Հայերեն   English   Русский  

​Սիմոն Մարտիրոսյան. «Մարզիկը պետք է իր գործի նվիրյալը լինի»


  
դիտումներ: 2150

Ռիոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի մեդալների հաշվարկը բացեց Սիմոն Մարտիրոսյանը: 19-ամյա հայ մարզիկը լավագույն կողմերվ դրսևորեց իրեն: Նա երկամարտում ցույց տվեց 417 կգ արդյունք (190 կգ +227 կգ)՝ նվաճելով արծաթե մեդալ և հռչակվելով օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

Չնայած երիտասարդ տարիքին՝ Սիմոնը մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի՝ ունենալով լուրջ հաջողություններ: Հայ մարզիկը հաղթող է ճանաչվել պատանեկան օլիմպիական խաղերում, աշխարհի երիտասարդական առաջնությունում: Բայց և այնպես Սիմոնն առանձնակի արժևորում և կարևորում է օլիմպիական մեդալը: «Անկախի» հետ զրույցում 19-ամյա մարզիկը պատմում է հաղթանակի տանող ճանապարհի, առաջիկա ծրագրերի և հետագայում էլ նորանոր հաջողություններ գրանցելու ցանկության մասին:

- Շնորհավորում ենք Ձեզ օլիմպիական խաղերում արծաթե մեդալակիր դառնալու առիթով: Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել:

- Օլիմպիական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ: Յորաքանչյուր մարզիկի երազանքն է մասնակցել օլիմպիական խաղերին: Արդեն իսկ մեծ ձեռքբերում է խաղերին մասնակցելը, քանի որ ոչ բոլորին է հաջողվում հանդես գալ օլիմպիական մրցահարթակում: Ուրախ եմ, որ կարողացա պատվով ներկայանալ:

Զգացողություններս բառերով նկարագրել չեմ կարող: Մի շարք մրցաշարերի եմ մասնակցել, հաղթել ու մրցանակներ նվաճել, բայց օլիմպիական խաղերում նվաճած մեդալն ինձ համար ամենակարևորն ու արժեքավորն է:

- Օլիմպիական խաղերից մեկ ամիս առաջ Թբիլիսիում մասնակցեցիք ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը, նվաճեցիք հաղթողի կոչումը՝ ճանաչվելով մրցաշաի լավագույն մարզիկ: Այդ հաջողությունն ինչպե՞ս անդրադարձավ Ռիոյում Ձեր մրցելույթների վրա:

- Ինչ խոսք, որգևորված էի և առավել վստահ էի իմ ուժերին: Բարձր տրամադրությամբ և հաղթական տրամադրված մեկնեցի Ռիո:

- Օլիմպիական խաղերը մարզական ասպարեզում ամենահեղինակավոր մրցումներն են: Այս առումով ինչպե՞ս հաղթահարել լարվածությունը:

- Մարզավիճակը շատ կարևոր է: Մարզավիճակից է կախված մարզիկի հոգեվիճակն ու տրամադրվածությունը: Մինչև մրցումներն է հարկավոր պատրաստ լինել: Մրցումներին սկսում եմ տրամադրվել արդեն իսկ մարզումային նախապատրաստական փուլից: Ամիսներ շարունակ մարզիկը քրտնաջան աշխատում է, իսկ մրցման ժամանակ հարկավոր է կենտրոնանալ , հավաքվել և ցույց տալ այն, ինչին ընդունակ է:

Մրցահարթակում փորձում եմ չմտածել այն մասին, որ դուրս եմ եկել մրցման: Այդ կերպ կարողանում եմ հաղթահարել հուզմունքը և ներդնել ողջ ուժերս:

- Ե՞րբ սկսեցիք զբաղվել ծանրամարտով: Ինչու՞ ընտրեցիք հենց այս մարզաձևը:

- Ծանրամարտից առաջ զբաղվել եմ բռնցքամարտով: Մարզվում էի, բայց միաժամանակ հասկանում էի, որ դա իմը չէ: Հորեղբայրս՝ Անդրանիկ Մարտիրոսյանը, ժամանակին զբաղվել է ծանրամարտով: Հետաքրքրություն կար այդ մարզաձևի նկատմամբ: Ցանկություն հայտնեցի՝ ծանրամարտով զբաղվելու:

12 տարեկան էի, մեր հարևանի հետ գնացի մարզադահլիճ: 60 կգ ծանրաձողն առանց դժվարության բարձրացրի: Կարելի է ասել՝ հրապուրվեցի, և այդպես սկսվեց իմ մարզական ուղին:

Սիմոն Մարտիրոսյան

- Հաղթանակի հասնելու համար ի՞նչ է հարկավոր, և ի՞նչ է տվել Ձեզ սպորտը:

- Կյանքում առահասարակ ոչինչ հեշտ չի տրվում: Ցանկացած աշխատանք իր դժվարություններն ունի: Ինձ, կարելի է ասել, դուր է գալիս հենց այդ դժվարությունը: Եթե ինչ-որ բան հեշտ է տրվում, անհետաքրքիր է դառնում:

Հաջողության հասնելու և հաղթանակներ տոնելու համար մարզիկը պետք է քրտնաջան աշխատի՝ դառնալով իր գործի նվիրյալը: Շատ կարևոր է մարզչի գործոնը: Հարկավոր է ունենալ լավ մարզիչ և մշտապես հետևել նրա խորհուրդներին:

Մարզական կարիերայիս ընթացքում հաջողություների եմ հասել մարզիչներիս շնորհիվ: Նրանք արհեստավարժ և բարձրակարգ մասնագետներ են: Ծանրամարտով սկսել եմ զբաղվել Աշոտ Փիլոսյանի մոտ, որն իմ անձնական մարզիչն է: Ծանրամարտի մեծահասակների հավաքականի մարզիչներ Փաշիկ Ալավերդյանի և Վիգեն Խաչատրյանի խորհուրդներն ինձ շատ են օգնել: Մեծ պատիվ է աշխատել նրանց հետ: Հաղթանակներիս համար պարտական և շնորհակալ եմ բոլոր մարզիչներիս:

Սպորտն ինձ համար ապրելակերպ է. այն ինձ ուժեղ է դարձնում: Սպորտի շնորհիվ սովորել եմ անտրտունջ հաղթահարել դժվարությունները և միշտ առաջ նայել: Սպորտի շնորհիվ իմ երազանքները դարձրել եմ նպատակ և ձեռք եմ բերել պայքարելու ու երբեք չնահանջելու կարողություն:

- Պարապմունքներն ու մարզումները Ձեր առօրյայի հիմնական մասն են: Կարողանո՞ւմ եք Ազատ ժամանակ գտնել լիցքաթափվելու համար:

- Հատուկ նախասիրություններ չունեմ: Երբ ազատ ժամանակ եմ ունենում, փորձում եմ անցկացնել հաճելի մթնոլորտում հարազատներիս և ընկերներիս հետ: Ծանրամարտի հետ մեկտեղ հետևում եմ վոլեյբոլի մրցումներին, ազատ ժամանակ սիրում են նաև խաղալ:

- Սպորտում շատ հաճախ լինում են նաև պարտություններ և հիասթափություններ: Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները:

- Մարզիկի և առհասարակ բոլորի համար ամենից կարևոր հատկանիշը նպատակասլացությունն է: Դժվար պահեր, անհաղթահարելի թվացող իրավիճակներ հաճախ են լինում: Բայց պետք է միշտ առաջ նայել, չընկճվել և ավելի մեծ եռանդով ու ոգևորությամբ աշխատել: Դժվար իրավիճակներն ինձ համար առաջ շարժվելու և հաղթելու լրացուցիչ խթան են: Պետք է կարողանալ հիասթափությունները շուտ հաղթահարել:

- Օլիմպիական խաղերում հաղթանակից հետո Ձեզ հայրենիքում մեծ շուքով դիմավորեցին: ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեցիք «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Ի՞նչ զգացողություններ ունեցաք:

- Մեծ հպարտություն եմ զգում: Հասկանում եմ, որ ճիշտ ուղի եմ ընտրել: Հաթանակի արժեքն այնքան էլ չէի գիտակցում Ռիոյում: Այնտեղ բոլորը մարզիկներ էին, համահավասար մարդիկ:

Երբ եկա հայրենիք, ամենի ինչ փոխվեց: Մարդիկ մեզ մեծ ոգևորությամբ դիմավորեցին, ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեցի: Այս ամենը շատ հաճելի է և միաժամանակ պարտավորեցնող: Հայրենակիցներիս ուրախությունն ու ժպիտները տեսնելով՝ մարզական նորանոր հաջողություններ գրանցելու ավելի մեծ ցանկություն ունեմ:

- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

- Հանգստանալու ժամանակ գրեթե չեմ ունեցել և արդեն վերսկսել եմ մարզումներս: Առաջիկայում Իսրայելում կայանալու է Եվրոպայի առաջնությունը: Դեռ վերջնական որոշված չէ, բայց կարծում եմ՝ կմասնակցեմ: Աշխատում եմ մարզավիճակս պահապանել, իսկ հետագայում ավելի շատ կիլոգրամներ բարձրացնել:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: