Հայերեն   English   Русский  

Արվեստաբանը 30 տարի է` չի կարողանում հրատարակել հայ իրականության մեջ եզակի աշխատությունը


  
դիտումներ: 9135

Շուրջ 30 տարի արվեստաբան, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Քնարիկ Ավետիսյանն իր ողջ ազատ ժամանակը տրամադրում է հայ նկարիչների կենսամատենագիտությունը կազմելուն։ Հայաստանի ազգային պատկերասրահի գիտաշխատող և Գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս լինելով հանդերձ՝ նա նաև ժամանակ է գտնում հոբբի դարձած, բայց հայ մշակութաբանության համար չափազանց մեծ արժեք ունեցող գրքի վրա աշխատելու համար։

Դեռ խորհրդային տարիներին Նկարիչների միության ղեկավարությունը նախաձեռնում է հայ նկարիչների մասին ամբողջական համահավաք տեղեկատվական գիրք ստեղծելու գործընթացը։ Գրքում պետք է ամփոփված լինեին XX դարի 20-ական թվականներից ի վեր ապրող ու ստեղծագործող հայ գեղանկարիչների, քանդակագործների, գրաֆիկների, թատրոնի ու կինոյի նկարիչների, դեկորատիվ կիրառական ոլորտի ներկայացուցիչների կենսագրությունն ու մատենագիտությունը։ Աշխատանքները սկսում է Նկարիչների միության աշխատակից, արվեստաբան Գոհար Խոստիկյանը։ Մի քանի ամիս անց, սակայն, պարզ է դառնում, որ հսկայածավալ աշխատանք է սպասվում, և մենակ հնարավոր չէ սահմանված ժամկետներում այդ ամենն իրագործել։ Աշխատանքներում ընդգրկվում է նաև Քնարիկ Ավետիսյանը։

Նախատեսվում էր, որ գիրքը պետք է երեք հատորով հրատարակվի։ Առաջին երկու հատորները կամփոփեին Հայաստանում ապրող ու գործող նկարիչների կյանքն ու գործունեությունը Ա-Հ և Ձ-Ֆ այբբենական սկզբունքով։ Իսկ երրորդ հատորը պետք է ամփոփեր սփյուռքի հայկական գաղթօջախներում ապրող ու ստեղծագործող նկարիչների գործունեությունը։

1984 թ. աշխատության առաջին հատորը պատրաստ էր տպագրության, նախահաշիվն արված էր և 1985-ին գիրքն արդեն լույս պետք է տեսներ։ Սակայն ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառով գրքի տպագրությունը հետաձգվում է։ Վրա են հասնում երկրաշարժը, պատերազմն ու շրջափակումը, և գիրքն այդպես էլ չի տպագրվում։ Գրքի հեղինակները, սակայն, հասկանում էին, թե որքան կարևոր է նման մասնագիտական կենսամատենագիտությունը և ժամանակին համընթաց շարունակում էին լրացնել այն՝ հուսալով, որ մի օր այն կտպագրվի։ Իսկ Գոհար Խոստիկյանի մահվանից հետո Քնարիկ Ավետիսյանն իրեն ավելի պարտավորված է զգում գործը շարունակել ու հաջողությամբ ավարտին հասցնել։

«Այն ժամանակ էլ նյութը բավականին ծավալուն էր։ Նկարիչների ստվար բանակ ունենք, որոնք պրոֆեսիոնալ կրթություն ունեն ու նկարչությամբ են զբաղվում: Առաջին հատորում մոտ 6-7 հարյուր նկարչի անունով բառահոդվածներ էին։ Այժմ ծավալն ավելի է մեծացել։ Նկարիչները շարունակում են իրենց ստեղծագործական ուղին, շատերի կենսագրությունում կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել, նոր նկարիչներ են ասպարեզ մտնում։ Նաև անցած ժամանակի ընթացքում ստեղծագործողների մոտ որոշակի գաղափարական, աշխարհայացքային փոփոխություններ են տեղի ունեցել։ Այնպես որ հսկայածավալ աշխատանք է, որը միայնակ անել հնարավոր չէ»,- ասում է Ավետիսյանը։

Գիրքը ներկայացնում է յուրաքանչյուր ստեղծագործողի կրթությունը, գործունեությունը, ստեղծագործության ոլորտը, աշխատանքային նյութերը, ցուցահանդեսները, լավագույն աշխատանքներն ու դրանց գտնվելու վայրը և նրա մասին գրականությունը։

Ավետիսյանը նշում է, որ Խորհրդային Միության տարիներին ավելի սեղմ ծավալներով նման աշխատություն ստեղծելու փորձ արվել է նաև Ռուսաստանում։ Մեկ տասնյակից ավելի մասնագետներ ընդգրկող աշխատանքային խումբը չորս հատոր է հրատարակել, սակայն ԽՄ փլուզումից հետո աշխատանքներն այնտեղ ընդհատվել են։

Նա պատմում է, որ հնարավորինս փորձում է հետևել բոլոր նկարիչների գործունեությանը, իր մոտ առկա նյութը պարբերաբար թարմացնել։

«Քանի նկարիչն ապրում է ու ստեղծագործում, նրա կենսագրության մեջ ամեն օր փոփոխություններ կարող են տեղի ունենալ։ Միայնակ բոլորի գործունեությանը հետևելը դժվար է։ Մանավանդ, որ մեր ոչ բոլոր նկարիչներն են, որ պատրաստակամ են համագործակցել կամ պարտաճանաչ կերպով տեղեկություններ տրամադրել»,- ասում է նա։

Ավետիսյանը բառահոդվածների անհրաժեշտ բովանդակությանը համապատասխան հարցաշար է կազմել, որը պարբերաբար էլեկտրոնային փոստով նկարիչներին է ուղարկում՝ խնդրելով լրացնել այն։ «Նկարիչներ կան, որոնց մի քանի անգամ եմ ուղարկում, բայց իմ նամակներն այդպես էլ անպատասխան են մնում»,- ասում է Ավետիսյանը։

Իսկ կենսամատենագիտությունն անդրադառնում է բոլոր այն նկարիչներին, որոնք Նկարիչների միության անդամ են կամ գուցե նաև անդամ չեն, բայց կայացած են ու իրենց ստեղծագործությամբ որոշակի ասելիք ունեն ոլորտում։

Ավետիսյանը պատմում է, որ գրքի հրատարակմանն աջակցելու համար բազմիցս դիմել է թե՛ Ազգային պատկերասրահին, թե Նկարիչների միությանը, սակայն ամեն անգամ մերժում է ստացել․ աշխատությունը չի կարևորվում։

«Սա կլիներ մեր կերպարվեստի մասնագիտական հանրագիտարան խորհրդային տարիներից մինչև մեր օրերը։ Արագ տեմպերով առաջ գնացող աշխարհում նման բնույթի տեղեկատվական նյութերի պակասը զգացվում է։ Եվ սա կարող էր շատ օգտակար լինել թե՛ Նկարիչների միության, թե՛ Ազգային պատկերասրահի գործունեության համար,- ասում է Ավետիսյանը։- Որևէ նկարչի ստեղծագործությունն ուսումնասիրողի համար չափազանց կարևոր է նման աշխատության առկայությունը։ Այսինքն՝ գիրքը կհետաքրքրի արվեստասեր հանրության բոլոր շրջանակներին, հատկապես՝ կերպարվեստի տեսաբաններին, թանգարանների աշխատողներին»։

Ճիշտ է, աշխատությունը դեռևս տպագրված չէ, սակայն մասնագիտական շրջանակներում բոլորը գիտեն արժեքավոր գրքի մասին և հարկ եղած դեպքում Ավետիսյանին են դիմում իրենց հարցերի պատասխանը ստանալու համար։

«Չգիտեմ էլ՝ այս գիրքը ծնվելու է, թե ոչ, բայց պրպտած տեղեկություններ են ներառված, որոնք կարևոր են նաև արվեստաբանական ֆակուլտետների ուսանողների համար»,- ասում է Ավետիսյանը:

Չնայած խիստ զբաղված աշխատանքային գրաֆիկին ու այն հանգամանքին, որ ողջ ազատ ժամանակը հատկացնում է կենսամատենագիտության կազմմանը, Ավետիսյանը նաև հասցրել է ավարտին հասցնել ու հրատարակել «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում» մենագրությունը, որի վրա աշխատել է 10 տարուց ավելի։ Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վիգեն Ղազարյանը գրքի մասին ասել է, որ այն հայ իրականության մեջ առաջին և քրիստոնեական արվեստի պատկերագրության պատմության մեջ երկրորդ գիրքն է, որ ամբողջությամբ նվիրված է Աստվածածնին։

«Սա ուղեցույց գիրք է, որը ներկայացնում է, թե Աստվածամորն ինչպես են պատկերում, յուրաքանչյուր պատկեր ինչպիսի մեկնաբանություն ունի»,- ասում է Ավետիսյանը։

Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար՝ հայ արվեստով և մշակույթով հետաքրքրվողների, ուսանողների, ինչպես նաև շարքային հավատացյալ քաղաքացիների, որոնք ուզում են հասկանալ եկեղեցում պատկերված սրբապատկերները։

«Գիրքը կօգնի հասկանալու, թե ինչու է մի եկեղեցում Աստվածածինը մի կերպ պատկերված, մեկ այլ եկեղեցում՝ ուրիշ կերպ՝ մեկնաբանելով խորհրդաբանական իրերի, առարկաների բովանդակությունն ու նշանակությունը։ Գիրքը ներկայացնում է, թե հայկական մշակույթում սրբանկարչությունը որտեղից ու ինչպես է սկիզբ առել, ինչ ճանապարհ է անցել ու ինչ փոփոխությունների ենթարկվել»,- ասում է Ավետիսյանը։

Հեղինակը նշում է, որ գիրքը հրատարակել է ընկերների ու հարազատների ֆինանսական աջակցությամբ։ Այժմ էլ, չնայած գիրքը վաճառքում կա, Ավետիսյանը մեծ մասամբ այն նվիրում է։ Ասում է՝ ում գիրքն իսկապես հետաքրքրում է, ֆինանսական միջոցներ չունի անգամ ինքնարժեքով վաճառվող գիրքը գնելու համար, իսկ ով ֆինանսական միջոցներ ունի Հայաստանում, նա էլ արվեստով չի հետաքրքրվում։

Խոսելով հայաստանյան ներկա կերպարվեստի մասին՝ Ավետիսյանն ասում է, որ երկրում տիրող սոցիալ-տնտեսական վիճակն անդրադառնում է նաև նկարչի վրա։ Իր արվեստով զբաղվելու հարցում նկարիչն այժմ ավելի մեծ բարդությունների առաջ է կանգնած։ Ժամանակակից նկարչից պահանջվում են ոչ միայն ստեղծագործական, այլև մենեջերի հմտություններ, որպեսզի կարողանա իր կտավը վաճառել ու նոր ստեղծագործության համար աշխատանքային նյութեր և օրվա ապրուստ ձեռք բերել։

Չնայած իրավիճակին՝ Ավետիսյանը վատատես չէ․ ասում է, որ նոր՝ անկախության սերնդի մեջ պայծառ ու խոստումնալից երիտասարդներ կան, որոնք, հավանաբար, փոփոխությունների ալիք կբերեն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: