Հայերեն   English   Русский  

​ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ


  
դիտումներ: 3045

Ձերբակալության օրը՝ հունիսի 2-ին, Գրիգոր Զոհրապը Cercle d’Orient ակումբում Թալեաթ փաշայի և Հալիլ բեյի հետ երեկո էր անցկացնում և քննարկում երկրի վիճակը: Կեսգիշերին Զոհրապը վեր կացավ, որ տուն գնա: Ոտքի է կանգնում նաև Թալեաթը, մոտեցնում Զոհրապին ու համբուրում այտը...

XX դարասկզբի արևմտահայ նշանավոր գործիչներից է Գրիգոր Զոհրապը: Լինելով հայ գրականության մեջ նովելների ժանրի չգերազանցված վարպետ՝ նա աչքի է ընկել նաև այլ ոլորտներում: Գրիգոր Զոհրապը քաղաքական գործիչ էր, անվանի իրավաբան:

Գրիգոր Զոհրապը (Զոհրապյան) ծնվել է 1861 թ., Կոստանդնուպոլսի Պեշիկթաշ թաղամասում հաստատված ակնեցի Խաչիկ էֆենդու և մալաթիացի Էֆթիկ խանումի ընտանիքում: Պատանի Զոհրապն ընդունվում է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարան և ստանում նախնական կրթություն: Ինը տարեկան էր նա, երբ մահացավ հայրը՝ Խաչիկ էֆենդին: Մեկ տարի անց Զոհրապի մայրն ամուսնացավ Ավետիս Յորտումյանի հետ, որը Պոլսում ճանաչված փաստաբան էր: Նա բնակվում էր Օրթագյուղում և կնոջն ու նրա զավակներին՝ Գրիգորին ու Միհրանին տանում է իր տուն: Գրիգորն ուսումը շարունակում է Օրթագյուղի Թարգմանչաց վարժարանում: Այստեղ էլ առաջին քայլերն է անում գրականության ասպարեզում՝ գրելով առաջին բանաստեղծությունները: Զոհրապն այդպես էլ աչքի չընկավ որպես պոետ, սակայն դարձավ նովելի վարպետ:

1876 թ., ավարտելով դպրոցը, Գրիգոր Զոհրապն ընդունվում է Ղալաթասարայի վարժարանը, որտեղ երկրաչափություն է ուսումնասիրում: Ի դեպ, վարժարանն այն տարիներին Օսմանյան կայսրության միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն էր:

Շուտով, սակայն, Զոհրապը ընդունվում է նույն վարժարանի իրավագիտության բաժինն ու միաժամանակ աշխատանքի անցնում Ավետիս Յորտումյանի իրավաբանական գրասենյակում: Զոհրապը 1884 թ. Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան-իրավաբանի կարգավիճակ:

Գրիգոր Զոհրապն առաջին լուրջ քայլերն արեց գրականության ասպարեզում, երբ 17 տարեկան էր: 1878 թ. նա դարձավ Պոլսում հրատարակվող «Լրագիր» օրաթերթի թղթակիցը: Նա աչքի ընկավ հրապարակախոսական ոլորտում և կարճ ժամանակ անց մեծ ճանաչում ձեռք բերեց արևմտահայ գրական շրջանակներում:

1883 թ. Գրիգոր Զոհրապը Հակոբ Պարոնյանի հետ հրատարակեց «Երկրագունդ» հանդեսը, մեկ տարի անց՝ իր անդրանիկ վեպը՝ «Անհետացած սերունդ մը»:

27 տարեկան հասակում Գրիգոր Զոհրապը հանդիպեց իր սիրուն՝ Կլարա Յազչյանին, ամուսնացավ: Կլարան Զոհրապին չորս զավակ պարգևեց՝ երկու որդի և երկու դուստր՝ Լևոն, Դոլորես, Արամ և Հերմինե: Մինչ կյանքի վերջը Զոհրապ ամուսինները գորովալից սեր էին տածում միմյանց նկատմամբ:

Այնքան մեծ էր Գրիգոր Զոհրապի հեղինակությունը պոլսահայության շրջանում, որ նա 1891 թ. ընտրվեց Ազգային ժողովի երեսփոխան: Սակայն երիտասարդ իրավաբանի թեկնածությունը Ազգային ժողովում չհաստատվեց, քանզի տարիքային ցենզ կար՝ երեսփոխանը պետք է առնվազն 30 տարեկան լիներ:

Զբաղվելով հասարակական գործունեությամբ՝ Զոհրապը շարունակում էր ստեղծագործել: 1892 թ. նա հրատարակեց «Մասիս» հանդեսը, որի էջերում մեծ տեղ էր հատկացնում ազգային խնդիրներին, ժամանակի քաղաքական անցուդարձին: 1898 թ. «Մասիսը» դարձավ օրաթերթ, Զոհրապը հիմնականում այդ հանդեսում էր հրատարակում իր նովելները:

Այնուամենայնիվ Գրիգոր Զոհրապը Պոլսում շատ ավելի հայտնի էր որպես փաստաբան: Նա ռուսական դեսպանատան իրավագետ-խորհրդականն էր ու թարգմանիչը: Վարժ տիրապետում էր ֆրանսերենին, որ այդ ժամանակվա միջազգային դիվանագիտության լեզուն էր, ինչը հնարավորություն էր տալիս, որ աղմկահարույց գործեր վերցներ օտարահպատակներից ու շահեր դատը՝ բարձրացնելով իր վարկանիշը: Շատ արագ նրա համբավը տարածվեց Օսմանյան Թուրքիայի սահմաններից դուրս:

Դա, իհարկե, դուր չէր գալիս պետական պաշտոնյաներին, և 1906 թ. Թուրքիայի արդարադատությունն արգելեց Զոհրապի փաստաբանական գործունեությունը Օսմանյան Թուրքիայի տարածքում և արտաքսեց նրան երկրի սահմաններից:

Զոհրապն ստիպված էր տեղափոխվել Եվրոպա և հաստատվել Փարիզում: Սակայն 1908 թ. թուրքական հեղափոխությունից հետո, երբ Թուրքիայում հաստատվեցին սահմանադրական կարգեր, նա ընտանիքով վերդարձավ Կոստանդնուպոլիս:

Վերադառնալով նա նորից արագ ինտեգրվեց հասարակական կյանքին և ընտրվեց թուրքական խորհրդարանի անդամ: Զոհրապը շատ ակտիվ էր և լայն կապեր ուներ թե՛ թուրք, թե՛ հայ և հույն գործիչների հետ: Միաժամանակ Պոլսի համալսարանի իրավաբանական բաժնում դասավանդում էր քրեական իրավունք:

Նա առաջինն էր, որ օսմանյան խորհրդարանում արծարծեց 1909 թ. Ադանայի ջարդերի հարցը՝ պահանջելով, որ իրավական հարթակ բերվեն կազմակերպիչներն ու պատժվեն:

Իր խորհրդարանական գործունեության ընթացքում Զոհրապն առաջ քաշեց Թուրքիայի հայկական շրջաններում բարենորոգումներ իրականացնելու հարցը՝ դրանով իսկ նպաստելով Հայկական հարցը միջազգային դիվանագիտության օրակարգ մտցնելուն:

Առհասարակ իր քաղաքական հայացքներով Զոհրապը հարում էր Հայ հեղափոխական դաշնակցության տեսակետններին ու արևմտահայության ապագան տեսնում էր Օսմանյան պետության կազմում ներքին լայն իրավունքներով: Այս իմաստով Գրիգոր Զոհրապը հայերի և թուրքերի հաշտեցման ու եղբայրության ջատագովն էր: Խոսելով հետսահմանադրական Թուրքիայում հայերի և թուրքերի հարաբերությունների մասին՝ նա առաջ քաշեց հետևյալ կարգախոսը. «Մեր կրոնը տարբեր է, իսկ հավատքը` նույնը. բոլորս ազատության հավատակիցներ ենք»: Իր հայացքների համար սոցիալիստ Զոհրապին կարելի է նաև բնութագրել որպես աշխարհաքաղաքացի: Նա երբեք հայության ազատագրության և անկախ պետականության ստեղծման խնդիր չդրեց՝ Հայկական հարցի լուծումը տեսնելով միայն Օսմանյան կայսրության սահմաններում, բայց և համոզված էր, որ հայության խնդիրները կբավարարվեն միայն միջազգային դիվանագիտության ճնշումների պարագայում:

Զոհրապը 1913 թ. Մարսել Լեար ծածկանունով Փարիզում հրատարակեց «Հայկական հարցը վավերագրերի լույսի ներքո» ֆրանսերեն գրքույկը, ինչը լիովին արտահայտում էր անցյալ դարասկզբի հայ քաղաքական մտքի սկզբունքները:

Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը: Հայոց քաղաքական միտքը, ցավոք, ճկուն չեղավ, որպեսզի ճիշտ կողմնորոշվեր ստեղծված նոր իրավիճակում, առհասարակ պատրաստ չէր դեպքերի նման զարգացմանը:

Երիտթուրքերը ծրագրեցին հայոց եղեռնը: Դրա իրագործման համար նախ հարկ համարեցին գլխատել հայ մտավորականությանը: Եվ 1915 թվականի ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Պոլսում ձերբակալվում է 250 հայ մտավորական: Ձերբակալվածների մեջ Զոհրապը չկար: Նա, օգտագործելով իր կապերը Թուրքիայի իշխող ուժերի հետ, ձգտեց օգտակար լինել հայ մտավորականությանն ու հասնել նրանց ազատ արձակմանը: Զոհրապը ընկերական հարաբերություններ ուներ և մտերիմ էր հատկապես ներքին գործերի նախարար Թալեաթի և խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշայի հետ: Զոհրապն օսմանյան ատյանները հեղեղում է նամակներով, բողոքագրերով: Սակայն թուրքերը ոչ միայն չհետևեցին Զոհրապի հորդորներին, այլև 1915 թ. մայիսի վերջին նրա և հասարակական գործիչ Վարդգես Սերենգուլյանի ձերբակալման հրամանը տվեցին: Ողբերգական էր Զոհրապի վախճանը: Հունիսի 2-ին Զոհրապը Cercle d’Orient ակումբում Թալեաթ փաշայի և Հալիլ բեյի հետ երեկո էր անցկացնում և քննարկում երկրի իրավիճակը: Կեսգիշերին Զոհրապը վեր կացավ, որ տուն գնա: Ոտքի է կանգնում նաև Թալեաթը, մոտեցնում Զոհրապին ու համբուրում այտը: Նույն գիշերը Զոհրապը ձերբակալվեց Թալեաթի հրամանով:

Շաբաթներ անց՝ հուլիսին, Գրիգոր Զոհրապը սպանվեց աքսորի ճանապարհին՝ Եդեսիայի մատույցներում, օսմանյան բանակի սպա Չերքեզ Ահմեդի ձեռքով: Ճանապարհին իբր փչանում է սայլը: Եվ Չերքեզ Ահմեդը խնդրում է Զոհրապին օգնել նորոգելու անիվը: Երբ Զոհրապը կռացած փորձում է կարգի գցել սայլանիվը, ոճրագործը քարով ջախջախում է նրա գլուխը:

Ուֆայի քաղաքային բժշկի եզրակացության համաձայն՝ Զոհրապը մահացել է քաղաքի մատույցներում սրտի կաթվածից:

Նրա վերջին նամակը՝ ուղղված կնոջը՝ Կլարային, բովանդակում է Զոհրապի պատգամը. «Սիրելի՛ս, միա՛կս, արդեն մեզ համար սկսվում է վերջին արարը: Այլևս ուժ չունեմ: Եթե կենդանի չմնամ, երեխաներիս իմ վերջին պատգամն այն է, որ միշտ իրար սիրեն, քեզ մեծարեն ու պաշտեն, չվշտանան ու ինձ էլ հիշեն»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: