Հայերեն   English   Русский  

«Սանիթեք» ընկերության պատասխանը գիշերային աղբահանության վերաբերյալ բնակիչների դիմումներին


  
դիտումներ: 443

«Սանիթեք» ընկերությունը վերջին մեկ ամսվա ընթացքում Ֆեյսբուք սոցիալական ցանցում իր պաշտոնական էջին և թեժ գծի հեռախոսահամարին դիմումներ է ստանում գիշերային ժամերին իրականացվող աղբահանության վերաբերյալ: Բնակիչները դժգոհում են աղբատար մեքենաների և աղբահանություն իրականացնող աշխատակիցների աղմուկից: «Սանիթեք» ընկերությունը՝ աշխատելով հանրային ծառայության ոլորտում, խիստ կարևորում է բնակիչների կողմից հնչեցված կարծիքներն ու նրանց գոհունակությունը, ուստի հարկ ենք համարում այս առնչությամբ ներկայացնել ընկերության պարզաբանումը:

Նշենք, որ գիշերային ժամերին աղբահանություն իրականացնելը ընդունված միջազգային պրակտիկա է, որը կիրառվում է ցերեկային ժամերին քաղաքային երթևեկությունը, բակերում կայանած մեքենաների տեղաշարժը չխափանելու նկատառումով: Նման գրաֆիկով աշխատանքը կոչված է նաև բնակելի շենքերից աղբը ժամանակին տեղափոխելուն, որպեսզի բնակիչներն առավոտյան մաքուր տեսնեն քաղաքը:

Հավելենք նաև, որ «Սանիթեք» ընկերության բոլոր մեքենա-սարքավորումները ներկայումս լավագույնն են ըստ միջազգայնորեն ընդունված չափորոշիչների: Վերջիններս նաև աշխատանքի մեջ քիչ աղմկոտ են ու ավելի կոմպակտ։ Այնուհանդերձ, գիշերային ժամերին ընկերության աշխատանքն առավել աննկատ կազմակերպելու համար ընկերության մասնագետները փորձում են նաև լրացուցիչ միջամտությամբ նվազագույնի հասցնել մեքենաների աղմուկը: Իսկ բնակիչների այն դիմումները, որտեղ նշվել է ընկերության աշխատակիցների աղմուկի մասին, հատուկ ուշադրության են արժանացել. տվյալ հատվածում գիշերային ժամերին հերթափոխ իրականացնող բոլոր աշխատակիցների հետ համապատասխան բացատրական աշխատանքներ են տարվել:

«Սանիթեք» ընկերությունը լիահույս է, որ ձեռնարկվող բոլոր քայլերը կնպաստեն աղբահանության աղմուկի նվազեցմանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ 24 ժամյա աշխատանքային գրաֆիկն անհրաժեշտ է Երևանը մաքուր պահելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: