Հայերեն   English   Русский  

​Հարություն Նազարյան. «Այժմ քայլում ենք, բայց կարող ենք նաև վազել»


  
դիտումներ: 2022

Բռնցքամարտի աղջիկների Հայաստանի հավաքականը՝ ավագ մարզիչ Հարություն Նազարյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 18-27-ը Թուրքիայի Օրդու քաղաքում մասնակցեց Եվրոպայի երիտասարդների ու պատանիների առաջնությանը: Երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացրին 57 կգ քաշային Անահիտ Արոյանն ու 60 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Հարություն Նազարյանը 10 ամիս է, ինչ ստանձնել է բռնցքամարտի կանանց հավաքականի ղեկը: Այս կարճ ժամանակահատվածում փորձառու մարզչին հաջողվել է համախմբված և համերաշխ թիմ ստեղծել:

«Անկախի»հետ զրուցում Հարություն Նազարյանը գնահատում է Եվրոպայի առաջնությունում մեր մարզուհիների ելույթները, խոսում աղջիկների հետ աշխատելու հաճելի և միաժամանակ դժվար կողմերի, ինչպես նաև, որպես ավագ մարզիչ, հետագայում հաջողություններ ունենալու մեծ ցանկության մասին:

- Պարո՛ն Նազարյան, առաջնությունից առաջ ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել: Եվրոպայի առաջնության մասնակիցների ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

- 10 ամիս է, ինչ աշխատում եմ բռնցքամարտի կանանց հավաքականում: Այս ընթացքում առաջնային նպատակս էր համախմբել հավաքականը: Երևան քաղաքում շատ քչերն են զբաղվում բռնցքամարտով: Հավաքականի մյուս անդամները գալիս են մարզերից: Ուրախալի է, որ բոլորն էլ եռանդով գալիս, մասնակցում են մարզումներին: Ոգևորություն կա մեր աղջիկների մեջ: Ամեն դեպքում հեշտ չէ ամեն օր այդ ճանապարհն անցնել: Թիմում համերաշխություն կա, հարգանք, սեր: Ես ուրախ և հպարտ եմ, որ կարողացա ստեղծել այս հավաքականը:

Թուրքիայի մրցաշարից առաջ տասնօրյա ուսումնամարզական հավաք անցկացրինք Աբովյանում: Ընթացիկ մարզումներն անցկացրել ենք Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում: Մարզումային փուլը հաշվի առնելով՝ որոշեցի, որ մրցաշարին լավագույնս պատրաստ են և մեր երկիրը կարող են պատվով ներկայացնել Անի Հովսեփյանն (60 կգ) ու Անահիտ Արոյանը (57 կգ):

Կարծում եմ, որ նպատակահարմար չէր Եվրոպայի առաջնությանը տանել այն մարզուհիներին, որոնք պատրաստ չէին, ռինգ մտնելու, ժամանակի մեջ տեղավորվելու և այդ ժամանակում աշխատելու փորձ չունեին:

- Մեր մարզուհիները քառորդ եզրափակչից դուրս մնացին: Որպես ավագ մարզիչ՝ նրանց ելույթներին ի՞նչ գնահատական կտաք:

- Աղջիկները մարտական տրամադրված մեկնեցին Եվրոպայի առաջնության: Սա շատ գովելի փաստ է: Թեև Թուրքիայում էին հանդես գալու` նրանց մեջ ընկճվածություն և լարվածություն չկար: Վիճակահանությամբ աղջիկներին շատ բարդ մրցակիցներ բաժին ընկան:

Անի Հովսեփյանը (60 կգ) աշխարհի առաջնության պատանիների մրցանակակիր է եղել: Վերջին շրջանում նա մենամարտեր չէր անցկացրել, և այդ առումով փորձի պակասը զգացնել տվեց:

Օտարազգի մարզիչները հիացած էին Անիի վարած մենամարտով, բոլորը նշում էին, որ մեծ տեխնիկական բազա ունի մեր մարզուհին: Բայց նա չկարողացավ իր տեխնիկական բազան ներդնել 4 ռաունդների մեջ: Հնարավորության սահմանների 30 տոկոսով հանդես եկավ ընդամենը: Հոգեբանորեն ինքն իրեն հաղթահարել չկարողացավ:

Անահիտ Արոյանն (57 կգ) էլ կարողացավ պայքարի մեջ մտնել և շատ լավ աշխատել ռինգում:

Մինչ այս կարևոր ստուգատեսին մասնակցելը մյուս մարզուհիներն առնվազն 17-18 մենամարտ էին անցկացրել: Փորձի պակասը թույլ չտվեց աղջիկներին լիարժեք դրսևորել իրենց:

Կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողությունների հնարավոր չէ հասնել, շարունակական աշխատանք է հարկավոր: Պարտությունը քառորդ եզրափակչում ցավալի էր նրանց համար: Թե՛ նրանց, թե՛ իմ սպասումներն ավելին էին. ցավոք, չստացվեց: Պարտությունից հետո աղջիկները ցանկանում էին անհապաղ վերադառնալ, բայց ես կարղացա նրանց հասկացնել, թե որքան կարևոր է մնալ և հետևել մենամարտերին:

Պարտության պատճառները պետք է մեր մեջ փնտրենք: Պետք է մի գլուխ բարձր լինել մրցակիցներից և անհաջողության մեջ ոչ ոքի չմեղադրել:

- Առաջիկայում ի՞նչ մրցաշարերի եք պատրաստվում մասնակցել:

- Նոյեմբերին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալու է Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Աղջիկները դեռևս մարզվելու ժամանակ ունեն: Չպետք է մրցաշարին զուտ որպես մասնակից ներկայանալ: Եթե հաջող հանդես գալու, հաղթելու հույսեր չլինեն, ապա անիմաստ է մասնակցել մրցումներին:

Միջազգային մրցաշարերի մասնակցության փորձ է պետք: Բայց մրցումներին մասնակցելու համար ֆինանսական հնարավորություններ են անհրաժեշտ: Ցավոք, այսօր մենք չենք կարող մեզ շռայլություններ թույլ տալ:

- Միջազգային ասպարեզներում լուրջ հաջողություններ գրանցելու համար կա՞ն արդյոք հեռանկարներ:

- Մենք փոքր պետություն ենք, ուստի քիչ թվով աղջիկներ են լրջորեն զբաղվում բռնցքամարտով: Եվ այդ քանակի մեջ որակ պահանջելն այսքան կարճ ժամանակահատվածում այնքան էլ իրատեսական չէ: Զարգացման հեռանկարներ կան, պարզապես մարզվողների թիվն է փոքր, ընտրության հնարավորություն չկա: Մարզվող աղջիկներին ամբողջ հանրապետությունով մեկ կարելի է հեշտությամբ հաշվել: Եվ շատ քիչ մարզուհիներ կան, որ կարող են եղանակ ստեղծել ու միջազգային ասպարեզ դուրս գալ:

Այսօր բավական շատ են այն աղջիկները, որոնք ցանկանում են զբաղվել բռնցքամարտով: Մարզադահլիճ են գալիս երիտասարդ աղջիկներ և մարզվելու ցանկություն հայտնում: Բայց ոչ բոլորն են պատրաստ լրջորեն աշխատել: Հոսքը կա, պարզապես ոչ բոլորն են կայուն հաճախում պարապմունքներին և նպատակային մարզվում:

Բացի այդ, աղջիկները պայքարի մեջ չեն մտնում ամբողջ ուժով: Եթե ունենային մրցակիցներ` գուցե նրանց տրամադրվածությունն այլ լիներ: Տղաները գիտեն, որ սայթաքելու դեպքում մեկ ուրիշը կփոխարինի իրենց: Աղջիկների պարագայում այս մտավախությունը չկա: Տղաների դեպքում ընտրության մեծ հնարավորություն կա: Ամեն խմբում 40-ից ավելի տղա կա: Նրանք ամեն գնով պայքարում են հավաքականում իրենց տեղն ունենալու համար:

Հայաստանի Հանրապետության առաջնությունն է կայանալու շուտով: Ամեն քաշային կարգում 1-2 աղջիկ կա, անգամ փորձ ձեռք բերել այս դեպքում հնարավոր չէ, այդ պատճառով էլ անիմաստ է դառնում ռինգ մտնելը, որովհետև արդյունքները կանխատեսելի են: Միգուցե մարզուհիների թիվն ավելանա, վիճակը բարելավվի:

Բայցևայնպես, աղջիկներն անձնվիրաբար մարզվում են, ցանկանում են հասնել ավելիին:

- Ժամանակակից բռնցքամարտում արդյունքի հասնելու, ձեռքբերումներ ունենալու համար ի՞նչ է պետք:

- Մեր մարզիկները տեսական հարուստ գիտելիքներ ունեն, շատ բան գիտեն, բայց իմացածի նվազագույն տոկոսն են օգտագործում: Կրկնակի, եռակի հարձակում է հարկավոր հաղթելու համար: Հարվածները պետք է լինեն դիպուկ և նպատակային:

Օրինակ՝ Անի Հովսեփյանը Եվրոպայի առաջնության ժամանակ մակարդակով շատ բարձր էր իր հակառակորդից: Այդ մասին նշեցին նաև օտարազգի մարզիչները: Բայց Անիի մեկական հարվածները նպատակին չէին ծառայում: Հարկավոր է կրկնակի, եռակի հարվածներ կատարել:

Արդյունքի հասնելու համար հարկավոր է մշտապես սովորել և շատ աշխատել՝ քայլ առ քայլ շարժվելով առաջ: Շատ կարևոր է նաև պարտություններից դասեր քաղել:

Ցանկալի է, որ միջազգային մակարդակի հանդիպումները սպասարկեին նաև հայազգի մրցավարները:

Եվրոպայի առաջնությունից մեծ սպասելիքներ ունեինք, որոնք, ցավոք, չարդարացան: Չեմ հուսահատվում, քանի որ գիտակցում եմ, որ ժամանակ է հարկավոր: Մեկնարկը տրված է, և բոլոր հնարավորություններն ունենք ավելի լուրջ հաջողությունների հասնելու համար: Մենք հիմա քայլում ենք, բայց կարող ենք նաև վազել:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: