Հայերեն   English   Русский  

​Այսօր սուրճի համաշխարհային օրն է


  
դիտումներ: 2410

Հայաստանի բնակիչները սուրճի մոլի սիրահարներ են։ Հայերը միշտ և ամենուրեք, օրվա ցանկացած ժամին սուրճ են խմում:

Սուրճը վաղուց մոլորակի միլիոնավոր բնակիչների «լավագույն ընկերն» է դարձել։ Որոշ տվյալներով` աշխարհում տարեկան 760 միլիարդ բաժակ սուրճ են խմում։ Հայաստանն այն երկրների շարքում է, որոնց բնակիչների մեծ մասը սուրճի մոլի սիրահարներ են։ Հայերը սուրճ են խմում միշտ և ամենուրեք, կլոր տարին, օրվա ցանկացած ժամին։ Այստեղ ամենատարածվածն արևելյան սուրճն է` «սև սուրճը»։ Եթե Հայաստանում դուք որևէ մեկին հյուր եք գնում, ձեզ անպայման հարցնում են` սուրճ ուզո՞ւմ եք։ Իսկ լուծվող սուրճը նախընտրում է հիմնականում երիտասարդությունը։

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը խոստովանեց, որ սուրճը միայն տաք վիճակում է խմում, անգամ ամռանը։ Դերասանուհին հարցազրույցներից մեկում նշել էլ, որ սուրճը սկսել է հաճախ խմել ուսանողական տարիներին, քանի որ ուսանողները հենց այդ տարիքում էներգիայի հավելյալ աղբյուրի կարիք են ունենում։

Երգիչ Էրիկը նախընտրում է քաղցր սուրճը, առանց կաթի, խմում է օրական երեք բաժակ։ «Սուրճ եմ խմում, որպեսզի չքնեմ։ Հայաստանում ավելի հաճախ սև սուրճ եմ խմում, բայց եթե սև սուրճ չկա, խմում եմ այն, ինչ կա»,– ասել է երգիչը։

Իսկ վերջում`փոքրիկ վիճակագրություն. մաքսային ծառայության տվյալով` տարեկան Հայաստան է ներմուծվում 10 հազար տոննա սուրճ:

Այժմ հետաքրքիր փաստեր սուրճի մասին՝

.Այժմ սուրճի արտադրության 40% կատարվում է Բրազիլիայում:

.Սուրճամոլների 70%-ը խմում է «Արաբիկա» տեսակի սուրճ, իսկ 30%-ը՝ «Ռոբուստա», որը ավելի ցածր կարգի է, բայց ավելի դիմացկուն է չորացմանն ու հիվանդություններին, նրանից 2 անգամ ավելի շատ բերք կարելի է ստանալ, քան «Արաբիկայից»:

.«Արաբիկա»-ն իր մեջ պարունակում է 1% կոֆեին, իսկ «Ռոբուստա»-ն՝ 2%: Լուծվող սուրճ արտադրողները հիմնականում խառնում են այս երկու տեսակի սուրճերն իրար։

.Սուրճի ծառի երկարությունը կարող է հասնել 9 մետրից մի փոքր շատ, սակայն ինչքանով որ հարմար է սուրճը հավաքել ավելի փոքր բարձրությունից, այժմ սուրճի ծառի բարձրությունը հազվադեպ է անցնում 3 մետրը։

.Սուրճի ամենամեծ սիրահարներն ապրում են ԱՄՆ-ում, ամենաշատ սուրճը խմում են հենց ԱՄՆ-ում։

.Գոյություն ունի սուրճի պատրաստման մի քանի հազար ձև՝ այդ թվում նաև կարմիր պղպեղով, սխտորով և նույնիսկ կարագով։ Սակայն այս բոլոր ձևերի մեջ ամենաօգտակարը սուրճի պատրաստման Սկանդինավյան ձևն է։

.Աշխարհում ամենաշատ վաճառվող ապրանքների մեջ սուրճը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը. Առաջին հորիզոնականում նավթն է։

.Սուրճն այժմ ավելի, քան 700 տարեկան է։

.Առանց շաքարավազի սև սուրճի կալորիականությունը 0 է։

.Ամերիկանո տեսակի սուրճն առաջացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ամերիկացի զինվորները չէին կարողանում խմել եվրոպական սուրճը, այդ իսկ պատճառով նրանք ջուր ավելացրին այդ սուրճի վրա։

.Սուրճի ակնթարթային ազդեցությունը միֆ է. իրականում սուրճն ազդում է խմելուց 30 րոպե անց, և նրա ազդեցությունը մնում է 2-6 ժամ։

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: