Հայերեն   English   Русский  

​Հայաստանն արտագաղթի հետևանքով ամեն տարի կորցնում է 50 հազար բնակիչ. սոցիոլոգ


  
դիտումներ: 5435

Հայաստանն արտագաղթի հետևանքով ամեն տարի կորցնում է 50 հազար բնակիչ: Դա ծնելիությունից բարձր է: Արտագաղթը կլանում է փոքր բնական աճը, որը կազում է 0.5 տոկոս:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Հայաստանում 20 տոկոսը պատրաստ է արտագաղթելու, մնացած 30 տոկոսը տատանվում են: 35 տոկոսն է միայն, որ հրաժարվել է լքել երկիրը, քանի որ ուզում են մնալ իրենց հայրեինքում: 2 տոկոսը լավատես են: Սրանք այն մարդիկ են, ովքեր եկամտի կայուն աղբյուր ունեն բիզնես են դրել և այլն: Հարցման ժամանակ նրանք նշում են, որ ազատ են իրենց զգում միայն Հայաստանում»,- ասաց Ադիբեկյանը:

Հայաստանը լքած անձանցից միայն 0.2 տոկոսն է վերադարձել, մնացածը մնացել է:

Նման տենդենցի պատճառը շարունակում է մնալ աշխատանքի բացակայությունը կամ եկամտի պակասը: Սակայն բացի տնտեսականից, ապագայի երաշխիքի բացակայությունը ևս մեծ դեր ունի, անորոշությունը, թե երեխաները գործ կգտնեն, թե՝ ոչ:

Արտագաղթողների մեծ մասը միջին խավի ընտանիքներն է, որոնք վաճառելու ապրանք ունի տեղափոխվելու առաջին շրջանում իրենց սննդի և բնակարանի ծախսերը ապահովելու համար:

Աղքատ ընտանիքները չեն արտագաղթում, քանի որ դրա համար գումար չունեն: Մի տարբերակ կա, որ գնում են, հիմնավորվում են ու իրենց ազգականններին նույնպես կանչում են այնտեղ:

Սոցիոլոգը նշեց, որ տվյալներում կան մարզային լուրջ տարբերություններ: Ամենից շատ պոտենցյալ գնացողներ կան Կոտայքում, Արագածոտնում, Շիրակում: Ամենից քիչ արտագաղթում են Լոռիից, Սյունիքից և Գեղարքունիքից: Սա որոշ չափով կապված է աշխատանքի ավելի լայն հնարավորությունների հետ: Գեղարքունիքում մարդիկ զբաղվում են ձկնարտադրությամբ, կարտոֆիլ են մշակում և արտահանում Վրաստան: Սյունիքը արդյունաբերության ոլորտում աշատատեղեր ունի: Ադիբեկյանը, սակայն, չկարողացավ նշել, թե Լոռիում որն է արտագաղթի ցածր մակարդակի պատճառը:

«Եթե արտագաղթի այս տենդենցը պահպանվի Հայաստանում ընդամենը 1 մլն 750 հազար մարդ կմնա, այն էլ՝ Երևանի «ագլոմերատի» բնակչություն: Դա իր հերթին իր մեջ այլ ռիսկեր է պարունակում: Արտագաղթի հետևանքով մեծացել է ոչ լիարժեք ընտանիքների թիվը և արդեն կազմում է 17 տոկոս: Դա նշանակում է , որ հայրը գնացել է և չի վերադարձել: Մոտ 300 հազար երեխա մեծանում է առանց հոր դաստիարակության գործոնի: Սա դաստիարակության առումով պրոբլեմներ է ստեղծում»,- նշեց պարոն Ադիբեկյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: