Հայերեն   English   Русский  

Ովքեր են պատվիրել ՊՊԾ գնդի գրավումը (Լուսանկարներ).haymedia.am


  
դիտումներ: 3637

Մաս 1

Համացանցի դարում գործնականում գրեթե գոյություն չունեն գաղտնիքներ: Գրեթե ամեն ինչ կարելի է գտնել համացանցում, միայն թե փնտրել է պետք: Եվ ահա հայտնաբերեցինք, որ դեռեւս հուլիսի 18-ին համացանցում բացեիբաց դրված էր հայտարարություն, որտեղ կոնկրետ կազմակերպությունը կոչ էր անում ՀՀ քաղաքացիներին օգտագործել առիթը եւ իրականացնել սահմանադրական կարգի բռնի փոփոխություն, ով, ըստ էության, ստանձնում էր պատասխանատվությունը զինյալ գործողության համար:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Այսպիսով` մենք, դնելով պատասխանատվությունը հուլիսի 17-ի վաղ առավոտյան Երեւանի Էրեբունիի ոստիկանության կայանում տեղի ունեցած իրադարձությունների համար վարչախմբի վրա, կոչ ենք անում Հայաստանի ժողովրդին օգտագործել իր սահմանադրական իրավունքը եւ պարտադրել երկրի կառավարման համակարգի [սահմանադրական կարգի] փոփոխություն»:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՏԱՊԱԼՄԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐ

Կազմակերպությունը, որի գործադիր խորհուրդը, ըստ էության, ստանձնել է պատասխանատվություն, կոչվում է Policy Forum Armenia, որի պաշտոնապես հռչակված նպատակը, իբր թե, Հայաստանի համար ստեղծել ավելի լավ քաղաքականություն եւ ավելի լավ ապագա: Կայքում ամբողջը անգլերենով է, ու թերեւս վերը հիշատակված կազմակերպության կայքի` լավ ճանաչված չլինելու պատճառով է, որ գրեթե ոչ ոք դա չի նկատել ու որպես սենսացիա չի հրապարակել, բացառությամբ այն մարդկանց, ովքեր սերտորեն կապակցված են այդ կառույցի հետ:

Իսկ հիմա ներկայացնենք գործադիր խորհրդի կազմը:

ԶԱՎԵՆ ՔԱԼԱՋՅԱՆ. Առաջատար ինժեներ է, կիրառական ֆիզիկայի գծով Արլինգթոնում` Վիրջինիա նահանգ: 2001-2009թթ. ապրել եւ աշխատել է Երեւանում: Դասախոսել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, խորհրդատվություն է տվել Հայաստանի մի շարք հեռահաղորդակցության ոլորտի նախագծերում: Դոկտոր Քալաջյանը այժմ բնակվում է Մերիլենդ նահանգում եւ ակտիվորեն մասնակցում է ամերիկահայության հանրային կյանքին:

ԳԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆԸ այդ կառույցի «ավագ գիտաշխատող» է, ԱՄՆ-ում ունեցել է սեփական «Էրեբունի» անունով կորպորացիա: Իրավագիտության դոկտոր է, ծնվել է Հայաստանում, Բուլղարիայից հայրենադարձների ընտանիքում, 1973-ին արտագաղթել է ԱՄՆ, եւ 2009-ին վերադարձել Հայաստան, որից հետո սկսել է գրվել Կարո: Օրերս ձերբակալվել է:

ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ, համահիմնադիր: Սա արդեն բավականին խոշոր ձկնիկ է, նույնիսկ` շնաձկնիկ: Ավագ տնտեսագետ է, Արժույթի միջազգային հիմնադրամի արժույթի եւ կապիտալի վարչությունում (Վաշինգտոն): Մերիլենդ նահանգի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում: Մինչ 1995թ. ապրել է Հայաստանում, 1992-ին համակարգչային տեխնիկայի մասնագետ էր Պոլիտեխնիկ ինստիտուտում, 1994-ին սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, 1995-ին` արդեն ուսուցանել է տնտեսագիտություն` Կենտրոնական եվրոպական համալսարանում: Մինչեւ Արժույթի միջազգային հիմնադրամ գալը, աշխատել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մասնաճյուղերում:

ԷԴՈՒԱՐԴ ԱՓՐԱՄՅԱՆ: Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության եւ պաշտպանական ռազմավարության գծով փորձագետ: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը. այնուհետ` Վեսթմինսթերի համալսարանը Լոնդոնում:

Էդուարդ Ափրամյանը Հայաստանում հիմնել էր «Միտք» վերլուծական կենտրոնը, ապրել է Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ անցկացրել հետազոտություններ` Արեւելյան Եվրոպայում եւ Սեւծովյան ավազանում ռազմական եւ քաղաքական սպառնալիքների գծով, Հարավային Կովկասի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության հեռանկարները եւ այլն: Այժմ ապրում է Լոնդոնում, ուր Լեսթերի համալսարանում վերապատրաստում է անցնում Միջազգային հարաբերությունների եւ տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ Բալկաների, Հարավային Կովկասի եւ Արեւելյան Եվրոպայի գծով:

ԼՈՒՍԻՆԵ ՋԱՂԱՐՅԱՆ. Համակարգչային տեխնիկայի մագիստրոս է, այժմ աշխատում է տեխնիկական նախագծերի մենեջեր Մերիլենդ նահանգի առողջապահական համակարգում: Մինչ այդ մասնակցել է Հայաստանում մանր ու միջին բիզնեսի ուսումնական ծրագրերի մշակմանը, նրա հիմնական ոլորտն է տեղեկատվական տեխնոլոգիաները, փոքր բիզնեսը, առցանց կառավարումը եւ կառավարման ծրագրերը:

ԶՈՀԻ ՈՒ ԴԱՀՃԻ ՄՏԵՐԻՄՆԵՐԸ` ՆՈՒՅՆ ԿԱՌՈՒՅՑՈՒՄ

Պարզ է, որ վերը հիշատակված Policy Forum Armenia կազմակերպությունը ոչ թե գլխավոր պատվիրատուն է, այլ` միջնորդ ենթապատվիրատուն: Բայց այստեղ էլ ուշագրավ պահեր կան` գործադիր խորհուրդը բաղկացած է հիմնականում Հայաստանից ԱՄՆ կամ Մեծ Բրիտանիա արտագաղթած կադրերից, որոնց մեծ մասը այդ երկրներում ստացել է համապատասխան կրթություն ու այժմ գործնականում կտրել է բոլոր կապերը Հայաստանի հետ:

Այստեղ մենք անցյալում առնչվել ենք Կարո Եղնուկյանի եւ Էդուարդ Ափրամյանի գործունեության հետ` 2013-ի ՀՀ նախագահական ընտրություններին: Կարո Եղնուկյանը մշտապես ձգտում էր մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանին համոզել, որպեսզի վերջինս օգտվի իր իրավունքից եւ հետաձգի ընտրությունները, իսկ Էդուարդ Ափրամյանը կապ ուներ «էպոսագետին»` Վարդան Սեդրակյանին խոշոր գումարներ տրամադրելու հետ: Այսինքն` այսօր մի կառույցի մեջ են զոհի (Պ. Հայրիկյանի) եւ դահճի (Վ. Սեդրակյանի) մտերմագույն մարդիկ:

Այն ժամանակ մահափորձի քննությունը կանգ առավ "էպոսագետի" վրա, իսկ ավելի խորանալուն, ենթադրելի է, որ խանգարեցին ինչ-ինչ գերտերության ինչ-ինչ ստվերային միջամտությունները: Նշենք, որ Էդուարդ Ափրամյանը (ինչպես նաեւ իր հայրը` գնդապետ Ալիկը, ժամանակին ՀՀ ռազմական ավիացիայի պետն էր) դեռեւս Հայաստանից մեկնելուց առաջ սերտ կապեր ուներ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ «էպոսագետն» էլ համարվում էր ընտրությունները ֆարսի վերածելու քոչարյանական նախագիծ: Պ. Հայրիկյանի «զոհաբերությունը» ժամանակին կապվում էր 2013թ. ընտրությունների մեջ Օսկանյանին մտցնելու ծրագրի հետ:

ԻՆՉՈՒ ՁԱԽՈՂՎԵՑԻՆ ԶԻՆՅԱԼՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սակայն վերադառնանք մեր օրերին: Սկզբում վնասազերծվեց Արթուր Վարդանյանի զինյալ խումբը, որի հոգեւոր գաղափարախոս, կաթոլիկ տերտեր ավստրալահայ Հայր Անտոնը շատ չանցած տարօրինակաբար հայտնվեց ազատության մեջ, ինչպես նաեւ իրեն ֆինանսավորող ֆրանսահայ ոմն Միշելը: Իսկ ներկայիս զինյալ խումբը, դատելով շատ հանգամանքներից, թերեւս վերը հիշատակված զինյալ խմբի «պահեստազորն» էր:

Չնայած շատ հնարավոր է, որ Արթուր Վարդանյանն ու Ժիրայր Սէֆիլյանը մեկը մյուսի զինյալ խմբերի մասին տեղյակ չէին: Բայց փաստ է, որ Պավել Մանուկյանի ղեկավարած 31 հոգանոց խմբում միայն 10 հոգի են Արցախյան պատերազմի մասնակից, այսինքն` ռեալ մարտական փորձ ունեցող, իսկ մնացյալը հապճեպ հավաքած մարդիկ են, այդ թվում եւ` ոմն մասաժիստ Բարսելոնայից եւ խոպանչի, ով հուլիսի 20-ին արդեն պետք է մեկներ հետ: Եվ, ամենայն հավանականությամբ, խմբի ե՛ւ հռչակավոր ազատամարտիկները, ե՛ւ «անկապ» մարդիկ տեղյակ էլ չէին, որ դրվում են իրենց համար անհայտ աշխարհաքաղաքական խոշոր խաղի զոհասեղանին...

Մենք արդեն առիթ ունեցել էինք նշելու, որ զինյալ խմբի կոչի տեսանայութը, ունենալով հանդերձ 400 հազար դիտում, չկարողացավ ապահովել որեւէ շոշափելի զանգվածի առկայություն Խորենացի փողոցում: Հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը մայրաքաղաքի ամբողջ խաժամուժի մոբիլիզացիան էլ չօգնեց, եւ ոստիկանությունը, թույլ տալով ամբողջ գիշեր պտտվել մայրաքաղաքով մեկ ու ցուցադրել սեփական այլանդակ դեմքը, լուսաբացին 10 րոպեում դրանց հարցը լուծեց, ինչին հետեւեց եվրոպացիների «իրավապաշտպան» ծղրտոցը:

Իսկ այնուհետ Նիկոլ Փաշինյանը, մտնելով իր հանրահավաքային տարերքի մեջ, մեկ օր զանգվածին պահեց բացառապես խաղաղ ռեժիմում: Սակայն Պավլիկ Մանուկյանը միանգամից պիտակեց Նիկոլին, բացեիբաց ասելով, որ իրեն պետք են մոլոտովի կոկտեյլներով եւ տարբեր ծանր առարկաներով զինված զանգվածներ, բայց արդեն ուշ էր:

Նիկոլի կողմից հարթակի հանձնումը «Հիմնադիր խորհրդարանին» բերեց նրան, որ զանգվածը ոչ մի կերպ չէր հասկանում արեւմտահայերեն խոսացող հռետորներին եւ արագ ձանձրանում էր: Դե, իսկ բախումներ հրահրելը թույլ չտալու գործն էլ հաջողությամբ իրականացնում են մեր իրավապահները: Ի դեպ, չի կարելի չնկատել, որ «հեղափոխականների», նրանց աջակիցների, պատվիրատուների եւ ֆինանսավորողների մեջ մեծ մասը կազմում են ԱՄՆ-ից, Եվրոպայից եւ Մերձավոր Արեւելքից վերջերս Հայաստան եկած կամ Հայաստանից այնտեղ վաղուց մեկնած անձինք:

Դե, իսկ Վիտալի Բալասանյանի առաքելությունը եղավ այնքան հաջող, որ զինված խմբին մնում է այժմ մտածել` միայն թե ինչ պայմաններով հանձնվել իշխանություններին: Ու պատահական չէ, որ այդքան վարկաբեկիչ աղբ եւ ապա սպառնալիքներ տարածվեցին սկզբում Նիկոլ Փաշինյանի, այնուհետ` Վիտալի Բալասանյանի վերաբերյալ:

Հիմա ի՞նչ նպատակի էին ծառայում գործնականում նույն թիմի տարբեր մասնաճյուղերը 2013-ին եւ հիմա: Նպատակն էր ստեղծել քաոտիկ վիճակ, որի պայմաններում առաջին պլան պետք է դուրս գար Քոչարյանի «աջ ձեռքը»` Վարդան Օսկանյանը: Կատարյալ քաոսի դեպքում միայն Քոչարյանը ուներ ռեսուրսներ` վերցնելու «փողոցում ընկած» իշխանությունը: Բայց քաոս, Մայդան, քաղաքացիական պատերազմ չստացվեց: Արդյունքում չստացվեց նաեւ այն տարբերակը, որ քաոսի պայմաններում մեր հաշվին գերտերությունները իրենց ուզած ձեւով լուծեին Արցախի խնդիրը (իսկ կասկածից վեր է, որ Ադրբեջանը հաստատ սկսելու էր զորքերի առաջխաղացումը, որը ներքին քաոսի դեպքում չէր ստանալու արժանի դիմադրություն), իսկ այնուհետ արցախյան հիմնախնդրից արդեն փաստացի ձերբազատված վիճակում սպիտակ ձիու վրա կգար Քոչարյանը: Քանի որ այդ ամենը տապալվեց, Վարդան Սիվիլիթասիչը ընդամենը դարձավ հերթականը Խորենացու փողոցում շարված եւ երեւանցու համար քիչ ընկալելի արեւմտահայերեն խոսող հռետորների մեջ: Հռետորների, ում հետ այժմ խառնվում են նաեւ հազիվ ձրի ամբիոն գտած Անի Զախարյանի տիպի, կներեք արտահայտության համար, «կույսակցությունները»:

Իսկ հանգուցալուծմանը քիչ է մնացել ու լավ իմանալով Սերժ Սարգսյանի գրոսմայստերական խաղը, կարելի է գրեթե վստահ ասել, որ հանգուցալուծումը լինելու է անարյուն:

Մաս 2

Շարունակելով ուսումնասիրել Հայաստանում սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչ արած Policy Forum Armenia կազմակերպության կայքը, նորանոր հետաքրքիր կապեր եւ հանգամանքներ գտանք: Այսպես, այդ կազմակերպության գիտական խորհրդում ընդգրկված է ՀՀ ֆինանսների նախկին` Ռ. Քոչարյանի օրոք ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը: "Գիտաշխատողների" մեջ գտնում ենք հետաքննող լրագրողների ասոցացիայի ղեկավար Էդիկ Բաղդասարյանին, իսկ սույն կազմակերպությունում 2009-2011թթ. ինտերնատուրա է անցել Հայաստանից եվրոպաներ արտագաղթած հայտնի "ակտիվիստ" Ծովինար Նազարյանը, ով մասնագիտանում է գենդերային շարժումների եւ բանակի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ տարածելու ոլորտում: Բայց առավել հետաքրքիր են կազմակերպության կապերը ներկայիս ակտիվ գործիչների հետ:

PՕLICY FORUM ARMENIA-Ն` ՍԷՖԻԼՅԱՆԻ ԵՎ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱԿՈՒՆՔՈՒՄ

Հետաքրքիր բաներ են հայտնաբերվում կազմակերպության ֆոտոալբոմներում: Այսպես` 2011-ի մայիսի 28-ին այդ կազմակերպությունը բավականին շքեղ ընդունելություն է կազմակերպում "Սարդարապատ" շարժման համար: Հիշեցնենք, որ "Սարդարապատ" շարժումը եղել է "Նախախորհրդարանի" եւ ներկայիս "Հիմնադիր խորհրդարանի" նախակարապետը: Այդտեղ տեսնում ենք ե՛ւ Գարեգին Չուգասզյանին, ե՛ւ տխրահռչակ Տիգրան Խզմալյանին (որն այժմ իբր թե խռովել է "Հիմնադիր խորհրդարանից", սակայն միշտ հայտնվում է այնտեղ, ուր միտինգային ակտիվություն կա): Այդտեղ տեսնում ենք նաեւ կազմակերպության գործադիր խորհրդի անդամ, միջազգային ֆինանսական կառույցներում պատկառելի տեղ գրավող Դավիթ Գրիգորյանին: Սակայն Ժիրայր Սէֆիլյանին այդտեղ չենք տեսնում, երեւի թե համարվել է, որ կուլիսային "ընտրախավի" հետ շփվելը եւ ավելորդ բաներ իմանալը նրան հակացուցված է...

Կան նաեւ ալբոմներ, ուր տեսնում ենք եւ Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն առավել ուշագրավ է, թե Արա Պապյանը ինչպես է իրենց մոտ իրականացնում իր կյանքի գործի` "Վիլսոն" կենտրոնի շնորհանդեսը:

Արա Պապյանն այն անձանցից մեկն է, ում ՊՊԾ գունդը գրաված գրոհայինները տեսնում են, այպես կոչված, ժողովրդական վստահության կառավարության կազմում: Իսկ ինչու հանկարծ Արա Պապյանը հայտնվեց այդ ցուցակում, եթե մինչ այդ հրապարակավ չէր երեւում սէֆիլյանական կառույցների հրապարակային ակցիաներին, ապա պարզապես դրա ժամանակը դեռ չէր եկել: Հիշենք նաեւ Արա Պապյանի ուշագրավ հայտարարությունները մինչ զինյալ խռովության փորձը:

Այսպես, նա հայտարարում էր, որ ամռան կեսերին հայ-ադրբեջանական պատերազմն անխուսափելի է: Ու նշում էր նույնիսկ ժամկետներ` որ դա տեղի կունենա այն բանից հետո, ինչ Բաքվում կավարտվի "Ֆորմուլա-1"-ը: Պատերազմը դեռ չենք տեսնում, սակայն տեսնում ենք ադրբեջանական զորքերի մշտական կուտակումներ սահմանից 30կմ հեռավորության վրա, որոնք պաշտոնապես բացատրվում են զորավարժություններով: Բայց պարզ է, եթե զինյալ խռովությանը հաջորդեին քաղաքացիական բախումները ու առավել եւս քաղաքացիական պատերազմ, ապա ադրբեջանական զորքերը, անկասկած, կանցնեին հարձակման:

Մի փոքր դետալ եւս` խռովության առաջին օրերին, երբ պարզ չէր` արդյոք լինելու է բուռն շարունակություն, թե ոչ, առաջնագծում հակառակորդի կողմից նկատվում էր հրադադարի խախտումների ռեկորդային ցածր ցուցանիշ: Իսկ հենց որ Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ զինված խումբն ազատ արձակեց բոլոր պատանդներին, եւ պարզ դարձավ, որ իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը լոկ ժամանակի խնդիր է, թուրքը միանգամից կտրուկ ակտիվացավ... Պատահականությո՞ւն է` բայց կներեք, այդպիսի պատահականությունների ես չեմ հավատում:

Մեկ ուրիշ ուշագրավ իրողություն: Արա Պապյանն այն գործիչներից է, որ մշտապես տագնապալի տոնով հավար է քցում, որ "էսօր-էգուց" տարածքներ են հանձնվելու, ու դա կանխելու համար շտապ մի բան պետք է անել: Այն աստիճանի շատ էր նրա գցած այդ հավարը, որ անգամ արեւմտամետ զանգվածի ականջներին կոշտուկներ են գոյացել, եւ Արա Պապյանը դարձել է նրանց մղձավանջը: Դա արվում է զուտ իրավիճակը լարելո՞ւ, իշխանության նկատմամբ բարձր էմոցիոնալ ֆոնով անվստահություն սերմանելո՞ւ համար: Անշուշտ, դա կա: Բայց կա եւ ուրիշ բան` "Օվերտոնի պատուհանի" տեխնոլոգիայի կիրառմամբ աստիճանաբար ընտելացնել հայերին` "հող հանձնելու" գաղափարին: Զորօրինակ, այդ տեխնոլոգիայով արդեն երկար տարիներ առաջ է տարվում համասեռամոլների իրավունքների թեման, որը վաղուց հաղթահարել է տաբու լինելը եւ քննարկելի թեմայի տիրույթում է:

Բավականին տարօրինակ է եւ զինյալ խմբի կողմից ժողովրդական վստահության կառավարության մեկ այլ թեկնածության հիշատակումը` "քաղաքագիտության դոկտոր" Հայկ Մարտիրոսյանի: Սորբոնի համալսարանից սույն` մեղմ ասած, կիսով չափ հայ կերպարանքին անգամ քաղաքական դաշտում չեն ճանաչում, ու աներեւակայելի է պատկերացնել, որ Պավլիկ Մանուկյանին հայտնի լիներ զուտ արեւմտյան ծագումնաբանություն ունեցող այդ մութ կերպարանքը, որ մի բան էլ առաջադրեին: Այսինքն` այդ առաջադրումները, մեղմ ասած, ոչ առանց հուշարարության էին:

Սակայն վերադառնանք ՊՊԾ գնդի թեմային: Խորենացու փողոցում եռում են քաղաքականամերձ կրքեր:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻԱԿՆԵՐԻ "ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ"

Այն, որ Խորենացու փողոցում զինյալ խմբին գրոհից պաշտպանելու պատրվակով առկա են ամենօրյա հանրահավաքներ, բերել է նրան, որ նշյալ վայրում հայտնվել են նաեւ այնպիսի քաղաքականամերձ դեմքեր, որոնց գոյության մասին վաղուց ենք մոռացել: Իսկ այն, որ զինյալներին գրոհից պաշտպանելը լոկ պատրվակ է, երեւում է այն հանգամանքից, որ ուշ գիշերով եւ ցերեկվա ամենաշոգ ժամերին այդտեղ բացի մի քանի հերթապահող ցուցարարներից ոչ ոք չկա:

Եթե գրոհը կանխելու նպատակ լիներ, ապա ցուցարարների որոշակի զանգված պետք է այդտեղ գտնվեր շուրջօրյա: Ու, խոշոր հաշվով, եթե չհաշվենք զինյալների շրջապատի մարդկանց ու իրենց ֆինանսավորողների ցուցումով շարժվող գրանտակերների, ապա շատ մարդիկ այդտեղ գալիս են ոչ այնքան ելնելով զինյալ խմբի հանդեպ համակրանքից, որքան պարզապես իշխանություններից դժգոհ լինելուց: Իհարկե, կարելի է հասկանալ մարդկանց դժգոհությունը Լիսկայի, Լֆիկի եւ նման դեմքերից, սակայն դժվար է բացատրել, որ այդպիսինների դեմ պայքարը կարող է բերել մարդկանց` թիկունք կանգնելու հանցանք կատարածներին, ում ձեռքին կա հայ սպայի արյուն:

Ինչեւէ, բոլոր դեպքերում` անկախ դրդապատճառներից, այդտեղ առկա է հանրահավաքային հարթակ, ուր բողոքավոր զանգվածի մոտ քաղաքական միավոր են հավաքում բոլորը, ովքեր կարողանում են: Դե, սկզբում դա Նիկոլ Փաշինյանն էր, սակայն նա չկարողացավ երկար օգտագործել այդ ամբիոնը` "թիվ 1 ընդդիմադիր" հռչակվելու համար: Նրան շտապեցին "դուրս գրել" ինչպես զինյալ խմբի ներկայացուցիչները, ում պետք է ոչ թե խաղաղ, անցյալ տարվա "Էլեկտրիկ Երեւանի" տիպի զանգված, այլ զանգվածային անկարգությունների պատրաստ ագրեսիվ ամբոխ, այնպես էլ խանդի տեսարաններ սարքեցին մյուս ընդդիմադիրները:

Բայց մի բան Նիկոլը հասցրեց` մեղադրել Լեւոն Տեր-Պետրոսյանին, իբր հողերը հանձնելու նպատակով Սերժ Սարգսյանի հետ գործարք կնքելու մեջ: Նա շեշտեց, որ Տեր-Պետրոսյանը չի փոխվել 2007-ին "Պատերա՞զմ, թե խաղաղություն" իր տխրահռչակ հոդվածը գրելուց ի վեր, սակայն հարց է ծագում` ինչո՞ւ Նիկոլը հանկարծ նոր-նոր տեսավ այդ պարտվողական հոդվածը: Ինչո՞ւ դա չէր տեսնում 2008-ին, երբ հանուն Լեւոնին նախագահ կարգելու, մարտի 1-ին 10 հոգու տարավ մատաղվելու: Իսկ 2012թ. նույն Նիկոլը տեղավորվեց նույն ԼՏՊ-ի կազմած ՀԱԿ դաշինքում եւ այդ ուղիով ներթափանցեց ԱԺ: Այսինքն` մենք տեսնում ենք քաղաքական երեսպաշտության սինդրոմ, եւ Նիկոլ Փաշինյանը դա ի ցույց հանեց:

Բայց առավել գարշելի երեսպաշտություն է երեւում գրանտասեր Լեւոն Բարսեղյանի պարագայում: Մի մարդ, որը ժամանակին տխրահռչակ Վանյանի հետ Գյումրիում փորձում էր կազմակերպել ադրբեջանական ֆիլմերի փառատոն, հիմա համարձակվում է խոսել Գանձակը գրավելու մասին: Մի մարդ, որը, երբ իր շքեղ ավտոմեքենան այրեցին, ցինիկաբար ասաց, որ շատ արագ ավելի լավն է գնելու, այժմ բարբառում է սոցիալական արդարությունից եւ խոցելի խավերի իրավունքներից:

Տիգրան Խզմալյանը` 28.05.2011թ. ընդունելությանը

Գարեգին Չուգասզյանը եւ Policy Forum Armenia-ի գիտխորհրդի անդամ Գրեգ Աֆթանդիլյանը 28.05.2011թ. ընդունելությանը

Տիգրան Խզմալյանը` 28.05.2011թ. ընդունելությանը


Policy Forum Armenia-ի գործադիր խորհրդի անդամ Դավիթ Գրիգորյանը 28.05.2011թ. ընդունելությանը


Արա Պապյանի "Վիլսոն" ծրագրի շնորհանդեսը Policy Forum Armenia կազմակերպությունում

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: