Հայերեն   English   Русский  

Սարքենք Երևանը Բեյրութ. Դերենիկ Մալխասյանի անդրադարձը նախագահի ելույթին


  
դիտումներ: 1074

Սիվիլնեթի լրագրող, քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն:

«Ազատիչի երեկվա ելույթից հետո, ասեցի մի հատ Հայաստանի ու Լիբանանի տնտեսական ցուցանիշներին նայեմ, թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո, շատ հուզիչ էր.

«Երևանը Բեյրութ կամ Հալեպ չէ: Նախորդ դարաշրջանի՝ Սառը պատերազմի տարիների լուծումները թող ոչ մեկը չփորձի Մերձավոր Արևելքից ներմուծել Հայաստան: Թող սա չհասկացողները ուսումնասիրեն Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատմությունը կամ այսօր դեռ ծավալվող՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքները և իրենց եզրակացությունները կատարեն դրանցից»,- օգոստոսի 1-ին մասնավորապես հայտարարել է Սերժ Սարգսյանը հասարակության, իշխանության ու հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Չգիտեմ՝ անձամբ Սերժ Սարգսյանի՞, թե նրա բազմաթիվ խորհրդականներից մեկի մտքով է անցել Երեւանում ծավալվող երկշաբաթյա դրամատիկ իրադարձությունների ֆոնին հայ հասարակությանը Երեւանը Բեյրութ սարքելու հեռանկարով ահաբեկելը, սակայն անգրագետ համեմատություն է կատարվել: Լիբանանը միայն քաղաքացիական պատերազմի ասոցացնելը մեղմ ասած անտաղանդ քարոզչական վրիպում է: Իսկ ադրյո՞ք Սերժ Սարգսյանի թիմը ծանոթացել է այդ երկրի տնտեսական ցուցանիշների հետ: Հայաստանի ու Լիբանանի միայն տնտեսական ցուցանիշների համեմատությունը հուշում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը պետք է ձգտեր այնպես կառավարել Հայաստանը, որ գոնե մոտենար լիբանանյան ցուցանիշներին: Վատ չէր լինի, եթե Սերժ Սարգսյանն ու յուր խորհրդականները քաղաքացիական պատերազմների բովով անցած Լիբանանին վերաբերվող մի քանի թվերի հետ ծանոթանային ու փորձեին ավելի տեղեկացվել՝ մեզ Լիբանանով ահաբեկելուց առաջ: Միգուցե ՀՀ քաղաքացիները Լիբանանը բնութագրող որոշ թվերի հետ ծանոթանալուց հետո ինքնակամ ուզենան հասնել այդ երկրին: Ստորև ներկայացնում ենք «չոր» թվեր, որոնք վերցված են երկու աղբյուրից՝ Համաշխարհային բանկի պաշտոնական կայքից եւ ԱՄՆ ԿՀՎ-ի պաշտոնական կայքի The World factebook բաժնից: Բաց ռեսուրսներ են, բոլորն էլ կարող են առանց դժվարության ծանոթանալ ներքոհիշյալ ցուցանիշներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանն ու իր ելույթ գրող խորհրդականները:


Ակներև է, որ մենք Լիբանանին ՀՆԱ-ի մակարդակով զիջում ենք 5 անգամ: Լիբանանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 8,3 հազար ԱՄՆ դոլար է, Հայաստանում 3, 5 հազար՝ գրեթե 3 անգամ պակաս: Հայաստանում բնակչությունը նվազում է, Լիբանանում՝ աճում: Գործազրկության մակարդակը 2014թ. Լիբանանում կազմել է շուրջ 6 տոկոս, Հայաստանում՝ 17 տոկոս՝ մոտ 2 անգամ ավելի:

Այս թվերին նայելիս դժվար է հասկանալ, թե ինչի՞ց պետք է ահաբեկվենք՝ նորմալ տնտեսություն ունենալու հեռանկարի՞ց: Իսկ եթե Սերժ Սարգսյանն ու խորհրդականները մեզ ահաբեկում են Լիբանանում տիրող քաղաքական ու քաղաքացիական ազատությունների մակարդակով, ապա մերձավորարևելյան քաոսով հայաստանցիներին վախեցնելու փորձից առաջ պարզապես պետք էր բացել Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպության ամենավերջին զեկույցը՝ «Ազատությունն աշխարհում 2016» ու համեմատել Հայաստանն ու Լիբանանը: Երկու երկրներն այս առումով նույն հարթության վրա են: Ըստ վերոհիշյալ զեկույցի՝ կարգավիճակով մասնակի ազատ են. ազատության ցուցիչը թե՛ Հայաստանում, թե՛ Լիբանանում՝ 4,5: Երկու երկրներում էլ քաղաքացիական ազատությունները գնահատվել են 4: Երկու երկրների համար նույնական են նաև քաղաքական ազատությունների գնահատականը՝ 5: Հիմա եթե սույն հարթության մեջ նույն մակարդակի վրա ենք, էլ ինչո՞վ են մեզ ահաբեկում: Երևի լավ տնտեսական ցուցանիշներով:

Ու ևս մեկ դիտարկում: Քաղաքացիական պատերազմը ենթադրում է երկրի քաղաքացիների պառակտում՝ պատերազմ երկու կամ ավելի խմբերի միջև: Մերձավոր Արևելքում դա որպես կանոն կրել և կրում է էթնիկ կամ կրոնական բնույթ՝ տարբեր կրոնական կամ էթնիկ խմբերի միջև երկարամյա հակամարտության տեսքով: Հիմա ցույց տվեք Հայաստանում քաղաքացիների այն զանգվածը, որոնք դուրս էին եկել պաշտպանելու Սերժ Սարգսյանի իշխանությունը: Ոստիկանականների ու զինվորականների միջոցով իշխանություն պահելը բոլորովին այլ անվանում ունի ոչ մի աղերս քաղաքացիական պատերազմի հետ: Երևի թե ճիշտ կլինի ելույթ ունենալուց առաջ ամեն դեպքում խորքային ծանոթանալ, թե ինչի մասին ես խոսում, առավել ևս, որ երկրի փաստացի նախագահի կարգավիճակ ունես»:






Մեկնաբանություններ - 2

Garo     02.08.2016 Sorry.
The site reads:

Indexmundi.com

It is based on CIA reports.

Garo     02.08.2016 Wrong.
For comparison please refer to:

Index undo.com

You will find out very similar economic statistics.
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: