Հայերեն   English   Русский  

​Վենետիկի հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանում հանրաքվեի ներկայացված սահմանադրական փոփոխությունները


  
դիտումներ: 1211

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 26-ին հանրաքվեի ներկայացված Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախնական եզրակացությունը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, հանձնաժողովը քննադատել է «Հանրաքվեի ակտ» նախագիծը: Ըստ եզրակացության` առաջարկվող շատ փոփոխություններ լրջորեն խախտում են կառավարության ճյուղերի միջև հավասարակշռությունը` նախագահին տրամադրելով «աննախադեպ» լիազորություններ:

Վենետիկի հանձնաժողովի փորձագետների կարծիքով` նախագահական մանդատը 5-ից 7 տարի դարձնելը «ոչնչով արդարացված չէ»` հաշվի առնելով երկրի ղեկավարի առանց այն էլ ուժեղ դիրքերը, ով 2009թ.-ից կարող է վերընտրվել անսահմանափակ թվով անգամներ: Բացի այդ, նախագահին տրամադրվում է խորհրդարանը լուծարելու լիազորություն, որը բացասաբար է ազդում «խորհրդարանում քաղաքական այլախոհութայն» վրա: Այն նաև բացասաբար է ազդում անկախ դատական համակարգի վրա, քանի որ դատավորներին հաստատելու գործում խորհրդարանի դերը կթուլանա:

Փորձագետները հատկապես մտահոգված են ոչ մեկի կողմից չընտրվող փոխնախագահների նշանակմամբ, որոնք կարող են որոշ ժամանակ ղեկավարել երկիրը, ինչպես նաև նախագահին արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարելու լիազորության տրամադրմամբ:

Վենետիկի հանձնաժողովը քննադատել է նաև հանրաքվեի գործընթացը, մասնավորապես` դրա անցկացումն առանց խորհրդարանում և հասարակության շրջանում նախնական քննարկում իրականացնելը, ինչպես նաև շատ կարճ ժամանակահատվածը:

Ժամանակի սղության պատճառով փորձագետները չեն կարողացել այցելել Ադրբեջան` տեղում իշխանությունների, փորձագետների և այլ շահագրգիռ կողմերի հետ խորհրդատվություն անցկացնելու համար: Այս առումով, Վենետիկի հանձնաժողովը ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները նախքան ծրագիրը հանրաքվեի դնելը չեն խորհրդակցել իրենց հետ:

Փորձագետները համաձայն չեն փոփոխությունների հետ, որոնք նախատեսում են «հասարակական կարգի» և «բարոյականության» պաշտպանության նկատառումներից ելնելով հանրային հանդիպումների համար սահմանափակումներ, քանի որ դրանք չափազանց լայն մեկնաբանման առիթ են տալիս: Մտահոգություն են հայտնել նաև քաղաքացիությանից զրկելու հնարավորության մասին առաջարկվող փոփոխությունների առնչությամբ:

Նախնական եզրակացությունը ներկայացվելու է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստի հաստատմանը, որը կայանալու է հոկտեմբերի14-15-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: