Հայերեն   English   Русский  

ՊԻ՛ՆԴ ԿԱՑԵՔ


  
դիտումներ: 2246

Հունիսի 29-ին՝ 79 տարեկան հասակում մահացել է գրող Հրանտ Մաթևոսյանի եղբայրը՝ արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը:

«Թե երջանիկ բարեպատեհությամբ Հովհաննես Թումանյանի Գիքորին դժբախտություն չպատահեր ու խառնակ ժամանակների միջով հասներ էս հին ու նոր օրերին, ապա աշխարհի մեծ քաղաքներից մեկում նա անպայման կդառնար…Հրաչյա Մաթևոսյան…

Տաղանդավոր գրող-հրապարակախոսի ծննդյան 70-ամյա տարեդարձին արտասանած վերոհիշյալ համեմատությունս մամուլն առանձնացրել էր որպես ամենադիպուկ բնութագիր, իրեն էլ շատ դուր էր եկել:

Հրաչյա Մաթևոսյանն իր ստեղծագործություններից մեկը վերնագրել է «Մոլորյալ ժամ», ուր իր անկեղծ մտահոգություններն են երկրի ու քաղաքացու էսօրվա ու վաղվա համար, շիտակ ու անաչառ ցասումն ու ընդվզումը կեղծիքի ու անարդարության դեմ:

Էսօր մեր սիրելի Հրաչիկը (առաջին անգամ ինձ թույլ եմ տալիս այդպես դիմել ավագ ընկերոջս) իր «Մոլորյալ ժամ»-ի լուսե հետագծով ուղենշեց մեր անցնելիք անխոչուխութ ճամփան ու հարազատավարի հուսադրեց` «ՊԻ՛ՆԴ ԿԱՑԵՔ»:

Ես հեքիաթներին հավատալու թուլություն ունեմ, հավատում եմ, որ, թե մի կարգին թափ տանք Հրաչիկի գրպանները, անպայման գույնզգույն կոճակներ ու չիթ-մթի նախշուն կտորտանք էլ կգտնենք, թե չգտնենք էլ` իր ցաքուցիր թղթերում, ամենուր, Լոռվա սար ու ձորերի, հանդ ու չոլերի, հով-զովերի, աղբյուր-առուների պաղպաջուն կարկաչն ու զրնգոցն անպակաս են: Ինչպես ինքն էր խնդալով ասում`քաղաքի բազամաբնակարան շենքի 12-րդ հարկում ի՞նչ Ցուլ – ինքը Ցուլի տարում էր ծնվել: Ցուլը հանդ ու արոտում է լինում` իր հոտի հետ, ինքը քաղաք էր եկել, որ քաղաքացիք չխեղդվեն հեղձուկից, որ Լոռվա ծառ ու ծաղկի անապակ-մաքուր բույր ու նեկտարով թաթախուն շնչելիք օդը չպակասի: Թե չէ` ինքը մնաց քաղաքում, բայց շարունակեց ապրել իր Լոռվա անտառներում ու ծմակներում, լոռեցու անմեղ-միամիտ խոսք ու զրույցներում:

Էսօր, անշուշտ, Հրաչիկի պակասով կնոսրանա նաև մեր շնչելիք անապական օդը, սակայն և` մեզնից դեպի երկինք հեռացող լուսե կանթեղը կհուշի Հրաչօյավարի ապրելու շիտակ պարտքն ու պատասխանատվությունը:

Մեր խոնարհումն ու աղոթները Քեզ հետ, սիրելի՜-սիրելի՜ Հրաչօ` ԴԵՊԻ ՀԱՎԵՐԺԻ ԼՈՒՍԵ ՃԱՄՓԱՆ:

Պատգամդ կատարելու ենք` ՊԻՆԴ ԵՆՔ ՄՆԱԼՈՒ…»

Արձակագիր, բանահավաք Անդրանիկ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից







Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: