Հայերեն   English   Русский  

​10 վայրեր, որ արժանի են ավելի շատ այցելուների. առաջինը Հայաստանն է


  
դիտումներ: 3390

Աշխարհագրության, պատմության, բնության ու արվեստի մասին հանրահայտ National Geographic պարբերականը միլիոնավոր զբոսաշրջիկների առաջարկում է բացահայտել 10 նոր ու անակնկալ ուղղություններ: Այդ ցանկում առաջինը Հայաստանն է:

Ներկայացնելով Հայաստանում տիրող իրադրությունը՝ հոդվածի հեղինակ Թարա Իսաբելլա Բարթոնը գրում է, որ Սովետական միության փլուզումից հետո փոքրիկ Հայաստանը միշտ նույնացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Նա զբոսաշրջիկին պատմում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը ու նշում, որ չնայած շփման գծում ժամանակ առ ժամանակ սկիզբ առնող հրաձգություններին, Հայաստանը այսօր անվտանգ վայր է՝ զարգացող զբոսաշրջային ենթակառուցվածքներով, ագրոտուրիզմով ու մասնավոր հյուրատներով, որոնք գրավում են արկածախնդիր զբոսաշրջիկին՝ այցելելու և գնահատելու երկրի ապշեցուցիչ և հաճախ չլսված բնությունն ու ճարտարապետական գեղեցկությունը:

Ինչու այցելել հիմա

Հեղինակը հիշեցնում է՝ քչերը գիտեն, որ Հայաստանն է 301 թվականին առաջինն ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն և Հայաստանի հնագույն եկեղեցիներն աշխարհում ամենապահպանվածներից են: Մինչ այլ քրիստոնեական եկեղեցիները զարդարված են որմնանկարներով, որոնցից շատերը գունաթափվել են կամ ոչնչացել, ժայռափոր Գեղարդավանքի քարե առյուծները և Սանահինի զարմանահրաշ կերպով փորագրված խաչքարերը կանգուն են՝ որպես աշխարհի ամենահին ու չլսված քաղաքակրթության ստեղծագործ ուժի վկայություն: Բացի այդ, Հայաստանի եկեղեցիները քաղաքից դուրս միակ գրավչությունը չեն: Վայրի խայտաբղետ ծաղիկներով պատված բլուրներն ու դաշտավայրերը զբոսաշրջիկի համար շատ ավելի հասանելի են, քան Վրաստանի գլխապտույտ լեռնային շավիղները: Դրանք լիքն են Գառնիի հեթանոսական տաճարի մոտ, Երևանից դուրս կամ առողջարանային այնպիսի քաղաքներում, ինչպիսին Դիլիջանն է կամ ինչպես ասում են՝ «Հայաստանի Շվեյցարիան»:

Բաց մի թող

Ըստ հեղինակի, զբոսաշրջիկները մեծ մասամբ իրենց գործունեությունը կենտրոնացնում են Երևանում, սակայն վստահելի վարորդի հետ 50 դոլարով կես օրվա ճանապարհ է դեպի Գորիս՝ քաղաք, որը տեղակայված է Հայաստանի գեղատեսիլ ու առավել տպավորիչ հարավային մասում՝ շրջապատված ժայռերով ու քարանձավներով: Զբոսաշրջիկներին նա խորհուրդ է տալիս այցելել Խնձորեսկի քարանձավային գյուղեր ու Տաթևի վանական համալիր՝ Հայաստանի երբեմնի մշակութային ու կրթական կենտրոն, որը հայտնի է նաև աշխարհի ամենաերկար ճոպանուղիով:

Հուշում

Իսկ վերջում հեղինակը նշում է, որ չնայած Լեռնային Ղարաբաղի սահմանին բախումներ հազվադեպ են լինում, բռնկումը կարող է ճակատագրական լինել, ուստի, խորհուրդ է տալիս հատկապես Գորիս ու Տաթև այցելելիս տեղեկանալ սահմանային իրադրության մասին:

«Իսկ եթե Հայաստանից հետո որոշել եք Ադրբեջան այցելել, ապա իմացեք, որ սահմանային հսկողություն իրականացնողները կարող են աչքի անցկացնել ձեր նախորդ ճամփորդությունները, անգամ խորհուրդ կտան ազատվել վիրավորական լուսանկարներից: Ավելին, եթե ադրբեջանցի պաշտոնյաներն իմանան, որ Լեռնային Ղարաբաղ եք այցելել, կարող են ձեզ երկիր չթողնել», - զգուշացնում է հեղինակը:

Հայաստանից բացի առաջարկվող 10 երկրների շարքում են նաև Նիկարագուան, Նեպալը, Իրանը, Կոսովոն, Ուզբեկստանը, Ալբանիան, Արևելյան Թիմորը, Վրաստանը և Թունիսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: