Հայերեն   English   Русский  

​ՀԱՅԵՐՆ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ


  
դիտումներ: 2722

Հայերն Անգլիայում հաստատվել են վաղ միջնադարից: Ավելին՝ անգլիական հնագույն տարեգրությունում` «Անգլո-սաքսոնական քրոնիկոնում», որ IX դարի աղբյուր է՝ գրված Ալֆրեդ Մեծի թագավորության ժամանակ (871-899), նշված է. «Բրիտանիա կղզին ունի 800 մղոն երկարություն և 200 մղոն լայնություն: Այդ կղզում հինգ ազգություն կա` անգլիացիներ, բրիտներ, սքոթներ, պիկտեր, լատիններ: Կղզու առաջին բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են Արմենիայից և ի սկզբանե բնակվել են Բրիտանիայի հարավում»:

Եվ մեր նախնիները քաղաքակրթություն են տարածել Բրիտանական կղզիներում՝ նախկին Ալբիոնում: Նրանք աշխարհի հնագույն աստղադիտարանի՝ Սյունիքի Քարահունջի նմանությամբ Անգլիայում կառուցեցին Սթոունհենջը, ինչը շատ նման է իր նախորդին ոչ միայն անվամբ, այլև՝ ձևային լուծումներով:

Բացի բուն Անգլիայից, այլ վարկածների համաձայն, մեր նախնիներն են եղել նաև Իռլանդիայի առաջին բնակիչները: Նախ՝ բառն ինքնին հուշում է՝ Իռլանդիա՝ Ար(իների) երկիր, բացի այդ, հայ-կելտական էթնիկ և մշակութային ընդհանրությունները շատ խոսուն են: Բավական է միայն նշել, որ հայերից զատ, միայն իռլանդացիներն իրենց մշակույթում ունեն խաչքարագործություն:

Հետաքրքիր փաստ է, որ այսօր իռլանդական եկեղեցին իր ծիսերգության մեջ աստծուց բարօրություն է խնդրում նաև Հայաստանի համար: Սա, իհարկե, Հայաստանի՝ որպես առաջին քրիստոնյա երկրի անդրադարձն է: Իռլանդական Սիլ Աշիդ եկեղեցու եպիսկոպոսը XIII դարում հայ է եղել, և այս եկեղեցու վրա հայ ճարտարապետության հետքեր կան: Ինչպես վկայել է անգլիացի պատմիչ Մեթյու Փարիսը, 1250 թ. մոնղոլ-թաթարական արշավանքից հալածված մի խումբ հայ կղերականներ ժամանել են Անգլիա ու հաստատվել այնտեղ:

Այսօր Անգլիայում՝ Բրիտանական թանգարանում է պահվում հայոց ազգային սրբազան մասունքներից մեկը՝ Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը:

Հայ-անգլիական դիվանագիտական, միջպետական հարաբերությունների սկիզբ կարելի է համարել 1189 թվականը, երբ Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտը, ղեկավարելով խաչակիրների բանակը, հայտնվեց Արևելքում:

XVIII դարում, երբ հզորացավ Հնդկաստանի հայ գաղթօջախը, անգլիացիները, որ ուզում էին ամրապնդվել Հնդկաստանում, սկզբնական շրջանում համագործակցեցին հայ առևտրական խավի հետ: Անգլիայի կառավարությունն անգամ արտոնություններ շնորհեց հայերին անգլիական նավատորմով առևտուր ծավալելու համար: Սակայն ամրապնդվելով Արևելքում և գաղութացնելով Հնդկաստանը՝ անգլիական կառավարությունը պայքար ծավալեց հայոց դեմ: Հայերը Հնդկաստանում հնդիկ ժողովրդի կողքին պայքարի ելան անգլիական գաղութարարության դեմ:

XVIII դարի վերջից Հնդկաստանի հայ գաղթօջախից հոսք սկիզբ առավ դեպի Անգլիա: Մեծ թվով հայեր Բրիտանական կղզիներում հաստատվեցին նաև Օսմանյան Թուրքիայի տարածքից: XVIII դարի հայ բանաստեղծ Գրիգորիսը, այցելելով Անգլիա, գրել է «Գովք Պրիթանիոյ» հայերեն բանաստեղծությունը:

Հաստատվելով Անգլիայում՝ հայերն աչքի ընկան գործարարությամբ: Նրանք արագ ինտեգրվեցին անգլիական կենցաղին, կյանքին: 1829 թ. Լոնդոնի երկու շերիֆներից մեկը եղել է հայ՝ Ռաֆայել Ալեքսանդր անունով:

Հայ ազատագրական շարժման գործիչ Հովսեփ Էմինի գործունեության շատ դրվագներ կան՝ կապված Անգլիայի հետ: Նա 1751 թ. հայտնվում է Լոնդոնում, ուր սովորում է Վուլվիչի ռազմական ակադեմիայում, յուրացնում ռազմական գործը և բրիտանական բանակի սպայի կոչումով մասնակցում է Յոթնամյա պատերազմին` կռվելով ֆրանսիացիների դեմ:

Էմինը կապեր էր հաստատել անգլիական վերնախավի հետ, փորձում էր նրանց միջոցով ձեռնարկել Հայաստանի փրկության գործը: Պահպանվել է Հովսեփ Էմինի նամակը՝ ուղղված Անգլիայի վարչապետ Վիլյամ Պիտտին.

«Բազմաթիվ հայեր քաղցի և ծարավի կենթարկվին և երկար ճանապարհորդություններ կը կատարեն, բայց բոլոր այդ նեղությունները հանձն կառնվին միմիայն դրամի համար: Ես առաջինը անոնց մեջ այդ նեղությունները կը դիմագրավեմ ուսման համար, իմ Հայրենիքիս համար: Ես բեռնակիր եղա իմ ուսման համար և ոչ թե իմ ապրուստին, և իմ այդ խոնարհ ծառայության մեջ պարկեշտ մնացի ես: Գնահատվեցավ այդ պարագան, և մեծանձն հոգիներ իրենց բարությամբ վեր բարձրացրին զիս: Ոչ ծույլ էի ես, ոչ ապերախտ: Վերը գտնվեի թե վարը, վատ չեղա ես»:

Համենայն դեպս, չնչին բացառություններով, Անգլիան հանդես չի եկել հայկական շահերի պաշտպանությամբ: Քանի որ Արևմտյան Հայաստանի հայությունը, իր առջև չդնելով ազգային ազատագրության խնդիր որպես այդպիսին, քաղաքական ամենահեռահար նպատակ էր դրել Ռուսաստանին միավորվելը, ինչը կարող էր հանգեցնել Արևելքում ռուսական ազդեցության էապես մեծացմանը, անգլիական կառավարությունը հանդես էր գալիս Օսմանյան կայսրության շահերի պաշտպանությամբ:

Անգլիայի վարչապետ Ռոբերտ Արթուր Թոլբոթ Գասքոյն-Սեսիլ Սոլսբերին 1896 թ. ապրիլի 30-ին Լորդերի պալատում հայտարարել է, թե հայ բնակչությանը պաշտպանելու համար զերծ պետք է մնալ ռազմական միջամտությունից, քանի որ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»:

Հայ-անգլիական քաղաքական մերձեցում, այնուամենայնիվ, եղավ: 1918 թ. աշնանը Մուդրուսի զինադադարով, երբ Թուրքիան դուրս եկավ Առաջին աշխարհամարտից որպես պարտված կողմ, ՀՀ կառավարությունը սկսեց համագործակցել Անտանտի երկրների, մասնավորապես՝ Անգլիայի հետ: Անգլիայի կառավարությունը ոչ միայն հումանիտար մեծ օգնություն ցուցաբերեց հայությանը, այլև հանդերձավորեց ու սպառազինեց հայկական բանակը:

Իսկ հայ-անգլիական հարաբերությունները պատկերացնել առանց լորդ Բայրոնի՝ անհնար է: Նա անգամ այցելեց Վենետիկի Մխիթարյան միաբանություն, միառժամանակ բնակվեց այնտեղ, ուսումնասիրեց հայերենը.

«Անդունդից վեր բարձրանալու նպատակով ամեն օր ինձ տրամադրեցի հայոց լեզվի ուսումնասիրությանը: Զգում էի, որ հոգիս կարիք ուներ կապվելու մի շատ լուրջ ու փութաջան աշխատանքի: Ահա թե ինչու ընտրեցի հայերենը, որն աշխարհի ամենաբարդ լեզուն է, որը և կամքս կոփելու գերազանց միջոց է»:

Իսկ հայերենի մասին գրած նրա տողերը թերևս հավերժ կմնան չգերազանցված. «Աստվածների հետ հաղորդակցվելու միակ լեզուն հայերենն է»:

XIX դարում Լոնդոնի ազնվական և գրական շրջանակներում ճանաչված հայորդի էր Չառլզ Համիլթոն Այդեն (Այտընյան 1826-1906), որ հեղինակել է անգլիական ազնվականության կյանքը պատկերող վեպեր:

1890-ականներին Անգլիայում է ապաստանել գրող, թարգմանչուհի, նկարչուհի Զապել Պոյաճյանը:

1890-ականների վերջին Լոնդոնում են հաստատվել հայ մեծանուն վիպասան Րաֆֆու որդիները` Արշակ և Արամ Րաֆֆիները, որոնք 1898-ին հիմնել են «Լոնդոնի հայ գործավորների և ուսանողների միությունը»՝ Հայկական ակումբը: Հետագայում Արամ Րաֆֆին Հայկական ակումբը վերակազմել է «Հայոց միացյալ ընկերության», որը հրատարակել է «Արարատ» անգլերեն ամսաթերթը: Այս հանդեսում է իր առաջին գրական քայլերն արել հետագայում անգլիական գրական շրջանակներում նշանավոր դարձած արձակագիր Մայքլ Առլենը (Տիգրան Գույումջյան):

XX դարասկզբին Անգլիայում հաստատվեց մեծանուն հայ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանը, որը հետագայում իր վերջնական հանգրվանը գտավ Պորտուգալիայում:

Անգլիայում հայտնի հայեր էին նաև լուսանկարչուհի Իդա Քարը (Քարամյան), կին օդաչու Մոնիկ Աղազարյանը, որ ստեղծել է օդաչուական ուսուցման նոր ծրագիր, մաթեմատիկոս Տիգրան Թահթան, կինոդերասաններ Գրեգուար Ասլանը և Գևորգ Մալըքյանը, ջութակահար Մանուկ Բարիքյանը, երգիչ, նկարիչ Խաչիկ Փիլիկյանը և նրա եղբայրը` բեմադրիչ, թատերագետ, գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, դասական լեզուների և թատրոնի պատմության պրոֆեսոր Հովհաննես Փիլիկյանը, որ 40-ից ավելի նորարարական բեմադրություններ է իրականացրել Անգլիայի և այլ երկրների թատրոններում:

Տատի՝ Էլիզա Գևորգի կողմից հայուհի էր արքայադուստր Դիանան: Նշանավոր հայերից են նաև վիրաբույժ, լորդի տիտղոսի արժանացած Արա Դարզին, նորաձևության դիզայներ Չառլզ Անաստասը, դերասան Էնդի Սերկիսը՝ «Քինգ Քոնգ» ֆիլմի գլխավոր դերակատարը, ինչպես նաև հեռուստաաստղ Դեյվիդ Դիքինսոնը:

Նշանավոր ճարտարապետ Հարո Բեդելյանի նախագծով կառուցվել է Լոնդոնի մետրոպոլիտենի Վիկտորյա հատվածը, Լա Մանշի 50 կմ երկարությամբ թունելը:

Արդեն XIX դարի առաջին կեսին Լոնդոնում, Լիվերպուլում և Մանչեստրում համեմատաբար մեծաթիվ հայեր էին բնակվում: Իսկ 1914-1922 թթ. հայերի հոսքը դեպի Անգլիա ավելի ստվարացավ՝ կապված Առաջին աշխարհամարտի և հայկական ջարդերի հետ: Իսկ XX դարի կեսերին Անգլիայի հայ գաղութը ստվարացավ Մերձավոր Արևելքի երկրներից այնտեղ տեղափոխված հայության հաշվին:

1870 թ. Ալեքսանդր Մանթաշյանցի միջոցներով Մանչեսթր քաղաքում կառուցվել է Սուրբ Երրորդության հայկական եկեղեցին: Առհասարակ Անգլիայում գործող երեք հայ առաքելական և մեկ հայ ավետարանչական եկեղեցիներ կան:

Ներկայումս Անգլիայում մոտ 30 հազար հայ է բնակվում, մեծ մասը՝ Լոնդոնում: Լոնդոնում գործում է Հայ տունը, որ հայերի հավաքատեղին է, այստեղ կազմակերպվում են մշակութային միջոցառումներ:

Լոնդոնում և Մանչեսթրում գործում են շաբաթօրյա և կիրակնօրյա հայկական դպրոցներ: Գրեթե 20 տարի լույս է տեսնում «Նոր սերնդի ձայն» պարբերականը:

Նկարում՝ Լոնդոնի սուրբ Սարգիս եկեղեցին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: