև, Արմենիա», «Հյուրսերվիս», «Յան վոյաժ», «Իմեգա տուր», «Գանձասար տուր» տուրօպերատորները: Այս պարագայում, սակայն, գները նախապես հրապարակված չեն և կախված են պատվերից: Հնարավոր է 3-8-օրյա ուղևորություն պատվիրել մեծ ու փոքր խմբերի համար:

«Պլանետա» ճամփորդական ակումբն առաջարկում է Արցախ ուղևորության 2-4-օրյա փաթեթներ`տարբեր ուղղություններով: Այստեղ երկօրյա տուրի արժեքը սկսվում է 29000 դրամից, 3-օրյա տուրերի դեպքում 1 անձի արժեքը սկսվում է 47 հազար դրամից, 4-օրյայի դեպքում` 70 հազար դրամից: Գինը ներառում է երեքանգամյա սնունդը, տրանսպորտը, հյուրանոցը և գիդի ծառայությունները: Այս ընկերությունը Արցախում հանգստի տարբեր ուղղություններով ու տարբեր ժամանակահատվածով 7 փաթեթ է առաջարկում:

Ամեն ուրբաթ օր Երևանից դեպի Արցախ եռօրյա շրջագայություն է առաջարկում «Լարա թրավել» ընկերությունը: Մեկ անձի ուղևորության արժեքն է 34 հազար դրամ:

եկԱրցախ

Պարբերաբար դեպի Արցախ ուղևորություններ է կազմակերպում նաև One way tour ընկերությունը: Օրինակ՝ առաջիկա ամսվա համար պլանավորված է երկու ուղևորություն` մեկօրյա դեպի Դադիվանք ուղևորության արժեքն է 9 հազար դրամ և 3-օրյա տուր` 29 հազար դրամ արժողությամբ:

Վստահաբար, ներկայացվածներով առկա առաջարկը չի սահմանափակվում, կան բազմաթիվ այլ ընկերություններ ևս, որոնք շրջագայություններ են կազմակերպում Արցախում:

Իսկ եթե ցանկանում եք ինքներդ կազմակերպել ձեր արձակուրդը՝ առանց միջնորդների ու գիդերի, ապա օգտակար կարող է լինել ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության կայքը: http://karabakh.travel/hy/ կայքում 5 լեզվով ներկայացված է հնարավոր ամեն տեղեկություն, որ կարող է հետաքրքրել զբոսաշրջիկին. Արցախի պատմությունը, տեսարժան վայրերը, մշակութային կենտրոնները, հյուրանոցներն ու գիշերակացի այլ տարբերակները, գնումների հնարավորություններն ու վայրերը: Անգամ մանրակրկիտ բացատրվում է, թե ինչպես հասնել Արցախ:

Կայքի միջոցով ձեր երթուղին պլանավորելուց հետո կարող եք նաև օն-լայն տարբերակով հյուրանոցներ պատվիրել: Նման հնարավորություն ընձեռում են, օրինակ` http://www.hotels.am, http://www.imegaservice.com, https://barevarmenia.com/am կայքերը:

Եթե Արցախում ունեք ընկերներ կամ ծանոթներ, նրանց աջակցությամբ այնտեղ հանգստի առավել մատչելի տարբերակներ կարելի է գտնել: Իսկ հապաղել պետք չէ. այս տարի հանգստյան օրերից գոնե 1 շաբաթը Վրաստանում կամ որևէ այլ երկրում անցկացնելու փոխարեն վայելեք գեղատեսիլ Արցախը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: