Հայերեն   English   Русский  

​ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐ


  
դիտումներ: 3846

Մ.թ.ա. VII դարում Արարատյան թագավորությունը թուլացել ու պառակտվել էր:

Կորցնելով երբեմնի հզորությունը՝ արարատյան արքաները հարկատու էին հայոց գլխավոր ախոյանին՝ Ասորեստանի թագավորությանը: Այս պայմաններում երկրի հարավ-արևմուտքում Հայկյան սերունդներից Պարույր Սկայորդին (Հսկայորդի), համախմբելով իր շուրջը կարող ուժերին, իրեն թագավոր է հռչակում՝ նպատակ ունենալով իր թագի տակ միավորել ողջ Հայաստանը:

Մ.թ.ա. 612 թ. Ասորեստանին պատերազմ հայտարարեցին Մարաստանն ու Բաբելոնը: Նրանք դաշինքի հրավիրեցին նաև Պարույր Սկայորդուն, որը հայոց այրուձիով մասնակցեց ասորական բանակի ջախջախմանն ու կործանեց Ասորեստան պետությունը: Ի նշանավորումն այդ դաշինքի՝ Մարաստանն ու Բաբելոնը Պարույրին ճանաչեցին հայոց թագավոր՝ նրան թագ ու արքայական նշաններ ուղարկելով: Այսպիսով, ինչպես պատմահայր Խորենացին է նշում, Պարույր Սկայորդին դարձավ հայոց առաջին պսակավոր թագավորը: Իսկ նրա հիմնադրած արքայական հարստությունն ավելի քան 400 տարի՝ մ.թ.ա. 612-200 թթ. կառավարեց հայոց երկրում, և հարստությունը Պարույր Սկայորդու հաջորդներից մեկի՝ Երվանդ Ա Սակավակյացի անվամբ կոչվեց Երվանդունի:

Տիրելով հայոց երկրին՝ Երվանդունիները համախմբեցին հայությանը և թուլացած ու կործանվող Արարատյան թագավորության փոխարեն հիմնեցին Մեծ Հայքի հզոր թագավորությունը: Երվանդունիները երկրի քաղաքական կենտրոնը Վասպուրականից տեղափոխեցին Այրարատյան աշխարհ՝ այնտեղ հիմադրելով նոր քաղաքներ՝ Արմավիրը, Բագարանը, Երվանդաշատը, Երազգավորսը, որոնք, հանդիսանալով հին աշխարհի մեծ ու ծաղկուն քաղաքներ, տարբեր ժամանակներում եղել են հայոց պետության մայրաքաղաք՝ միաժամանակ կատարելով նաև հոգևոր կենտրոնի գործառույթներ:

Երվանդունիների վաղ շրջանի գահակալների կյանքից լավ է լուսաբանված Պարույր Սկայորդու, Երվանդ Սակավակյացի, Տիգրան Երվանդյանի, նրա որդու՝ Վահագն արքայի գործունեությունը: Տիգրան Երվանդյանը ահեղ մարտի մտավ Հայաստանի անվտանգությանն սպառնացող Մարաստանի դեմ, մենամարտում տապալեց մարաց Աժդահակ արքային և կործանեց Մարաստան պետությունը, որի փլատակների վրա հառնեց Աքեմենյան Պարսկաստանը: Հետագայում Մեծ Հայքի թագավորությունը դառնում է Աքեմենյան Պարսկաստանին ենթակա պետություն:

Երվանդունիները միայն Մեծ Հայքում չէին իշխում: Նրանց տոհմի ճյուղավորումները գահակալեցին Փոքր Հայքում, Ծոփքում, Կոմմագենեում: Այնքան մեծ էր հայոց արքայական ընտանիքի զորությունն ու ազդեցությունը, որ Երվանդունիների հետ խնամիական կապեր էին հաստատել հին աշխարհի հզորագույն տիրակալներն ու տոհմերը՝ Աքեմենյանները, Սելևկյանները: Օրինակ՝ հայոց Երվանդ Բ արքան, որ ամուսնացել էր պարսից արքայադուստր Հռոգունեի հետ, Աքեմենյան Արտաքսերքսես Բ արքայի փեսան էր:

Երվանդունիների թագավորության մասին մեզ հարուստ տեղեկություններ են հաղորդել նաև պարսկական, հունական աղբյուրները: Հունական աղբյուրների համաձայն՝ ողջ Արևելքում միջազգային տարանցիկ առևտուրը հայերի ձեռքում էր, և հայ առևտրականները հաճախ պարսից արքաների համար կատարում էին նաև թարգմանչական, դիվանագիտական ծառայություններ, անգամ՝ հեռավոր Հնդկաստանում:

Մ.թ.ա. 522 թ. Աքեմենյան Պարսկաստանում գահ է բարձրանում Դարեհ Ա արքան: Նրա դեմ ապստամբում են ենթակա թագավորությունները: Պարսիկների համար հատկապես կարևոր էր Մեծ Հայքի հպատակեցումը, քանզի հսկայական տերության մեջ պարսիկներից հետո իրենց ռազմական, տնտեսական հզորությամբ ու կարևորությամբ հենց հայերն էին: Երկարատև պատերազմի ժամանակ հայոց բանակը՝ Երվանդունի արքաների գլխավորությամբ, ոչ միայն մի քանի անգամ ջախջախում է պարսկական բանակները, այլև հակահարձակման անցնում: Ի վերջո, ծանր պայքարի գնով Դարեհը կարողացավ ընկճել հայերին: Նա դրա մասին ընդարձակ արձանագրություն է թողել Բեհիսթունի ժայռին, որում Հայաստանն առաջին անգամ կոչվում է Արմենիա:

Հայաստանը դառնում է Աքեմենյան տերության սատրապություններից մեկը, իսկ Երվանդունի հայոց արքաները, ըստ էության, կատարում էին նաև սատրապի՝ փոխարքայի դեր: Երվանդունիներն այդ շրջանում Պարսկաստանին վճարում էին տարեկան 400 արծաթե տաղանդ (10 տոննա արծաթ) հարկ և պարսկական բանակին տրամադրում 20 հազար նժույգ:

Հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում Քսենոֆոնն իր «Նահանջ բյուրոց» աշխատության մեջ: Պատմաբաններից ոմանք, վերլուծելով Քսենոֆոնի աշխատությունը, նշում են, որ մ.թ.ա. V դարում Հայքում քաղաքներ չեն եղել, քանզի Քսենոֆոնը չի նկարագրել որևէ քաղաք: Տրամաբանությունից զուրկ դիտարկում է, քանզի Հայքով փախուստի դիմող հույներն ուղղակի խույս են տվել քաղաքներից և մեծ բնակավայրերից, ուր, բնականաբար, զինվորական մեծ կայազորներ կլինեին: Ավելին, Քսենոֆոնը հաղորդում է, որ հայոց Երվանդ արքան ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3 հազար արծաթե տաղանդ (75 տոննա արծաթ) հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծյալ զինվորական ուժ:

Ի դեպ, Հայոց երկրի բարիքների և շենության մասին հույն պատմիչը հիշատակում է. «Չկար մի տուն, որտեղ սեղանին չդնեին ուլի, խոզի, հորթի և հավի միս ցորենի և գարու հացի հետ... Այստեղ նրանք արդեն ունեին անհրաժեշտ ամեն տեսակի պարենի և բարիքների առատություն, մորթելու անասուններ, հաց, անուշահոտ հին գինիներ, չամիչ, ամեն տեսակի ընդեղեն»: Եվ ուշադրություն դարձրեք՝ խոսքը հայոց գյուղերի մասին է:

Քսենոֆոնի վկայությամբ՝ հայերը գյուղերում, բացի գինուց, պատրաստում էին նաև գարեջուր, քնջութի և կտավատի ձեթ, դառը նշի և բևեկնի յուղի օծանելիք, անուշահոտ յուղեր:

Երվանդունիների թագավորությունն իր անկախությունը վերագտավ մ.թ.ա. 331 թ.: Ալեքսանդր Մակեդոնացին Արևելքը նվաճելու բաղձանքով իր բանակով հարձակվեց Աքեմենյան Պարսկաստանի վրա: Վճռական ճակատամարտը Ալեքսանդրի և Դարեհ III-ի բանակների միջև տեղի ունեցավ Հայքի սահմաններից ոչ հեռու՝ Հյուսիսային Միջագետքում՝ Գավգամելայի դաշտում: Պարսից մեծաքանակ բանակի աջ թևում կռվում էր հայոց 48 հազարանոց զորաբանակը Երվանդ Գ արքայի հրամանատարությամբ: Ճակատամարտի հենց սկզբից պարզից բանակը երերաց, նահանջեց, ապա անկանոն փախուստի դիմեց: Մինչև մթնշաղ դիմադրեց ու արժանապատիվ նահանջեց միայն հայոց զորքը: Եվ Դարեհի պետության կործանումից հետո Երվանդ արքան հռչակեց Հայաստանի անկախությունը:

Ալեքսանդր Մակեդոնացին անձամբ չարշավեց Հայքի վրա: Բայց նա մի զորաբանակ ուղարկեց Հայք Մենոն զորավարի հրամանատարությամբ: Սպերի ճակատամարտում հայերը Վահե Երվանդունու հրամանատարությամբ ջախջախեցին մակեդոնական զորագունդն ու սպանեցին Մենոնին:

Գավգամելայի ճակատամարտից հետո, Երվանդունիների տոհմի գլխավորությամբ, անկախություն հռչակեցին նաև Փոքր Հայքը, Ծոփք-Կոմմագենեն:

Թե՛ Փոքր Հայքը, թե՛ Ծոփք-Կոմմագենեն անկախ ու ընդարձակ պետություններ էին: Այս երկրների Երվանդունի գահակալներն անգամ սեփական դրամն էին հատում:

Ծոփքի Երվանդունի գահակալներից առավել հայտնի էին Սամոսը, Արշամը, որոնք հիմնեցին Սամոսատ, Սամոկերտ և Արշամաշատ մայրաքաղաքները: Ծոփք-Կոմմագենեի Երվանդունիների թագավորության ամենանշանավոր գահակալը, ինչ խոսք, Անտիոքոս Կոմմագենացին էր, որ մ.թ.ա. առաջին դարում իր երկրի բարձրագույն վայրում՝ Նեմրութ լեռան գագաթին, կառուցեց արքայական դամբարան և հայոց աստվածների դիցարանը խորհրդանշող հսկա հուշարձանախումբ, որ մինչ օրս, իրավամբ, համարվում է Հին աշխարհի ութերորդ հրաշալիքը:

Առանձին հետաքրքիր դրվագներ են պահպանվել հայոց Երվանդունի արքաների կյանքից: Մասնավորապես մ.թ.ա. VI դարի վերջում իշխած Հիդարնես Ա արքան հայոց երկրում վերականգնեց Նավասարդյան խաղերը: Այս խաղերն անց էին կացվում օգոստոս ամսին, երբ հայությունը նշում էր Ամանորը:

Նրա որդին՝ Հիդարնես Երկրորդը, Արմավիրում արձանագրություն է թողել, որում նկարագրել է իրեն կին դառնալու համար անհրաժեշտ արտաքին հատկանիշները՝ սպիտակ մաշկ, գեղեցիկ պարանոց, նուրբ քիթ, ուղիղ ատամներ: Ըստ արձանագրության՝ Հիդարնեսն ուներ այդ հատկանիշներն ու փորձում էր պահպանել իր տոհմի ազնվականությունը: Հատկանշական է, որ հայոց արքան զանազանություն չէր դնում բարձրատոհմիկ ազնվականության և գեղջուկների միջև: Հին հայոց արժեհամակարգում նման սոցիալական սուր հակասություններ չկային:

Հիդարնես Գ Երվանդունին, որ իշխել է մ.թ.ա. V դարի կեսերին, կազմակերպել է հազար շագանակագույն ձիերից բաղկացած հեծելազոր, որն ահուսարսափ էր ներշնչում թշնամիներին: Ուշագրավ է, որ համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ սա առաջին հիշատակությունն է այն մասին, որ արքան նույնանման հանդերձանքով կամ գույնով է սպառազինել ու հանդերձավորել իր բանակը:

Մ.թ.ա. V դարի վերջին իշխած Արտաշիր Երվանդունին մահից առաջ իր մոտ է կանչում որդիներին և հայտնում, որ յուրաքանչյուր Երվանդունու պարտքն է երկրում գոնե մեկ ջրանցք կառուցել, մի բան, որ ինքը չհասցրեց իրագործել: Նա ամբողջ հարստությունը թողնում է զավակներին, որպեսզի նրանք իր փոխարեն կառուցեն:

Երվանդունիների արքայատոհմի վերջին ներկայացուցիչը Մեծ Հայքում Երվանդ Դ էր, որ թագավորեց մ.թ.ա. 220-200 թթ.: Նա մեծ գործեր կատարեց երկրում: Երվանդ Դ Արաքսի և Ախուրյանի միախառնման վայրում կառուցեց նոր՝ Երվանդաշատ մայրաքաղաքը և արքունիքն Արմավիրից տեղափոխեց այնտեղ: Քաղաքը բարձր ժայռի վրա էր կառուցված: Հայոց արքան Երվանդաշատի միջնաբերդն ամրացնում է բարձր պարիսպներով, պարիսպների մեջ դնում պղնձե դռներ և վարից վեր բարձրացող երկաթե սանդուղքներ:

Նոր մայրաքաղաքից ոչ հեռու Երվանդ Դ կառուցեց նաև Բագարան և Երվանդակերտ քաղաքները: Նա Բագարանը դարձրեց հայոց հոգևոր կենտրոնը: Արքան իր եղբայր Երվազին նշանակեց հայոց քրմապետ:

Պատմահայր Խորենացին հաղորդում է, որ այս Երվանդ արքան չար աչք ուներ ու ամեհի էներգիա: Երբ հայոց արքան արթնանում էր քնից, նրա ծառաները յոթ մեծ որձաքարեր էին պահում նրա աչքի դեմ, որոնք նա պայթեցնում էր հայացքով, ապա նոր միայն մարդկանց նայում:

Մ.թ.ա. 200 թ. հայոց արքա Երվանդ Դ դեմ ապստամբում է նրա ազգականներից մեկը՝ Արտաշես Երվանդունին, որ սելևկյան բանակի օգնությամբ մտնելով Մեծ Հայք՝ հաղթում է հայոց արքայական գնդերին, սպանում հայոց արքային ու քրմապետին, կործանում Երվանդունիների թագավորությունը և երկիրը բռնակցում Սելևկյան թագավորությանը: Ինչն էր Արտաշեսի քայլի դրդապատճառը՝ դժվար է ասել: Պատմությունը ցույց տվեց, որ նա քաջ ու հայրենանվեր տիրակալ դարձավ՝ այդ դեպքից 10 տարի անց հռչակելով Հայաստանի անկախությունն ու հիմք դնելով ավելի զորեղ՝ Արտաշեսյանների արքայական հարստության:

Քաղաքական հեղաշրջում կատարվեց նաև Ծոփքում, երբ Երվանդունյաց արքայատոհմից Զարեհ իշխանը, դարձյալ սելևկյան բանակի օգնությամբ տապալելով արքային, բռնակցեց և Ծոփքը՝ մ.թ.ա. 189 թ. այն նորից անկախ հռչակելով և հիմք դնելով դարձյալ նոր արքայատոհմի՝ Զարեհյանների: Երվանդունիների արքայատոհմը շարունակեց իշխել հարևան Կոմմագենեում: Բայց փաստորեն թե՛ Արտաշեսյանները, թե՛ Զարեհյանները ծագումով Երվանդունի էին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: