Հայերեն   English   Русский  

​ՀԱՅԵՐՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԵՎ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ


  
դիտումներ: 5082

1375 թ., երբ եգիպտական մամլուքները պաշարեցին և գրավեցին Կիլիկիայի հայկական թագավորության վերջին պատվարը՝ մայրաքաղաք Սիսը, հայոց Լևոն Զ Լուսինյան արքան (1373-1375) գերվեց: Եվրոպական շատ գահակալներ փորձեցին միջնորդել, որպեսզի Եգիպտոսի Մելիք Աշրաֆ սուլթանն ազատ արձակի հայոց թագավորին: Միայն Կաստիլիայի Խուան Ա թագավորը կարողացավ համոզել և փրկագնել Լևոնին՝ նրա համար վճարելով ոսկեջրած արծաթյա հրաշալի անոթ, ոսկյա սկիհ կափարիչով, չորս կտոր կարմիր մահուդ, 3000 կուղբի մորթի, որսորդական չորս բազե… Չնչին բան Արևելքում՝ վերջին քրիստոնյա երկրի գահակալի փրկագնման համար: Բայց, Խուան Ա ժլատ չէր, պարզապես Եգիպտական սուլթանն էր այդքան փրկագին պահանջել:

1385 թ. Կաստիլիայի Խուան Ա թագավորը հատուկ հրովարտակով Մադրիդ, Անդուխար և Վիլյառեալ քաղաքները հանձնեց հայոց վերջին Լևոն Զ Լուսինյան թագավորին ցկյանս տնօրինելու իրավունքով: Միայն Մադրիդը հայոց գահազուրկ արքային տարեկան ապահովում էր 100.000 արաբական դրախմա եկամուտ:

Մինչ Խուան Ա թագավորը հայոց արքայի փրկագնման խնդրանքով Մելիք Աշրաֆին դիմել էր Արագոնիայի թագավոր Պեդրո Դ դեսպան Ֆրանսուա Սարկոզը: Այսպիսով, իսպանական պետությունների գահակալների ջանքերի շնորհիվ հայոց վերջին գահակալն ազատ արձակվեց:

Հայ-իսպանական, հայ-պորտուգալական առնչությունները դարերի խորքից են գալիս: Դեռևս վաղ շրջանում, երբ Իսպանիայի և Պորտուգալիայի տարածքները Հռոմեական կայսրության Գալլիա մարզն էին կազմում, շատ հայ զորականներ են այնտեղ մարտնչել: Երբեմն Հռոմի կայսրերը անհնազանդ հայ իշխաններին և զորականներին աքսորում էին Գալլիա:

Շատ է խոսվել Իսպանիայի հյուսիս-արևելքում բնակվող բասկերի հայկական ծագման մասին: Բասկերի հայկական ծագումը գիտականորեն գրեթե ապացուցված փաստ է: Դա վկայում է, որ հայերի հոսքը դեպի Պիրենեյան թերակղզի դեռ հազարամյակներ առաջ է եղել:

Արաբական տիրակալության ժամանակ հայերն ազատ առևտուր էին անում խալիֆայության ողջ տարածքում՝ Միջին Ասիայից մինչ Կորդոբայի խալիֆայություն:

XI դարում Վասպուրականի Սենեքերիմ Արծրունի արքայի դուստրը, ամուսնանալով Իսպանիայի արքայի հետ, դարձավ Իսպանիայի թագուհի: Նրա դստեր` դոննա Ուրանիա Մենդեշի և կոմս Ֆաֆեշ Սերազիմ դե Լանիոզո Ա-ից է սերվել հետագայում պորտուգալական և բրազիլական Բրագանսա արքայատունը:

Զարգացած միջնադարում հայերի մուտքը ներկայիս Իսպանիայի տարածք ավելի հոծ դարձավ: Մանավանդ Կիլիկիայի հայկական թագավորության շրջանում հայ առևտրականներն ազատ առևտուր էին անում Իսպանիայում, հայկական նավատորմը լողում էր իսպանական ջրերում: Առհասարակ Անդալուսիայում հայկական մշտական համայնքի գոյության մասին հիշատակվում է XVI դարից:

Անդալուսիայում հաստատված առաջին հայերը վաճառականներ էին, որոնք Ամերիկայի հայտնագործումից հետո իսպանական նավատորմով առևտուր էին անում Հին ու Նոր մայրցամաքների միջև:

Իսպանիան 1980 թ. դարձավ հայոց նորագույն շրջանի ազատամարտի խմբավորումներից մեկի՝ ԱՍԱԼԱ-ի թիրախը: Դեկտեմբերի 29-ին Մադրիդի կենտրոնական Իսպանիա հրապարակին հարակից Գրան Վիա պողոտայում տեղակայված Թուրքական ավիաընկերությունների գրասենյակի դեմ ԱՍԱԼԱ-ն ահաբեկություն իրականացրեց: Ի թիվս այլ անցորդների, վիրավորվեց նաև Իսպանիայում հանրահայտ լրագրող Խոսե Անտոնիո Գուռիարանը: Բարեբախտաբար, նրա վերքը մահացու չէր, և ապաքինվելուց հետո Գուռիարանը սկսեց հայոց հարցի հետազոտությունը: Իր համար պարզելով հայոց եղեռնի պատմությունն ու հայերի կատարած ահաբեկության պատճառները՝ Գուռիարանը դարձավ հայության շահերի պաշտպանն աշխարհում՝ ամենուր հանդես գալով Հայոց ցեղասպանության և Հայ դատի մասին: Գուռիարանն անգամ Լիբանանում հանդիպեց ԱՍԱԼԱ-ի պարագլուխների, մադրիդյան ահաբեկության կազմակերպիչների հետ և եղեռնի թեմայով երկու գիրք հրատարակեց՝ «Ռումբը» և «Հայեր. մոռացված ցեղասպանություն», որ մեծ արձագանք գտավ Իսպանիայում և աշխարհում:

Տեղին է նշել, որ մի քանի տարի առաջ իսպանացի գրող Մարի Մորտեն հրատարակեց «Արարատի զավակները» գիրքը՝ դարձյալ նվիրված Հայոց ցեղասպանությանը և հայոց պատմությանը: Այս աշխատությունն էլ մեծ արձագանք գտավ Իսպանիայում և իսպանախոս երկրներում:

Միջնադարում Իսպանիան և Պորտուգալիան հայտնի էին կաթոլիկ եկեղեցու հզոր ազդեցությամբ: Այնտեղ այլադավանների կեցությունը դժվար էր: Դրանով է բացատրվում Իսպանիայի և Պորտուգալիայի տարածքում միջնադարյան հայկական եկեղեցիների բացակայությունը: Առհասարակ, նորագույն շրջանում էլ Իսպանիայի հայ գաղութն աչքի չի ընկել ազգային մշակութային գործունեությամբ:

Ներկայումս Իսպանիայում շուրջ 60 հազար հայ է ապրում: Հայերը բնակվում են հիմնականում Բարսելոնայում, Վալենսիայում, Մադրիդում: Երկրում գործում են տարատեսակ հասարակական կազմակերպություններ, որոնց գործունեությունը սահմանափակվում է ներհամայնքային կյանքով: Հայկական եկեղեցի Իսպանիայում չկա, չնայած Մադրիդում գործում է եկեղեցական խորհուրդ: Սակայն կա Հայ առաքելական եկեղեցու Իսպանիայի թեմ, որի թեմակալը հայ եկեղեցու ծիսակարգով արարողություններ է կատարում կաթոլիկ եկեղեցում:

Պորտուգալիայում այսօր ընդամենը մի քանի հազար հայ է ապրում, հիմնականում՝ Լիսաբոնում և Պորտուում: Պորտուգալիան հարևան Իսպանիայի նման անմասն չմնաց հայոց նորօրյա ազատամարտի գրոհներից: 1983 թ. հուլիսի 27-ին Հայ հեղափոխական բանակի հինգ անդամներ՝ Վաչե Տաղլյանը, Սիմոն Յահնիյանը, Սեդրակ Աճեմյանը, Սարգիս Աբրահամյանը և Արա Քրջլյանը, հարձակում ձեռնարկեցին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղակայված թուրքական դեսպանատան վրա:

Պայթուցիկներով բարձած մեքենայով հայ երիտասարդները մոտեցան դեսպանատան շենքին՝ փորձելով թափանցել դեսպանատուն: Դա նրանց չհաջողվեց: Սկսված փոխհրաձգության ժամանակ զոհվեց Սիմոն Յահնիյանը:

Մյուսները ներխուժում են դեսպանատանը հարակից դեսպանի նստավայր, գրավում և պատանդ վերցնում դեսպանատան գործերի հավատարմատարի կնոջն ու տղային: Պատանդների սենյակը պայթուցիկներով և ուժանակներով պատում են: Սկսվում է հրաձգություն չորս հայ տղաների և ոստիկանական ուժերի միջև, որոնց թիվը մոտ 2 հարյուր էր: Ի վերջո, հայ մարտիկներն ազատ են արձակում պատանդներին և պայթեցնում թե՛ շենքը, թե՛ իրենց:

Լիսաբոնի քաջերը նախապես լրատվամիջոցներին էին հղել իրենց պատգամը. «Իմացեք` մենք ինչ ենք անում։ Ազատասեր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել։ Մենք ամեն ինչ կորցրել ենք և այդ պատճառով որոշել ենք օդ բարձրացնել այդ շենքն ու մնալ փլատակների տակ։ Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին։ Թող միջազգային հանրությունը մեզ արկածախնդիր անվանի կամ ահաբեկիչ ու դահիճ. ոչինչ։ Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետև թուրքական իշխանությունն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանությանը, ոտնահարում են հայ ժողովրդի իրավունքները։ Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի հայկական հարցի լուծումը։ Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինված պայքարն է։ Նախնիների ազատ և անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է»:

Պորտուգալիայում է իր կյանքի վերջին տարիներն անցկացրել հայ մեծահարուստ, նավթային մագնատ, մեծանուն բարեգործ Գալուստ Գյուլբենկյանը: Նա մահից հետո իր հսկայական կարողության մեծ մասը և արվեստի գործերի հավաքածուն կտակեց Պորտուգալիային:

Այսօր Պորտուգալիայում Գալուստ Գյուլբենկյանի անվան հիմնադրամն ու բազում բարեգործական, կրթական, մշակութային հաստատություններ են գործում:

Վահե Լոռենց





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: