Հայերեն   English   Русский  

​Պետք է լավատես լինել ու փորձել սխալներ քիչ անել. Վահան Հակոբյան


  
դիտումներ: 7571

«Անկախությունը կերտողները» շարքի զրուցակիցը Ղարաբաղյան շարժման մասնակից, 1991-1996 թթ. Երևանի Մյասնիկյան շրջանի (այժմյան Կենտրոն վարչական շրջան) գործկոմի նախագահ Վահան Հակոբյանն է:

- Պարոն Հակոբյան, այս տարի նշում ենք Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 25-ամյակը: Եթե հետադարձ հայացք ձգեք մեր պետության անցած ուղուն, ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ կնշեք:

- Անկախությունն ինքնին ձեռքբերում է: Բայց մեր պարագայում ոչ միայն անկախություն ձեռք բերեցինք, այլև ֆորմացիան փոխվեց: Եթե միայն անկախությունը լիներ` գուցե այլ կերպ կընթանար:

Անկախությունը գերագույն արժեք է, այլ բան է, որ տարբեր ընթացքներ եղան, ջրեր պղտորվեցին, ինչ-որ բաներ այնպես չեղան, ինչպես ժողովուրդը կուզեր, արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Անկախությունը որևէ բանի հետ համեմատելի չէ, կարելի է շատ բաների դիմանալ, միայն թե պահպանվի անկախությունը:

Մարդիկ հաճախ ներկան համեմատում են նախորդ շրջանի հետ: Եվ առաջին հերթին նշում են, որ այն ժամանակ իրենք ապահով էին, որոշակի աշխատավարձ ունեին, մարդիկ ստանդարտ հավասար, միապաղաղ ապրում էին: Ներկայում ապահովվածության զգացումը չկա, դրանից էլ առաջանում է դժգոհությունը:

Մի կոպիտ համեմատություն անեմ: Տեսեք, գայլը և շունը, ըստ էության, նույն կենդանին են, շունը շատ ապահով է, իսկ անկախ գայլը կարող է մի ամիս էլ սոված մնալ: Եթե ինքն իր անկախությունը գնահատում է` պետք է դրանից չդժգոհի:

Ի վերջո, հասարակությունն ունի որոշակի ավանդույթներ: Երբ դրանք փոխվում են` անցումը կարող է բավականին ցավոտ լինել: Բայց այս բոլոր նեգատիվ բաները, կարծում եմ, ի վերջո կանցնեն: Միանգամից դրախտ չես ընկնի, պետք է ջանք թափես, մինչև անկախությունը դառնա սովորական:

- Անկախության համար պայքարելիս ինչպիսի՞ն էր անկախ Հայաստանի Ձեր տեսլականը:

- Այն ժամանակ, իհարկե, ընդհանուր ասած, պայքարում էինք, որ մեր երկիրը լինի ազատ, անկախ, բարեկեցիկ, լավ բանի համար էինք պայքարում: Այն ժամանակ միասնական ու ինքնակազմակերպված էինք, նման մի բան էլ եղավ այս քառօրյա պատերազմի ժամանակ:

Մենք ձգտում էինք անկախ, ավելի լավ պետություն ունենալ, որ մեզ չթելադրեն, որ ամեն անգամ չնայենք սրա կամ նրա ձեռքին: Այն ժամանակ միայն Ռուսաստանն էր. հիմա ավելի բարդացել է:

- Երբեմն անկախության տարիների սխալները մեկնաբանելիս ասվում է, որ 1991-ին հայությունը պարզապես պատրաստ չէր անկախության: Ձեր գնահատմամբ հայությունն այն ժամանակ որքանո՞վ էր պատրաստ անկախության:

- Չեմ կարող կոնկրետ այո կամ ոչ ասել, պատրաստ լինելը մի քիչ բարդ բան է: Մի հարվածով երբեք ոչ մի բան պատրաստ չի լինում, ազգը, ի վերջո, մի մարդ չէ:

Բայց նաև ո՞վ է տարիներով պատրաստվում, օրը գալիս է, ստացվում է կամ չի ստացվում, հետո ազգը պետք է բավարար խելոք կառավարիչներ ունենա, որ ամեն բան տեղը գցեն: Հասարակության իներցիան դաժան բան է, դժվար է ամբողջ կյանքը ապրել մի ձևով, և հանկարծ հաջորդ օրվանից ապրել մի այլ ձևով: Եթե այս առումով դիտարկենք` պատրաստ չէինք: Այլ բան է, որ այդ իղձը միշտ եղել է մեր մեջ, որ անկախ և ազատ լինենք: Երազելը ուրիշ բան է, բայց պատրաստ լինելը մի քիչ բարդ բան է: Եթե լավ բանի ես ձգտում, չի նշանակում, որ կարմիր խնձորի պես կդնեն առաջդ ու կվայելես: Ո՚չ, տառապալից ճանապարհ է դա:

- Պարոն Հակոբյան, ո՞րն եք համարում պետականաշինության 25 տարիների ընթացքում թույլ տրված ամենամեծ սխալը:

- Մարդիկ դժգոհում են ոչ թե դժվարություններից, այլ անարդարությունից: Այն ժամանակ ո՞նց էր. հաց չկար, լույս չկար, ջուր չկար, ձմռանը ցուրտ էր, բայց մարդիկ չէին դժգոհում, որովհետև բոլորը հավասար վիճակում էին ապրում: Բայց երբ սկսեցին անարդարությունները, մարդկանց մոտ դժգոհություն առաջացավ:

Եթե իշխանություններն այնպես կառավարեին, որ մարդիկ արդարություն տեսնեին, հիմա երկիրը բոլորովին այլ կլիներ: Բացթողումը հենց անարդարությունն է, որ մարդկանց վրդովեցնում է, ընդվզում են, բողոքում են: Անարդարությունն էլ որտեղի՞ց է գալիս: Պետական մարմիններն ընտրությունների միջոցով են ձևավորվում: Եթե այդ ընտրություններն իրոք նորմալ լինեին, չլինեին այն խարդախությունները, որ մենք տեսել ենք` մարդիկ այդքան դժգոհ չէին լինի:

- Իսկ ո՞րն եք համարում մեր երկրի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը ներկայում:

- Մեր ղեկավարները պետք է խելոք լինեն և ազգն ու պետականությունը պահեն, հող չտան: Համաձայն եմ, որ ամեն ինչ պետք է արվի պետականությունը, ազգը, մշակույթը պահելու համար: Մարտահրավերը դա է:

- Պարոն Հակոբյան, ապրիլյան պատերազմը մեծ փորձություն էր մեր պետության համար: Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս հաղթահարեցինք այդ փորձությունը, ի՞նչ դասեր պետք է քաղենք տեղի ունեցածից և ինչ քայլեր ձեռնարկենք:

- Արդեն ասացի, որ այդ օրերին մի մեծ դրական հատկություն դրսևորվեց`ազգային համախմբումը: Բոլորը, մեծ թե փոքր, բարեկամ թե թշնամի, ուրախությամբ գնում էին հայրենիքը պաշտպանելու: Ազգային համախմբվածությունն այդ օրերին հրաշալի երևաց ու դա շատ կարևոր բան է:

Ժողովուրդն իրեն այդ օրերին շատ ճիշտ պահեց, ամեն մարդ զգաց, որ դա իր գործն է. ո՞վ, եթե ոչ ինքը:

Այդ գործընթացից հետո որոշակի դատական պրոցեսներ գնացին: Իշխանությունների բացթողումն այն էր, որ բանակը բարձիթողի վիճակում էր, ենթակառուցվածքները լավ չէին աշխատում, ու այնպես չէ, որ դա անսպասելի էր: Այնպես չէ, որ օրինակ` անսպասելի տեսան, որ գնդի հրամանատարը գողանում է: Բոլորն էլ գիտեին, նաև իշխանությունները, բայց իմանալով հանդերձ՝ համապատասխան միջոցներ չէին ձեռնարկում: Այդպես չի կարելի:

Ասում են` կռվից հետո բռունցքները թափ չեն տալիս: Գիտեիր չէ՞. դրանից առաջ միջոցներ ձեռնարկեիր, որպեսզի մարդիկ տեսնեին, որ իրենց սխալ պահելու դեպքում կպատժվեն: Ամենամեծ սխալը դա էր: Եվ քառօրյա պատերազմից հետո նոր միայն կարծես սթափվեցին:

- Իսկ ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան:

- Հայաստանի ապագան ցանկացած իրավիճակում լավ եմ տեսնում: Վատատես չեմ: Ի վերջո, թե՛ ընտանիքում, թե՛ հասարակությունում միշտ չէ, որ ամեն բան հարթ է ընթանում: Ուղղակի հասարակությունը պետք է բավականաչափ խելոք գտնվի և դաս քաղի ամեն դժվարությունից, որպեսզի հաջորդ անգամ էլ նման դժվարության դեմ դուրս չգա, և ամեն մի դժվարությունից չհուսահատվի: Կյանքն ինքնին բարդ բան է: Պետք է լավատես լինել ու փորձել սխալներ քիչ անել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: