Հայերեն   English   Русский  

Արամ Խաչատրյանի 113-ամյակն է


  
դիտումներ: 1297

Արամ Խաչատրյանը 20-րդ դարի երաժշտական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից է՝ հայ նոր կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը:

Մեծատաղանդ արվեստագետը՝ ստեղծագործողը և դիրիժորը, մանկավարժը և երաժշտական-հասարակական գործիչը, օժտված լինելով երաժշտության մեջ նոր, լայնահուն, պատվավոր տեղ գրավեց համաշխարհային երաժշտության մեջ:

Էռնեստո Չե Գևարայի խոսքով՝ «Արամ Խաչատրյանի երաժշտությունն անմահ է: Դրանում հայ ժողովրդի ոգին է՝ պայքարի և հաղթանակի ոգին»:

Կոմպոզիտորի՝ շուրջ հինգ տասնամյակ շարունակված ստեղծագործական ուղին, համընկնելով հայ նոր երաժշտության կազմավորման, գեղագիտական-գեղարվեստական սկզբունքների բյուրեղացման շրջանին, հզոր ազդակ էր նրա առաջընթացի և համաշխարհային ճանաչման համար:

Բելետմեյստեր և պարուսույց Յուրի Գրիգարովիչը հարցազրույցներից մեկում ասել է՝ «Խաչատրյանը երևան բերեց էներգիայով, խառնվածքով, հզորությամբ, ռիթմերի բազմազանությամբ, գույների առատությամբ լի նոր հնչյուններ, որոնք բնորոշ էին իր տաղանդին: Երաժշտության մեջ նա պահպանել է հարավի ամբողջ ջերմությունը: Խաչատրյանի գործերը զարմանալիորեն բալետային են և շուտ են մերվում պարին: Դրանք կայծակնային արագությամբ նորանոր պլաստիկ շարժումներ ու կերպարներ են ստեղծում, հուշում ու ներշնչում: Նման ձիրք քչերն ունեն, ոչ բոլորն են կարողանում այսպես կոչված պլաստիկ երաժշտություն ստեղծել»:

Արամ Խաչատրյանի ծնողները հինավուրց Գողթան գավառից էին, որը պատմահայր Մովսես Խորենացին գովերգել էր որպես շնորհալի երգիչ-երաժիշտների հայրենիք:

Իր՝ կոմպոզիտորի խոստովանությամբ մանկության տարիների տպավորությունները՝ ժողովրդական երաժշտության հարուստ մթնոլորտ, ժողովրդական տոնակատարություններ, կենցաղում հնչող աշուղների երգ ու նվագ, խորը դոոշմվել էին հիշողության մեջ:

Թիֆլիսի բազմերանգ, խայտաբղետ, հուզառատ երաժշտական կենցաղում թարմ էին Ք.Կարա-Մուրզայի, Մ.Եկմալյանի և, հատկապես, Կոմիտասի համերգների տպավորությունները: Պատանեկության տարիներից երաժշտության մոլի սիրահար Արամ Խաչատրյանն ինքնուրույն դաշնամուր է նվագել, փորձել է կրկնել շուրջը հնչող երաժշտությունը՝ յուրովի «մշակելով» այն:

Մանկությունից մշտապես առնչվելով ժողովրդական և աշուղական երաժշտությանը, Խաչատրյանը մինչև 14-15 տարեկան հասակը չառնչվեց Թիֆլիսի պրոֆեսիոնալ հարուստ երաժշտությանը:

Հետագայում իր նյութականը մե՛կ բեռնակիր բանվորի, մե՛կ մանկապարտեզի դաշնակահարի պարտականություններով հոգալով՝ Արամ Խաչատրյանը կլանված էր ուսմամբ ու ստեղծագործությամբ: Դեռևս Գնեսինների ուսումնարանում ոաանելիս ականավոր ռեժիսոր Ռուբեն Սիմոնովի հանձնարարությամբ նա երաժշտություն է գրել Մոսկվայի Հայկական կուլտուրայի տանը կից թատերական արվեստանոց-ստուդիայի՝ Հ.Պարոնյանի «Բաղդասար աղբար» (1927), «Ատամանբույժն արևելյան», Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (1928) ներկայացումների համար: Այդ գործնական աշխատանքով սկիզբ դրվեց նրա ստեղծագործության կարևոր բնագավառներից մեկին:

Ուսման տարիներին գրվեց շեքսպիրյան «Մակբեթի» երաժշտությունը՝ Երևանի Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի բեմադրության համար: Այն սկիզբ դրեց շեքսպիրյան թեմային Խաչատրյանի արվեստում: Նույն այգ ժամանակ կոմպոզիտորը «Պեպո» կինոնկարի համար երաժշտություն գրելու պատվեր ստացավ:

Ուսման և ստեղծագործության հետ Արամ Խաչատրյանը. Հայաստանի պետական երաժշտական հրատարակչության ներկայացուցիչ և սրբագրիչ էր. Մոսկվայի Հայկական կուլտուրային տունն իրականացնում էր հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հրատարակությունը:

1934 թվին Արամ Խաչատրյանի անունը ոսկե տառերով գրվում է Մոսկվայի կոնսերվատորիայի լավագույն շրջանավարտների մարմարյա պատվո տախտակին:

Ռուս կոմպոզիտոր, դաշնակահար Դմիտրի Շոստակովիչի համոզմամբ՝ «Երբ խորհում ես Խաչատրյանի մշակութային մեծության շուրջ, հասկանում ես, որ արմատները նրա նկարչական տաղանդի,ազգային պատկանելության, նորարարական մտքի և միևնույն ժամանակ դասական ավանդույթներին հավատարիմ մնալու յուրահատուկ համադրության մեջ են»:

Վիթխարի ներշնչանքի, ստեղծագործական հզոր կարողությունների բացահայտման, գեղարվեստական ընդհանրացումների իրականացման շրջանի սկիզբը խորհրդանշեց Դաշնամուրային կոնցերտը, որը Խաչատրյանն ստեղծեց Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում՝ Ն.Մյասկովսկու ղեկավարությամբ:

Կազմակերպչական լարված ու հագեցած գործունեությունը չէր խոչընդոտում Խաչատրյանի ստեղծագործական աշխատանքին: Երաժշտի գրելաոճի հասունացման շրջանում կյանքի կոչվեցին Սիմֆոնիկ պոեմը, «Երջանկություն» բալետը, Կոնցերտը ջութակի ու նվագախմբի համար, թատերական ներկայացումների ու կինոնկարների համար գրված երաժշտությունը:

40-ական թվականների վերջին, 50-ականների սկզբին Արամ Խաչատրյանը մի նոր խոշոր երկ Է հղանում՝ «Սպարտակ» բալետը: Միաժամանակ, 1950 թվականից արվեստագետն ստեղծագործական եռանդով սկսեց գործունեություն ծավալել երկու նոր, կարևոր բնագավառներում՝ մանկավարժական և կատարողական՝ դիրիժորական:

Տարիների ընթացքում կոմպոզիտորն ստեղծեց դասավանդման իր համակարգը, որը Ն.Մյասկովսկա և իր սեփական ստեղծագործական փորձի յուրօրինակ արտացոլումն Էր: Նրա ղեկավարած կոմպոզիտորական դասարանի կարևորագույն նպատակներից Էին ուսանողի ազգային պատկանելությունից բխող ուրույն մտածողության զարգացումը, մասնագիտական լուրջ հիմունքների մշակումը, տարբեր ժանրերի և երաժշտական ձևերի ստեղծման հիմնաքարային խնդիրների լուծումը:

«Խստապահանջ է նա: Երբեք գովեստներ չի շռայլում: Ձգտում Է, որ աշակերտն ամեն ինչ ընկալի և յուրացնի հենց դասարանում: Չի հանդուրժում նորույթներով հոխորտալու սնապարծությունը: Աշակերտը պետք Է պատասխանատու լինի իր երկի ամեն մի նոտայի համար: Շատ Է գնահատում երիտասարդ երաժշտի հաստատակամությունը: Տասնյակ անգամ դասարանում լսում Է արդեն ավարտված ու պատրաստ ստեղծագործությանը՝ մինչ համոզվում Է, որ այն կարելի Է հանձնել կատարման»: Այսպես Է գրել Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում այդ տարիներին ուսանած Էդգար Հովհաննիսյանը:

Կոմպոզիտորի համար իսկական հայտնության էր դիրիժորական գործունեությունը, ինչն ունկնդրի հետ անմիջական շփման, ստեղծագործության ներգործության արձագանքն զգալու անփոխարինելի միջոց է: Կոմպոզիտոր-դիրիժորի ելույթներն արվեստասերներին հնարավորություն տվեցին հաղորդակից լինել երկերի հեղինակային մեկնաբանման ուշագրավ և հուզիչ պահերին:

1956 թվի դեկտեմբերի 27-ին բեմական կյանք ստացավ 20-րդ դարի ամենից ուշագրավ բալետային գործերից մեկը՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակը», որի առաջին բեմադրությունն իրականացրեց Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի պետական թատրոնը: Անցած տասնամյակների ընթացքում բալետը բեմադրվեց և ներկայացվեց մեր երկրի և արտասահմանի բազմաթիվ օպերային թատրոններում, հնչեց աշխարհի բոլոր մայրցամաքների սիմֆոնիկ համերգներում:

«Սպարտակին» զուգահեռ, կոմպոզիտորը երաժշտություն էր գրում բեմադրությունների և կինոնկարների համար, որոնցից դարաշրջանի հոգեբանական մթնոլորտի ճշմարտացի և ազդեցիկ վերարտադրմամբ առանձնանում է երաժշտությունը Բ. Լավրենևի «Լերմոնտով» պիեսի, Շեքսպիրի «Մակբեթ» և «Լիր արքա» ներկայացումների, ինչպես և «Օթելլո» կինոնկարի համար:

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները իրենց ուրույն տեղն են գրավել համաշխարհային դասական երաժշտության գանձարանում և մեծ ժողովրդայնություն են վայելում ամբողջ աշխարհում: Նրա ստեղծագործությունները հոգեհարազատ և հասկանալի են աշխարհի բոլոր ժողովուրդներին, նրա տաղանդը սիրված ու հարգված է բարձր արվեստը գնահատողների կողմից ` անկախ ազգային պատկանելությունից: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դասում է Խաչատրյանի անունը քսաներորդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին:

Արամ Խաչատրյանը վախճանվեց 1978 թ. մայիսի 1-ին երկարատև, ծանր հիվանդությունից: Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում սգո հանդիսավոր արարողությունից հետո կոմպոզիտորի աճյունը տեղափոխվեց Երևան՝ ի կատարումն նրա վերջին ցանկության, և մայիսի 6-ին հողին հանձնվեց Արվեստի գործիչների պանթեոնում: Հայ ժողովրդի մեծ զավակի սգո թափորին մասնակցեցին տասնյակ հազարավոր հայրենակիցներ, բազմաթիվ օտարազգի բարեկամներ, որոնք վերջին հրաժեշտը տվին արվեստագետին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: