Հայերեն   English   Русский  

​Պրեսռելիզային անդորրն ու իրական Հայաստանի տնքոցը կամ լրագրողի արձակուրդային տպավորությունները


  
դիտումներ: 3368

- Չէ՛, ախպեր ջան, էս տարվա բերքս էլ հավաքեմ, իրարով անեմ, իրացնեմ, հարկուտուրքերս, պարտքուպահանջներս փակեմ, տեսնեմ՝ տակը ինչ կմնա, հավաքեմ ու հայդե Ռուսաստան կամ ուրիշ տեղ,- սրտնեղած խոսում-խոսում, իր առօրյա դարդուցավն էր պատմում 26-ամյա երիտասարդ գյուղացի Հակոբն ու խոսքի տակին-գլխին չէր մոռանում կրկնել՝ հայրենի երկրում, հարազատ Սյունիքում ինքը չի պատկերացնում իր ու իր երեխաների ապագան. այլևս չի պատկերացնում:

Չի պատկերացնում, քանի որ իր կյանքի բոլոր տարիներին էլ նույն իրականությունն է տեսել: Ամբողջ տարին դառը դատել, վերջում դատարկ նստել են՝ մնալով գյուղի խանութպանի գթասրտության հույսին: Խանութի պարտքի ցուցակում իրենց անվան դիմաց խոշորացող պարտքերից հետո կշարունակի կենսական նշանակության ապրանքները կամ մթերքը պարտքով տալ: Չի պատկերացնում, քանի որ արդեն հոգնել է երեխաներին երկու համար մեծ կոշիկ առնելուց, որ գոնե երկու սեզոն հագնեն: Որովհետև արդեն հոգնել է ընտանիքի անդամներին, ընկեր-ծանոթ-բարեկամներին անվերջ կրկնելուց, թե ոչինչ՝ այս տարի լավ չեղավ, բայց հաջորդ տարի անպայման լավ կլինի, որովհետև «տելեվիզրով լուրերն ասել են, որ Հայաստանում գյուղատնտեսությունն աճել ա»…

Բռնակոթ գյուղի կալերում երեք գյուղացի ակտիվ զրուցում են. նրանցից մեկը խիստ բորբոքված կամ վրդովված մի ինչ-որ բան է ասում, մյուս երկուսը գլուխներն են տմբտմբացնում՝ խրախուսելով խոսողին, քանի որ իրենց սրտից է խոսում: Հետաքրքրությունս շարժվում է, փորձում եմ առանց ավելորդ ուշադրություն դարձնելու մոտենալ նրանց, քանի որ սերմնազտիչի ձայնը խանգարում է լսել նրանց: Մոտենում ու հանգիստ կանգնում եմ նրանց կողքին. բերքից, ցորենից ու մթերման գներից են խոսում: Ակտիվ խոսողը միջին տարիքի հաղթանդամ տղամարդ է: Նա բառերը սերմնազտիչից թափվող զտված ցորենի պես հատիկ-հատիկ շարում է.

- Աղացները ցորենի կիլոն 90 դրամով են ընդունում. հսկանըմ ե՞ք՝ 90: Դե քինյա, խեղճ գյուղացի, սաղ տարին կաշիդ տուր արևի ռեխը, քրտինքդ թափի դաշտերըմը, կաշիդ պոկ կյալով սալյարկա առ, սերմ առ, սելիտրա առ, օրերով տրակտորիստի եդնիցը ֆռֆռա ու խնդրի, որ դաշտդ վարի-ցանի, սաղ տարին հույսդ դիր Աստծո վրին, որ մի պատառ անձրև ուղարկի՝ դաշտդ չչորանա, ու մեկ էլ աշունքը տար ցորենդ, հացդ է՝ հացդ, 90 դրամով հանձնի ալրաղացին, որ հետո հացը վրեդ ոսկու գնով ծախի,- ասում էր Գևորգը:

- Չէ մի չէ, 90 դրամով, ավելի լավ ա չտամ, տանեմ լցնեմ տավարի, հավերի տեմը ուտեն, քան 90 դրամով ծախեմ: Դե 90 դրամով առնողները թող կյան, 1 կիլո ցորեն աճըցնեն, տնամ տրանից հետո էլ ե՞ն 90 դրամ գին տինելու ցորենի վրին, թե՞ 190,- վրդովված արձագանքում է զրուցակիցներից մեկը, ինչին զրուցակիցը պատասխանում է, թե իհարկե ջղայնացած խոսելիս բոլորն են սպառնում, թե ցորենը 90 դրամով չեն վաճառի, բայց բոլորն էլ հոգու խորքում գիտեն, որ երբ բանկերից, այսինչ-այնինչ ՈւՎԿ-ներից, որոնց գյուղացիները, ի դեպ, «օֆիս» են ասում, կզանգեն, ու ավտոռոբոտը կտեղեկացնի. «Հարգելի՛ բաժանորդ, ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ Ձեր վարկի հերթական վճարման օրը այսինչ ամսաթվին է. խնդրում ենք վճարել այն»… Ու եթե անգամ ավտոռոբոտը չի ասում, թե հակառակ դեպքում ինչ կլինի, բոլորի դեմքին էլ տհաճության կնճիռներ են առաջանում: Ու տղամարդը վրա է բերում.

- Դե տղա ես՝ մի ծախի ցորենդ, հաջորդ օրը օֆիսից զանգեն ու ասեն՝ փողերը բեր, տուգանըմ ենք, կամ երաշխավորներիդ վատություն չանելու համար էլ ա տանելու ես 90 չէ, 80 դրամով էլ ծախես, որ պրծնես:

Այդ պահին որոշում եմ միջամտել, ու հարցնում եմ՝ տարին երաշտ էր, չէ՞. բա ի՞նչ են ասում, որ 90 դրամ գին են առաջարկում: Երեք զրուցակիցներն էլ միաբերան պատասխանում են.

- Ասում են՝ չեք տալիս էդ գնով, մի՛ տվեք, կգնանք, Ռուսաստանից էժան ալյուր կբերենք ու կծախենք, դուք մտածեք:

Ու թքած, թե գյուղնախարարությունը պետք է վիճակագրություն տրամադրի, թե այս տարի այսքան բերք է ստացվել, այսքան հեկտարով ավելացել են ցանքատարածությունները, այսքան տոննայով՝ բերքը, թե մթերման հետ կապված խնդիրներ չկան, քանի որ Հայաստանը չի կարող ցորենի ամբողջ պահանջարկը բավարարել, թե շուկայական հարաբերություններն են որոշում գինը և այլն: Կարիք չկա անգամ զանգել և պարզաբանում խնդրել, քանի որ նման դեպքերի համար միշտ էլ հասարակայնության հետ կապերի բաժիններում վաղուց արդեն պատրաստված պատասխանները կան: Մի բան էլ դու մեղավոր կլինես, որ «ամեն ինչ մռայլ գույներով ես ներկայացնում»: Մռայլ գույներով ես ներկայացնում, երբ ասում ես, որ միայն զինտեխնիկան չէ 70-80-ականների, այլև տրակտորները, կոմբայնները, որոնց վիճակը տարեցտարի ավելի է վատանում: Իսկ «գերժամանակակից» Ռուսաստանն ու ռուսական ցորենը, ալյուրը կան ու կան, և ոչինչ, որ պատերազմի մեջ գտնվող Հայաստանին սեփական հացն է պետք, սեփական ցորենը, սեփական ալյուրը, որոնք ալրաղացների տերերի գնային համաձայնության «շնորհիվ» ուղղակի չեն զարգանում, որովհետև գյուղացին հիասթափվելուց հետո հաջորդ տարի արդեն պարզապես ցորեն չի մշակի, ոչինչ չի մշակի…

- Տոննայից ավելի մեղր եմ ստացել ու ձեռքը կրակն ընկել: Եթե ուրիշները բողոքում են, որ մեղր չեն ունեցել, ես էլ պիտի բողոքեմ, որ չեմ կարողանում վաճառել,- պատմում է մեղվաբույծ Ս. Հակոբյանը,- 300-400 կիլո մեղր եմ վաճառել՝ մաս-մաս: Բնականաբար գումարն էլ մաս-մաս է եկել ու այդպես էլ մաս-մաս գնացել, բան էլ չեմ հասկացել: Հիմա էլ տոննայից ավելի մեղր ունեմ, շուկայում մեկ կիլոգրամը 3500-4000 դրամ է, բայց ես համաձայն եմ, թող 2500-3000 դրամ տան ու ամբողջը տանեն: Ավելի լավ է բոլորը էժանով տանեն, քան կիլո-կիլո թանկով ծախեմ:

Իսկ հետո էլ պետական հաղորդագրություններից պարզ կդառնա, թե այսինչ կամ այնինչ երկրում հայկական մեղրը շատ բարձր են գնահատում, բայց հայ մեղվաբույծները չեն կարողանում մեծ խմբաքանակներ մատակարարել, մեղվաբուծությունը պետք է զարգացնել:

Պետական հաղորդագրություններում, իհարկե, չեն էլ հիշի, որ հացի խնդիր ունեցող երկրում, որտեղ ո՛չ ալյուրն է էժանանում, ո՛չ՝ հացը, գյուղացուց ցորենը 90 դրամով են գնում, մեղվաբույծի մեղրը չեն էլ մթերում, լոլիկ արտադրողի լոլիկը անմրցունակ է դառնում, քանի որ որոշ գործարար տղերք հաջողացրել են թուրքական լոլիկ ներմուծել Հայաստան ու դեռ մի բան էլ՝ հայկականի անվան տակ վերաարտահանել ռուսական շուկա, որ կոմբայնը հին է, վառելանյութն ու պարարտանյութը՝ թանկ, որ գյուղացու հույսը եղանակն է ու Աստված, որ խանութպանը առևտուր չունի, իսկ բանվորը, երբ օրական 3000 դրամով աշխատանք է գտնում, սրտանց ուրախանում է, որ իր երեխաներն այդ ամիս էլ ուտելու հաց կունենան, բայց սեպտեմբերի 1-ն էլ սարերի հետևում չէ՝ իր լրացուցիչ հոգսերով, պահանջվող ծախսերով, գումարներով:

Պրեսռելիզներում ամեն ինչ կարգին է, ու թքած, որ իրական Հայաստանը լրիվ ուրիշ է, որ իրական Հայաստանը տնքում է օրըստօրե բարդացող ու ահագնացող հոգսերի տակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: