Հայերեն   English   Русский  

ԵՏՄ-ի պայմաններում ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև մաքսային անցակետեր չե՞ն լինի


  
դիտումներ: 1642

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկում կայացած ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը: Եթե այն վավերացվի ԵՏՄ անդամների կողմից` ըստ յուրաքանչյուր երկրի ընթացակարգերի, ապա 2015 թ. հունվարից Հայաստանը ԵՏՄ-ի անդամ կլինի:

Թե ինչ կտա ԵՏՄ-ին անդամակցելը Հայաստանին, քննարկվում է անցյալ տարվա սեպտեմբերի 3-ից, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի` այն ժամանակ դեռևս Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին: Համենայն դեպս, ՀՀ Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության նախագահի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ արված հայտարարության մեջ անդրադառնալով այս խնդրին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշում է. «Մենք կայացրել ենք այդ որոշումը մեր երկրի տնտեսության առաջընթացին նոր զարկ հաղորդելու նպատակով: Եվրասիական տարածքում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժով և մատչելի էներգակիրների հասանելիությամբ ու միասնական տրանսպորտային լուծումների ներդրմամբ պայմանավորված` մեր տնտեսության մրցունակության և արդյունավետության բարձրացման նոր հնարավորություններ են առաջ գալիս»:

Ինչպես տեղեկացնում էր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, Հայաստանը ստանալու է Եվրասիական տնտեսական միության տարածք մուտք գործած ապրանքներից գանձված մաքսատուրքի ընդհանուր ծավալի 1,13 տոկոսը: Բացի դրանից, հանձնաժողովը տեղեկացրել է, որ մեր երկիրը մինչև 2022 թ. կարող է մի շարք ապրանքների համար ԵՏՄ գոտում ընդունված մաքսատուրքերից տարբերվող գանձումներ կատարել:
Սա պաշտոնական Երևանի մեկնաբանությունն է: Ամեն դեպքում, հանուն անաչառության հիշեցնենք, որ հայ հասարակության շրջանում տարբեր ոլորտներին ու հարցերին վերաբերող մտավախություններ կային, որոնցից կարևորագույնը, թերևս, ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսային սահմանի հաստատման հարցն էր: Սա խիստ սուր քննարկումների առարկա դարձավ Հայաստանում հատկապես այս տարվա մայիսին, երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Աստանայում ՄՄ անդամ երկրների և ՀՀ ղեկավարների հետ քննարկումների ժամանակ այդ հարցը դրեց` հայտարարելով, թե Ադրբեջանի նախագահը նամակ է գրել, որում հայտնել է ՄՄ-ին միանալու առումով Ադրբեջանի մտահոգությունները, և հստակ հայտարարեց, որ պետք է քննարկվի` Հայաստանը ՄՄ անդամ է դառնալու ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով...
ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև մաքսակետերի տեղադրման հարցը վերջնական, հստակ ու հասկանալի պատասխան չի ստացել անգամ ներկայումս, երբ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը ստորագրված է:
Մաքսակետերի հարցում էլ է ընտրվել «փոխզիջումային» տարբերակը. ի՞նչ ենք «փոխզիջել»
Մինչ Մինսկում կստորագրվեր այդ պայմանագիրը, հրապարակվեց այդ պայմանագրի նախագիծը` հավելվածներով: Հրապարակված փաստաթղթի տեքստում Ղարաբաղի մասին հիշատակում չկար:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում վստահություն հայտնեց, թե ԵՏՄ-ին անդամակցելով` Հայաստանի անկախությունը չի սասանվի, երկրի անվտանգության հարցը կլուծվի և լուրջ տնտեսական առաջընթաց կլինի ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում: «Մեր անկախությունը ոնց որ կա, այդպես մնում է, ոչ մի վտանգ չի սպառնում: Մենք ուղղակի մի քանի հարցերով սահմանափակվում ենք. միայն տնտեսական: Ղարաբաղյան հարցով, եթե մենք ասում ենք, որ Ղարաբաղը չընդունված պետություն է, էդ ժամանակ ի՞նչ մաքսատուն, ինչի՞ մասին է խոսքը, փոփոխություն չի լինի, հակառակը` տնտեսական աճ կտա նույն Ղարաբաղին, որովհետև Ղարաբաղի բոլոր ապրանքները Հայաստանի միջոցով կարտահանվեն Եվրասիական միություն»,- ասաց Աբրահամյանը:
Եթե չհաշվենք Արա Աբրահամյանի սերտ, խիստ սերտ անձնական հարաբերությունները ՀՀ նախագահի և իշխանական վերնախավի որոշ ներկայացուցիչների հետ, ապա մինչ օրս այդպես էլ պաշտոնապես ոչ ոք չհստակեցրեց` ի վերջո Հայաստանի ու ԼՂՀ-ի միջև մաքսակետ կտեղադրվի՞, թե՞ ոչ:
Այն ժամանակ, երբ Մինսկում ԵՏՄ անդամ երկրների նախագահներն ու Սերժ Սարգսյանը ստորագրում էին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես փոխանցում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, հայտարարել է, թե ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ բանակցությունների ընթացքում համաձայնեցվել են բոլոր իրավական ու տնտեսական հարցերը: «Հաջողվել է տվյալ հարցի շուրջ գալ փոխզիջման, որը մենք բարձրացրել ենք նրբանկատորեն: Խոսքն այն սահմանների շրջանակի մասին է, որում Հայաստանը միանալու է (ԵՏՄ-ին): Ղազախստանը խոչընդոտներ չի տեսնում ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի միանալու հարցում»,- նշել է Ղազախստանի նախագահը, որն էլ հենց ժամանակին սրել էր Արցախի հետ սահմանին մաքսակետեր տեղակայելու հարցը:
Թե ինչ փոխզիջումների մասին է խոսքը, ինչ են պայմանավորվել երկրների ղեկավարներն այս առումով, ինչ սահմանային ռեժիմ է գործելու ՀՀ-ի ու ԼՂՀ-ի սահմանին, Նազարբաևի հայտարարությունից, իհարկե, հնարավոր չէ հասկանալ:
Ուսումնասիրողները պնդում են, որ ԵՏՄ պայմանագրի նախագծի, դրա հավելվածների ու ՄՄ կանոնադրությանը համապատասխանության տեսանկյունից ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև պետք է մաքսային անցակետ տեղակայվի, իսկ դրա ձևական լինելու մասին պնդումները Ռուսաստանի յուրաքանչյուր գործողություն արդարացնելու հակված անձանց միայն կարող են բավարարել:
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ԵՏՄ անդամակցության կապակցությամբ հրավիրված քննարկման ժամանակ նշեց, որ թեև Նազարբաևը խոսում էր փոխզիջումից, ոչ մի փոխզիջումային տարբերակ պայմանագրում չի ամրագրվում, իսկ մնացածը բանավոր ջենտլմենական պայմանավորվածություններ են, որոնք կարող են գործել մեկ կամ երեք տարի: «Եթե հետագայում ղազախները պնդեն, որ պետք է դրվի այդ մաքսակետը, քանի որ դուք ստորագրել եք, մենք ի՞նչ պետք է անենք: ԵՏՄ անդամակցության հիմնական դրդապատճառը Ղարաբաղն էր համարվում, իսկ հիմա Ղարաբաղը ընդհանրապես խաղից դուրս վիճակում է»,- նշեց նա` հավելելով, որ ինքը վստահ է` խնդիրներ ենք ունենալու:
«Հայաստանի գործատուների միության» նախագահ Գագիկ Մակարյանը համարում է, որ կարող է լինել ինչ-որ մի մաքսակետ, որը կկրի զուտ ֆորմալ բնույթ` զրոյական դրույքաչափերով: «Մենք կարող ենք այդ ճկունությունը ցուցաբերել»,- նշեց նա:
Սակայն մաքսակետերը «ֆորմալ» չեն լինում, ու եթե անգամ չծառայեն իրենց նպատակին, գոնե խորհրդանշական նշանակություն ու ազդեցություն կարող են ունենալ: Եվ քանի դեռ մաքսակետեր տեղադրել-չտեղադրելու հարցում պաշտոնական հստակեցում չկա, դրա վնասները չենք կարող լիարժեք քննարկել:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: