Հայերեն   English   Русский  

​Հայրենադարձված կանադահայն անգամ երևանյան երթուղայիններն է սիրում


  
դիտումներ: 10169

Հարի Քեթենջյանը ծնվել է Բաղդադում, հետո տեղափոխվել է Լիբանան, իսկ 70-ականների սկզբին հաստատվել է Կանադայում:

Նա նկարիչ է, երաժիշտ: Այժմ Հայաստանում է ու իրեն համարում է ոչ թե պարզապես հայ, այլ՝ հայաստանցի հայ: Չնայած ստիպված է ժամանակ առ ժամանակ գնալ Կանադա, քանի որ այնտեղ աշխատանքային պայմանագիր ու ծեր հորաքույր ունի, 6 ամիսը մեկ անպայման վերադառնում է Հայաստան` իր տուն:

Մինչ հարցազրույցը սկսելը, Հարի Քեթենջյանը խնդրում է, որ հոդվածում, եթե անգամ ինքը շփոթվի և օտար բառ օգտագործի, անպայման այն հայերեն դարձնեմ: Նրան այստեղ ամենից շատ ցավ է պատճառում այն, որ տեղացիները շատ օտար բառեր են գործածում, հատկապես՝ ռուսերեն: Իսկ հասարակական տրանսպորտում ընդհանրապես հայերեն երգ ու երաժշտություն չի հնչում: Նա շատ երկրներում է ապրել` Հունաստանում, Մեքսիկայում, Կոստա Ռիկայում և այլուր: Ասում է, որ ամենուր հանրային տրանսպորտում հնչում են ազգային երգեր, իսկ Հայաստանում` հիմնականում ռուսերեն ու անգլերեն: «Մի՞թե կամչնանք մեր հայերենեն»,-զարմանում է նա:

greeceMՀարի Քեթենջյանը նկարել սկսել է բավականին ուշ: Մինչ այդ Տորոնտոյում զբաղվում էր ոսկերչությամբ ու երաժշտությամբ: Երաժշտական խումբ էին հիմնել, որտեղ նա կիթառ էր նվագում, ու ընկերներով ակումբներում, հարսանիքներում նվագում էին` մեծ ճանաչում վայելելով հատկապես Լոս Անջելեսում: Բայց նկարչության սերը սրտում թաքնված էր, ու տարիներ անց այն արթնանում է նույն Լոս Անջելեսում, երբ մասնակցում է նկարիչ ընկերների ցուցահանդեսներին: Ասում է, որ թե՛ Բաղդադի, թե՛ Բեյրութի իր դպրոցական ընկերներից շատերն ընտրել էին գեղարվեստը, ինքը` ոչ, քանի որ կարծում էր, որ գծել անգամ չի կարող: «Մի օր դարդս պատմեցի ընկերներիս, ասացին` այստեղ դպրոց կա, գնա, սովորի՛ր»,- ծիծաղելով հիշում է նա:

Եվ այդպես 40 տարեկանում Հարի Քեթենջյանը սկսում է նկարչություն սովորել` հաճախելով Լոս Անջելեսի գեղարվեստի դպրոցներից մեկը: Երբ առաջին անգամ ոտք է դնում դպրոց ու տեսնում պատերին կախված զանազան նկարները, իր ուսուցչին վախվորած ասում է. «Ես ոչ մի բան նկարել չեմ գիտեր: Կրնա՞մ նկարել»: Երկու շաբաթ անց նա ոչ միայն նկարում էր, այլև զարմացնում իր տաղանդով:

Լոս Անջելեսում նկարչություն սովորելուց հետո նա կրկին վերադառնում է Տորոնտո, ուր ուսումը շարունակում է նկարչության ոլորտում, 4 տարի սովորում է նահանգի ամենահին գեղարվեստի դպրոցում: Ապա սկսում է նկարել, դասավանդել: Հետաքրքիր է, որ երբևէ Հայաստանը տեսած չլինելով` նրա նկարչության մեջ մեծ տեղ էր գրավում հայկական թեման` հայկական բնապատկերները, անգամ երևանյան հին փողոցները:

2012 թվականին Հարի Քեթենջյանն առաջին անգամ գալիս է Հայաստան: Իսկ մինչ այդ չգալու պատճառը պայմանավորված էր նաև հակահայաստանյան այն քարոզով, որ արվում էր սփյուռքում. «Վրադ դանակ կքաշեն, կթալանեն, կգողանան…»:

2008 թվականին նրա եղբայրը գալիս է Հայաստան: Այստեղ նաև մոտ բարեկամներ ունեին, որոնց հետ կապի մեջ էին: Եվ այդպես նա վերջապես որոշում է, որ անպայման պետք է ինքն էլ գա ու իր աչքով տեսնի հայրենիքը: Հենց առաջին այցից զգում է, որ այստեղ ինքը ոչ թե զբոսաշրջիկ է, այլ պարզապես իր տուն է եկել: Զարմանում ու հիանում է Հայաստանով, զգում, որ այն, ինչ տեսնում է իր շուրջը, իրենն է. «Երևանում երբևէ չէի եղել, բայց ես ինձ ի ծնե երևանցի եմ զգում, որովհետև ամբողջ կյանքս Երևան եմ երգել, Երևանն եմ գծել, Երևանով եմ ուրախացել, Երևանի մասին եմ խոսել: Երակս որ կտրեմ՝ կարմիր, կապույտ, նարնջագույն դուրս կուգա»,-ծիծաղում է նա:

Մեկուկես ամիս մնալուց հետո նա վերադառնում է Կանադա, սակայն սիրտն ու հոգին թողնում է Հայաստանում: Եվ դրանից հետո 6 ամիսը մեկ նա այստեղ է:

Հարի Քեթենջյանն իրեն հայրենադարձված հայ է համարում, որն ապրում է Հայաստանում և երբեմն-երբեմն գործերով մեկնում է Կանադա: Իրեն լիարժեք հայ ու հայաստանցի զգալու համար արդեն դիմել է, որ ՀՀ քաղաքացիություն ստանա: Սակայն ուզում է մի խնդրի մասին ասել. եղբայրն իրենից առաջ է դիմել ՀՀ քաղաքացիության համար, սակայն մերժել են անհեթեթ պատճառով: Եղբոր ծննդյան վկայականում հայերենով գրված է, որ Ավետիս Քեթենջյանը ծնվել է Բաղդադում, մկրտվել հայկական եկեղեցում: Այս տեղեկությունը, պարզվում է, հայությունը հաստատող բավարար ապացույց չեն համարել ու մերժել են կանադահայ հայրենադարձին` ասելով, որ վկայականում պետք է նշված լինի «ազգությունը` հայ»: «Լավ, գրված չէ, բայց հայերեն անուն-ազգանունը, հայերեն գրվածքը, հայկական եկեղեցում մկրտված լինելը բավարար ապացույց չե՞ն: Ծիծաղելի է»:

Հարի Քեթենջյանն արդեն դիմել է, և հայաստանցի ընկերներն էլ օգնել են փաստաթղթերի հարցում: Հիմա սպասում է պատասխանին: Այս երկու օրը կիմանա` ընդունել են, թե մերժել: Կանադահայ նկարչի համար այդ փաստաթուղթը բարոյական նշանակություն ունի, քանի որ դա վկայում է ոչ միայն իր հայ լինելը, այլև հայաստանցի լինելը. «Թե չէ՝ նորեն սփյուռքահայ ես»:

Իսկ Հայաստանում նա սիրում է ոչ միայն Արարատի բնապատկերը, երևանյան գեղեցիկ կենտրոնը` իր նորաոճ ռիթմով, այլև Հայաստանն ամբողջությամբ, անգամ՝ շատերի համար տհաճ երթուղայիննները: Այո, երբ գալիս է Հայաստան, ապրում է ոչ թե Երևանի կենտրոնում, ինչպես սփյուռքահայերի մեծ մասը, այլ Երրորդ մասում (Շենգավիթ վարչական շրջ.), իսկ կենտրոն հասնում է ոչ թե տաքսիով, այլ երթուղայինով, որպեսզի զգա սովորական երևանցու ապրելակերպն ու կյանքը: «Ես հոս տուրիստ չեմ, 44 համարով կերթամ-կուգամ, հետերնին կնստիմ, մարդոց դեմքերը կնայիմ: Ինչո՞ւ, արաբներուն, հույներուն, մեքսիկացիներուն հետ նստել եմ, իմ հայերուն հետ չպիտի՞ նստեմ: Ինձի կսեն` հոտ կուգա, մարդիկ կհոտին: Է, թող հոտին, իմ հայերս են: Մեքսիկացիներուն հոտեն հո լա՞վ է,- ծիծաղում է նա ու հավելում,- չեմ գիտեր, թե ինչքան կտևի սերս: Հուսով եմ` չի մարի»:

Ըստ նրա` ամեն բան երկու կողմ ունի, նայած թե որ կողմից ես նայում: Եթե ուզում ես վատը տեսնել՝ անպայման կտեսնես: Լավը տեսնելու համար՝ լավը պիտի տեսնես, դա քո ներսից է գալիս: Հենց այդ դիտանկյունից էլ նա տեսնում է Հայաստանը ու զգում, որ սա իր տունն է, իսկ իր հայրենակիցներն իր հարազատները` բոլոր թերություններով հանդերձ: Ուստի, երբ օրինակ՝ Տորոնտոյում քայլելիս ոտքի տակ մի քար է ընկած տեսնում, շրջանցում է, բայց երբ Երևանի փողոցներով է քայլում, ոտքի տակ ընկած քարը վերցնում է, մի կողմ նետում, որ հանկարծ մեկնումեկի ոտքին չդիպչի ու վայր գցի...





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: