Հայերեն   English   Русский  

​Տյառնընդառաջ


  
դիտումներ: 3685

Տյառնընդառաջը (Տրնդեզը) ամենասիրված տոներից է Հայաստանում, որն այսօր պարտադիր նշում են այն ընտանիքները, որոնք նշանված կամ նոր ամուսնացած զավակներ ունեն:

Նաև Տրնդեզի օրը տեղի են ունենում նշանադրման և հարսանիքի արարողություններ: Տոնի ժողովրդական ավանդույթներից այսօր պահպանվել են խաղարկային բնույթի բաղադրիչներ, գլխավորապես` խարույկավառությունը:

Ըստ որոշ ուսումնասիրողների` տոնը վաղնջական ժամանակներում նվիրված էր Տիր աստծուն: Տիրը հայերի իմաստության, գիտության, ուսման աստվածն էր` աստվածահայր Արամազդի քարտուղարը: Նրա տաճարը գտնվում էր քաղաքամայր Արտաշատում, որ միաժամանակ ծառայում էր որպես կրթարան: Տիրը երազների և գուշակությունների հովանավորն էր, քրմական դասի պաշտպանը:

Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից (Հայաստանում ամենուր չէ, որ անտառ կա): Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը, և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Երբ կրակը նստում էր, տոնախմբության մասնակիցները թռչում էին կրակի վրայով և պար բռնում կրակի շուրջը:

Բնապաշտական ժամանակաշրջանում Տրնդեզը խորհրդանշել է Վահագն աստծո ծնունդը, որի երկունքը տևել է քառասուն օր: Վահագնը ծնվեց հրից, որից էլ քուրմը կրակ է վերցրել և նվիրել համայնքին: Նորահարսների` խարույկի վրայով թռչելու սովորույթը Վահագնի նման արու զավակ ակնկալելու խորհուրդ ունի: Պահպանվել է նաև մի հավատալիք, ըստ որի` չբեր կինը, այրելով իր քղանցքը Տրնդեզի կրակով, անպայման կհղիանա և արու զավակ կունենա: Տղամարդիկ կրակի վրայով թռել են նրա միջոցով մաքրագործվելու, իսկ երեխաները` չարից ազատվելու համար:

Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ. հետևելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը (եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, ակնկալել են առատ բերք, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արևմուտք` համարել են, որ երաշտ կլինի): Ծխի ուղղությամբ փորձել են գուշակել, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Տրնդեզի մոմերով կամ ջահերով հատուկ պար է եղել նորապսակների համար: Յոթ ամուսնական զույգեր մոմերով կամ ջահերով շրջապատել են պարող նորապսակներին` չարքերից պաշտպանելու համար, և նրանք պարել են այդ շրջանակի մեջ:

Տրնդեզի մոխիրը համարվել է սրբազան: Հարսների բարեհաջող ծննդաբերության համար Տրնդեզի կրակի մոխիրը կանայք լցրել են ջրի մեջ և խմեցրել հղի հարսին: Տրնդեզի մոխիրը խորհրդանշել է առատությունը, և այն հաճախ պահել են կճուճների մեջ, որ առատություն լինի: Այն շաղ են տվել հավաբներում՝ հավերի ձվատվությունն ավելացնելու համար, ինչպես նաև արտերում՝ ցանքսը մկներից պաշտպանելու համար: Հայերը նաև Տրնդեզի կրակի մոխրով սրբագործել են շրջապատը:

Տրնդեզի ծիսակատարությունը կապված է նաև մեռնող և հառնող աստվածության հետ. վառելով ձմռան շունչը և տաքացնելով գարնանամուտը` աստվածների հաճությունն են աղերսում: Նույն միտումով պատրաստում են նաև աղանձը` նախորդ տարվա արմտիքների պաշարի վերջին մնացուկները բովելով և նվիրելով աստվածներին:

Հետաքրքիր սովորություն է եղել Մուսա լեռան շրջանի հայության շրջանում, որի մնացուկներն այժմ էլ կարելի է գտնել գյուղերում մեծահասակների հիշողությունների մեջ, երբ տանտիկինը, բացելով դուռ ու լուսամուտ, քշում էր ձմեռ-շվոտը և ներս հրավիրում գարուն-մարտը: Շվոտը փետրվար ամսի արաբերեն բառի` շուբաթի աղավաղված ձևն է. երբեմն էլ շվոտի փոխարեն ասել են փուռդիկ, որը նույնպես փետրվար ամսի աղավաղված ձևն է:

Եթե Համբարձումը հիմնականում երիտասարդ աղջիկներին ու հարսներին նվիրված տոն էր, ապա Տրնդեզը փեսաներինն էր: Մինչ Տրնդեզը երիտասարդ փեսան իրավունք չուներ հանդիպելու և խոսելու հարսի հոր հետ: Միայն Տրնդեզի կրակի վրայով թռչելուց հետո էր այդ քրմարգելքը վերանում:

Քրիստոնյա եկեղեցու տոնացույցով սա անշարժ տոն է և նշվում է փետրվարի 14-ին: Այս օրը կատարվում է մոմերի օրհնություն: Քահանան օրհնում է մոմերը և բաժանում ժողովրդին: Մարդիկ մոմերը վառում են և պահում ձեռքներին, որպեսզի Տիրոջ երկրորդ գալստյանը արժանանան նրան ընդառաջ ելնելուն: Արարողությունից հետո այդ մոմերը տարվում են տուն: Եկեղեցին անթույլատրելի է համարում խարույկի շուրջ պտտվելն ու վրայով թռչելը:

Փետրվարի 13-ի երեկոյան, երբ եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, սկսվում է Տյառնընդառաջի տոնը: Տոնը խորհրդանշում է 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելը: Տյառնընդառաջի նախատոնակին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է Անդաստանի կարգ՝ աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն, ինչն ազդարարում է ձմռան ավարտն ու գարնանամուտը:

Ըստ Նոր կտակարանի՝ Հրեաստանում մի սրբազան ավանդություն գոյություն ուներ. ծնողներն իրենց առաջնեկ արու զավակին քառասուն օրականում տաճար էին տանում՝ ընծայաբերելով Աստծուն: Մանուկ Հիսուսի ծնողները՝ Մարիամն ու Հովսեփը, նույնպես Հիսուսին տանում են տաճար, որտեղ Սիմոն անունով մի ազնիվ և արդար ծերունի սպասում է Հիսուսին և տեսնելով նրան՝ Տիրոջը ընդառաջ է գնում: Ահա այստեղից է, ըստ քրիստոնեական եկեղեցու, առաջացել տոնի անվանումը: Երբ Հիսուսի ծնողները նրան ընծայում են տաճարին, տաճարի դռները դղրդյունով բացվում են, և մարդիկ գիշերը ճրագներով դուրս են գալիս տներից տեսնելու, թե ինչ է կատարվում, և այդպիսով ակամա լուսավորում են Հիսուսին: Այստեղից էլ, համաձայն քրիստոնեության, Տրնդեզի կրակներ վառելու սովորույթը:

Աղանձ

2 բ. ձավար

1/2 բ. սիսեռ

1 բ. կանեփ

1/2 բ. ընկույզ աղ

Ձավարն ու կանեփը լվանալ և չորացնել: Թրջել մի քանի ժամ, ապա հանել ջրից և ցամաքացնել սիսեռը: Յուրաքանչյուրն առանձին-առանձին բովել տապակի մեջ մարմանդ կրակով, անընդհատ խառնելով: Սառչելուց հետո խառնել իրար, ավելացնել ընկույզը: Կարելի է խառնել նաև այլ ընկուզեղեն. օրինակ` բոված ու մանրացված նուշ, ծիրանակուտ, կաղին, արևածաղկի սերմ, դդմի կուտ և այլն, ինչպես նաև չամիչ և թթի չիր:

Հալվա

Անհրաժեշտ է 1 կգ ալյուր, 200 գ յուղ, 100 գ շաքարավազ, 50 մլ տաք ջուր:

Ալյուրը լցնել խոր թավայի մեջ, ավելացնել յուղ և անընդհատ խառնել: Բովել, մինչև գոյանա փշրվող զանգված: Ավելացնել շաքարաջուր և խառնել, մինչև բոլոր կոշտուկները վերանան: Լցնել ամանի մեջ, հավասարեցնել և բաժանել հավասար մասերի:

Փուռդիկ

(Սասնա տարբերակ)

հացի խմոր

1/2 բ. ընկույզ

1/2 բ. բոված կանեփ 1 բ. մանրացված չրեր և չամիչ

Խառնել միջուկի նյութերը, լցնել հացի խմորի մեջ, փակել, վրան քսել ջուր կամ ձու և թխել:

Փուռնիկ

(Շիրակի տարբերակ)

հացի խմոր

200 գ հորած պանիր

50 գ կարագ

1/2 կապ խառը կանաչի

Մանրացնել կանաչին, խառնել պանիրն ու կարագը, լցնել հացի խմորի մեջ, վրան ձու կամ ջուր քսել և թխել:

Վահե Անթանեսյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: