Հայերեն   English   Русский  

10 ոսկի՝ Եվրոպայի պատանեկան առաջնությունից


  
դիտումներ: 2609

Սեպտեմբերի 9-17-ը Լեհաստանում կայացավ մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների և պատանիների ծանրամարտի 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանն այս ստուգատեսում ներկայացնում էր 13 մարզիկ-մարզուհի: Մեր մարզիկները փայլեցին Եվրոպայի առաջնությունում՝ ընդհանուր առմամբ նվաճելով 22 մեդալ՝ 10 ոսկե, 5 արծաթե, 7 բրոնզե:

Ուրախալի է, որ մարզաձևի լավագույն ավանդույթները շարունակում են նաև երիտասարդները, որոնք շատ շուտով համալրելու են մեծահասակների հավաքականը: Հայաստանի պատվիրակությունը Լեհաստանից հայրենիք վերադարձավ մեդալների հարուստ ավարով:

Հայաստանը ներկայացնող 13 մարզիկներից 7-ին հաջողվեց դառնալ մեդալակիր երկամարտում:

Մեր մարզիկները ստուգատեսին մասնակցում էին գլխավոր մարզիչ Էդուարդ Կիզողյանի ղեկավարությամբ:

2016 թվականի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեցին և պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեցին Կարեն Մարգարյանը (77 կգ, Գեղակերտ), Կարեն Ավագյանը (85 կգ, Գեղակերտ), Արփինե Դալալյանը (+69 կգ, Քասախ):

77 կգ քաշային Կարեն Մարգարյանը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակիցներին: Երկամարտի փայլուն արդյունքով՝ 280 կգ (130 կգ + 150 կգ), նա ոչ միայն արժանացավ Եվրոպայի չեմպիոնի կոչմանը, այլև մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության 5 նոր ռեկորդ սահմանեց (2-ական պոկում վարժությունում և երկամարտում, 1-ը՝ հրումում):

Առաջնության արդյունքներն ամփոփելուց հետո հայտնի դարձավ, որ ստուգատեսի գլխավոր հերոսներից մեկը Յուրի Սարգսյանի անվան Գեղակերտի մարզադպրոցի 15-ամյա սան Կարեն Մարգարյանն է: Մեր մարզիկն իր մոտեցումներով թարմացրեց այս տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդները:

Կարեն Մարգարյանը ճանաչվել է այդ տարիքային խմբի պատանիների Եվրոպայի առաջնության լավագույն ծանրորդ և պարգևատրվել է հատուկ մրցանակով:

85 կգ քաշային Կարեն Ավագյանը, հանդես գալով ավագ տարիքային խմբում, երկրորդ ոսկե մեդալը բերեց մեր երկրին: Պատանի ծանրորդը ուժեղ էր բոլոր մրցակիցներից:

Նա պոկում վարժության առաջին իսկ մոտեցումով՝ 140 կգ, իր համար ապահովեց փոքր ոսկին: Սակայն հայ ծանրորդն այնուհետև երկու անգամ այդ ցուցանիշը բարձրացրեց 5-ական կիլոգրամով (145, 150): Պատմությունը գրեթե նույնությամբ կրկնվեց հրում վարժությունում: Առաջին իսկ մոտեցմամբ գլխավերևում պահելով 170 կիլոգրամանոց ծանրաձողը՝ Կարեն Ավագյանը ցույց տվեց, որ ինքն է մրցահարթակի տերը:

Այս քաշային կարգում հանդես էր գալիս նաև մեր երկրորդ մարզիկը՝ Հմայակ Հարությունյանը: Նա երկամարտի 285 կգ (130 կգ +155կգ) արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը:

Եվրոպայի առաջնությունում իրական մարզական սխրանք գործեց Արփինե Դալալյանը: Մեր մարզուհին պոկում վարժությունում 89 կգ-ով ընթանում էր 4-րդ հորիզոնականում, սակայն հրումում նրա ցույց տված 124 կիլոգրամը ոչ միայն այդ վարժության, այլև երկամարտում (213 կգ) Եվրոպայի չեմպիոնի կոչումը բերեց:

Նշենք, որ չեմպիոնական տիտղոսին շատ մոտ էր նաև Վարազդատ Լալայանը: Առաջին վարժությունից հետո նա 155 կգ արդյունքով առաջատարն էր (փոքր ոսկի): Երկրորդում անչափ համառ պայքար էր ծավալվել Վարազդատի և Լեհաստանի ներկայացուցչի միջև, որում մեր ծանրորդը կրկին առջևում էր: Սակայն վերջին մոտեցման ժամանակ Վարազդատը ծանրաձողը վեր բարձրացնել չկարողացավ: Նրա սայթաքումը չեմպիոն դարձրեց լեհ ծանրորդին, իսկ Վարազդատ Լալայանը արժանացավ հրում վարժությունում (180 կգ) և երկամարտում (335 կգ) արծաթե մեդալի:

Այսպիսով, Լեհաստանում կայացած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ մարզիկներն իրենց հիանալի դրսևորեցին:

Սա փայլուն նվաճում է, որը վկայում է Հայաստանի ծանրամատի ազգային ֆեդերացիայի մարզիչների ու մարզիկների նպատակասլաց, արդյունավետ ու անձնվեր աշխատանքի և, որ ամենակարևորն է, հեռանկարային սերնդափոխության մասին:

Անժելա Բեգլարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: