Հայերեն   English   Русский  

​Հայտնի ու անհայտ հայոց թագուհիները


  
դիտումներ: 12337

Թերթի անցած համարներից մեկում անդրադարձանք Երուսաղեմի թագավորության հայ թագուհիներին, որոնցից շատերը Երուսաղեմի թագավորության 200-ամյա պատմության մեջ նշանակալի դեր են ունեցել ինչպես անչափահաս թագաժառանգների խնամակալության, թագավորության կառավարման հարցում, այնպես էլ մարտի դաշտում:

Քանի որ մեզանում ընդունված է խոսել հիմնականում հայ թագավորների մասին և թագուհիների մասին շատ բան չգիտենք, ընթերցողների խնդրանքով շարունակում ենք ներկայացնել հայոց պատմության մեջ հետք թողած հայ թագուհիների մասին տեղեկությունները, այս անգամ՝ այն թագուհիների, որոնք ապրել են հայոց հողում:

Ըստ վկայությունների՝ մեզ ծանոթ մոտ 150 թագուհիներից 104-ը հայ էին,10-ը՝ ֆրանսիացի, 9-ը՝ հույն, 8-ը՝ պարթև, 6-ը՝ հռոմեացի, 6-ը՝ պարսիկ, 4-ը՝ վրացի, 2-ը՝ ալան, 1-ը՝ ասորի, 1-ը՝ մոնղոլ:

Օրինակ՝ քչերը գիտեն Անահիտ, Արկանա, Արարանսա, Աշխեն, Նաիրա, Թարիրիա, Բագենա, Սուսարատու, Ռուսաինա, Ուրանիա, Ծիրանե, Ասարադոնիա, Սաթենիկ, Տիգրանուհի, Զբել, Զարուհի, Զաբել, Էրատո անուններով հայ թագուհիներին:

Որպես հայոց առաջին թագուհի հիշատակվում է Սոսեմը: Հայկ Խաչատրյանի «Հայ թագուհիներ» գրքում հեղինակը խոստովանում է, որ այս անունը պայմանական է տվել, քանի որ պատմությունն այս թագուհու անունը չի պահպանել:

Էպիգե. այսպես էին անվանում Արամե թագավորի կնոջը (Ք.ա. 860-840): Հայտնի չէ, թե քանի կին է ունեցել այս թագավորը, սակայն պահպանվել է հայերի համար արտասովոր այս անվան պատմությունը:

Արամե թագավորն ամուսնանում է Վանի հարուստ իշխաններից մեկի դստեր հետ, որի իրական անունը Լասմա էր: Մի օր էլ կանչում է թագուհուն իր մոտ ու ասում. «Մանկուց ատել եմ ու կռվել Ասորեստանի Սալամանսար թագավորի հետ: Նա իմ թշնամին է, որին տեսնում եմ անգամ երազումս: Ինձ նյարդայնացնում է անգամ այն, որ քո անունը բաղկացած է տառերից, որոնք առկա են «Սալամանսար» անվան մեջ: Քո անունն ինձ նրան է հիշեցնում: Եկ մոռանանք քո Լասմա անունը: Իմաստունները քեզ այլ անունով կկնքեն՝ Էպիգե: Այդպես էլ թագուհու անունը մնում է Էպիգե:

Մինչև Արտաշեսյանների թագավորությունը, հայ թագուհիների մասին տեղեկությունները շատ չեն: Իսկ Արտաշեսյանների թագավորությունից հայտնի են Արտաշեսի կին Սաթենիկը, Տիգրան Երկրորդի կանայք՝ Սոսեմը (Զոսիման) և Կլեոպատրան:

Տիգրան Մեծի կնոջ՝ Կլեոպատրայի մասին հայտնի է, որ նա Պոնտոսի և Փոքր Հայքի արքա Միհրդատ Եվպատորի դուստրն էր: Հայկ Խաչատրյանը «Հայոց թագուհիներ» գրքում Կլեոպատրայի մասին պատմում է, որ երբ ամուսնացավ Տիգրան Մեծի հետ, 16 տարեկան էր: Ք.ա. 69 թվականին, երբ հռոմեացի Լուկուլլոսը պաշարել էր Տիգրանակերտը, հայ թիկնազորը, արքայի պատիվը պահելով, ճեղքում է հռոմեական բանակն ու դուրս բերում թագուհուն, կանանոցն ու գանձարանը: Հայկ Խաչատրյանի գրքում, սակայն, Կլեոպատրայի մասին խոսվում է որպես թագուհու, որը, իր անվան ստուգաբանությանը հավատարիմ (Կլեոպատրա նշանակում է «հոր խոսք»), մեծարում էր ոչ թե ամուսնուն՝ հայոց թագավոր Տիգրանին, այլ հորը՝ Միհրդատ Պոնտացուն: Հեղինակը նշում է, որ Կլեոպատրայից ծնված երեք որդիներն էլ մոր պես դավաճանեցին հայոց թագավորությունն ու անդառնալի վնասներ հասցրին: Ի վերջո, Կլեոպատրան փախավ հոր՝ Միհրդատի մոտ:

Արտաշեսյանների թագավորության վերջին գահակալն էր Էրատո թագուհին, որ երեք անգամ բարձրանում է գահ, բայց հայտնի չէ, թե ինչն էր թագուհու գահընկեցության պատճառը:

Արշակունիների հարստությունից մեզ առավել հայտնի են Տրդատ Մեծի կինը և Խոսրով Կոտակի մայրը՝ Աշխենը (298-330): Ծագումով ալան Աշխենին հայոց եկեղեցին դասել է սրբերի շարքը:

Տրդատ Երրորդը, որոշելով կնության առնել Աշխենին, սպարապետ Սմբատին ուղարկում է ալանների թագավորի մոտ: Երբ Աշխենը եկավ Հայաստան, Տրդատը ամուսնացավ նրա հետ ու շնորհեց թագուհու և Արշակյան տիտղոս, ինչն արտահայտում էր այն բարձր գերազանցությունը, որ կարող էր ընձեռվել կնոջը Հայաստանում: Ինչպես հայտնի է, Տրդատ Երրորդի օրոք Հայաստանում քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն: Աշխենը պետական կրոնի հռչակման հարցում քիչ դեր չի ունեցել: Նա ամուսնուն օգնել է քրիստոնեությունը տարածելու ողջ երկրում:

Աշխենը և Խոսրովդուխտը՝ Տրդատի քույրը, կյանքի վերջին տարիներին աշխարհաթող են լինում և ապրում Գառնիի ամրոցում:

Պատմաբան Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» գրքում Հայոց թագուհիների շարքում առանձնահատուկ անդրադարձ է կատարվում Արշակունյաց թագավորության Փառանձեմ թագուհուն՝ Արշակ Երկրորդի կնոջը, որը, հեղինակի խոսքով, մեր պատմության ամենակարկառուն դեմքերից է: Նա սերում էր Սյունաց նախարարական տոհմից, որի հարստությունը միայն թագավորականին էր զիջում, իսկ Փառանձեմի մայրը սերում էր Մամիկոնյան տոհմից, որ հետագայում պիտի փառավորվեր սպարապետ Վարդան Մամիկոնյանի տարած հաղթանակներով:

Փառանձեմն օժտված էր բացառիկ գեղեցկությամբ ու պարկեշտությամբ: Նա թագուհի հռչակվեց Հայաստանի համար շատ ծանր ժամանակ, երբ երկիրը ստիպված էր գոյատևել պարսկա-բյուզանդական բախումների խաչմերուկում: Շապուհը տեսնելով, որ բռնի ուժով հայերի դեմ հաղթանակ չի կարող տոնել, դիմում է նենգության. իր մոտ է հրավիրում թագավորին ու նետում Անհուշ բերդը, ուր 368 թվականին Արշակը վախճանվեց: Շապուհը փորձեց խաբեությամբ կանչել նաև Փառանձեմին, որը, սակայն, չընդունեց հրավերը, ավելին, հանձն առավ երկրի պաշտպանության պատասխանատվությունը և ամրանալով Արտագերս ամրոցում՝ հերոսական պաշտպանություն կազմակերպեց: Արտագերսի առաջին պաշտպանությունն ավարտվեց հայերի հաղթանակով: Այս լուրը ստանալուն պես պարսից արքան անհապաղ Հայաստան է ուղարկում նոր բանակ: Փառանձեմ սպարապետուհին մեկ տարի և երկու ամիս դիմադրում է թշնամուն: Միայն համաճարակի պատճառով է հերոսական պաշտպանությունը կոտրվում: Փառանձեմը գերվեց, և Շապուհը հրապարակավ մահապատժի ենթարկեց Փառանձեմին: Հենց նա է Հայոց պատմության ամենաերևելի դեմքերից մեկի՝ Պապ թագավորի մայրը, և ինչպես նշում է Մովսիսյանը, պատահական չէր, որ Արցախյան ազատամարտի ժամանակ հայուհիներից կազմավորված ջոկատը ստացավ հայոց թագուհու՝ Փառանձեմի անունը:

IX դարի երկրորդ կեսին Բագրատունիների գլխավորությամբ վերականգնված հայոց պետականության ամենահայտնի թագուհիներից էր Կատրանիդե երկրորդը՝ Գագիկ Առաջինի կինը, Սյունաց իշխան Վասակի դուստրը, որ հանձն առավ Գագիկի եղբոր՝ Սմբատ Տիեզերակալի նախաձեռնած Անիի Կաթողիկե Մայր տաճարի շինարարությունը:

Հայկական նոր՝ Կիլիկյան պետականության ամենահայտնի թագուհին Զապելն էր (1226-1252)` Լևոն Առաջին արքայի դուստրը: Մահանալով թագավորը հասցրեց նշել իր գահաժառանգի անունը՝ Զապել: Այս որոշումը, սակայն, ոչ բոլորն ընդունեցին: Մասնավորապես՝ Անտիոքի դուքս Ռայմոնդին, Երուսաղեմի թագուհի Ռիթային և այլն: Այլոց պլանները, սակայն, խափանվեցին: Կիլիկիայի հայ ավագանու ժողովը որոշում է Զապելին ամուսնացնել Անտիոքի դքսության թագաժառանգ Ֆիլիպի հետ՝ պայմանով, որ վերջինս պետք է թագավորի հայկական օրենքներով ու հարգի հայ եկեղեցու դավանանքն ու իրավունքները: Իսկ նրանց զավակը պետք է ժառանգեր Կիլիկիո և Անտիոքի գահը: Յոթնամյա թագուհու համար կարևոր էր, որ Ֆիլիպի մայրը հայուհի էր: Սակայն Ֆիլիպը խախտեց պայմանը՝ վարելով հայկական շահերից չբխող քաղաքականություն: Զապելին որոշեցին ամուսնացնել Կոնստանդին Հեթումյանի որդու՝ Հեթում Առաջինի հետ, որով էլ Հեթումյան արքայատոհմի հիմքը դրվեց: Զապելը իմաստուն քաղաքականություն էր վարում: Նա աշխարհագիր անցկացրեց, պետական կայուն հարկեր սահմանեց ու պետական թոշակով բացեց աղքատանոցներ ու գոդյաց տներ: Նա մեծ ուշադրություն էր դարձնում կրթությանը, կազմակերպում երիտասարդների ուսումը: Նրա նախաձեռնությամբ հիմնվում է նաև հիվանդանոց, որը գործում է մինչև թագավորության անկումը:

Կիլիկյան թագավորությունից հայտնի են Զապլուն, Սիպիլը (Սիբիլլա), Զապել Առաջինը, Կեռանը (Աննա), Մարգարիտ Առաջինը, Զապել Երկրորդը, Զապել Երրորդը, Զապել Չորրորդը, Յոհանան, Ագնեսը (Մարիամ), Ալիծը, Կոնստանցան կամ Էլեոնորան, Թեոդորան, Մարիունը, Իրենեն, Մարգարիտ Երկրորդ Սուասսոնը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: