Հայերեն   English   Русский  

​ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐ


  
դիտումներ: 3424

Լազարյանների տոհմը մեծ դեր է ունեցել ոչ միայն ռուսական արքունիքում, այլև հայ մշակույթի և գիտության զարգացման գործում: Մոսկվայում հիմնադրված Լազարյան ճեմարանը տասնյակ տարիներ հայ մշակույթի և գիտության գործիչների համար իսկական դարբնոց է եղել…

Լազարյանները ծագումով Նախիջևանի Դաշտ գյուղից են: Տոհմը կոչվել է նաև Ղազարյան, Եղիազարյան, Աղազարյան: Նախիջևանում Լազարյանները զբաղվում էին վաճառականությամբ:

1604 թ. պարսից Շահ-Աբաս արքան կազմակերպեց հայության գաղթը: Նախիջևանի Դաշտ գյուղի բնակիչներն էլ տեղահանվեցին և հաստատվեցին նորակառույց Նոր Ջուղա հայաքաղաքում՝ այնտեղ հիմնելով Դաշտ թաղամասը:

Նոր Ջուղայում հաստատված Ղազարի որդի խոջա Մանուկը, որ վաճառականությամբ էր զբաղվում, շարունակում էր պապենական ավանդույթները: Նրա որդի Աղազարը վերանորոգեց Նոր Ջուղայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքը, այնտեղ կուսանոց անապատ կառուցեց՝ միաժամանակ շարունակելով առևտրական գործունեությունն ու ընդլայնելով գործարար կապերը Ռուսաստանի հետ:

Խոջա Մանուկի ծավալած առևտրական գործունեությունն առիթ դարձավ, որ նրա ժառանգները XVIII դարի կեսին հաստատվեն Ռուսաստանում. նախ` Աստրախանում, ապա՝ Մոսկվայում:

Լազարյանների համար Ռուսաստանում նոր հորիզոններ բացվեցին: Գործարար ունակություններով օժտված Լազարյանները մտան արդյունաբերության ոլորտ: Ռուսաստանում նրանք կալվածքներ ձեռք բերեցին, գործարաններ ու առևտրական տներ հիմնեցին:

Լազարյաններից Ռուսաստանում առաջինը հաստատվեց Նոր Ջուղայի համայնքապետ Աղազար Լազարյանը: 1747 թ. նա հաստատվեց Աստրախանում, ուր առևտրային ընկերություն բացեց և ընդլայնեց իր գործը: Երկու տարի անց Աղազար Լազարյանը հաստատվում է Մոսկվայում, ուր հիմնում է մետաքսագործական ֆաբրիկա: Նա Մոսկվայում կառուցեց Սուրբ Խաչ հայկական եկեղեցին:

1774 թ. ռուսաց Եկատերինա Բ կայսրուհին հատուկ հրամանագրով Աղազար Լազարյանին ռուսական արքունիքի տոհմային ազնվականի տիտղոս շնորհեց:

Աղազար Լազարյանի անվան հետ է կապված մի հետաքրքիր պատմություն: Նրան է պատկանել աշխարհում ամենամեծը համարվող «Օռլով» ադամանդը: Ձեռք բերելով այն՝ հայ մեծահարուստը վաճառել է Եկատերինա Երկրորդի ֆավորիտին՝ կոմս Ալեքսեյ Օռլովին: Վերջինս ադամանդը նվիրել է կայսրուհուն:

Աղազար Լազարյանի որդին՝ Հովհաննես (Իվան) Լազարյանը, մեծ շնորհների արժանացավ կայսրուհու արքունիքում: Նրան շնորհվեց իսկական պետական խորհրդականի տիտղոս, նա համարվում էր Եկատերինա Երկրորդի արևելյան գործերով խորհրդականը: Նա միաժամանակ ռուսական կայսերական բանկի կառավարիչն էր, կայսրուհու ֆավորիտ, ֆելդմարշալ Պոտյոմկինի քաղաքական գծով խորհրդականը: Լազարյանի դիրքերն ավելի ամրացան Պավել կայսեր կառավարման տարիներին (1796-1801): Կայսրը նրան վստահեց հսկայածավալ երկրի ֆինանսա-բանկային համակարգի կառավարումը:

Հովհաննես Լազարյանը կապեր հաստատեց նաև հայոց գաղթօջախների, մասնավորապես՝ հնդկահայ գաղութի ու Մադրասի խմբակի հետ: Առաջադեմ հայացքներով օժտված այս հայորդին ռուսական արքունիքին ներկայացրեց Հայաստանի ազատագրման և ռուսական հովանու ներքո հայկական թագավորության վերականգնման ծրագիր:

Հովհաննես Լազարյանը, ունենալով եվրոպական լավ կրթություն, ժամանակի լուսավորյալ այրերից էր, լուսավորության ջատագով և իր միջոցներով դպրոցներ բացեց Մոսկվայում, Թիֆլիսում, Նոր Նախիջևանում, Գրիգորոպոլիսում, իսկ Ցարսկոյե Սելոյում նաև ռուսական օրիորդաց գիմնազիա բացեց:

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում Հովհաննես Լազարյանը հայկական եկեղեցիներ կառուցեց:

Լազարյանները, փաստորեն, դարձան Ռուսաստանում հայապահպանության գործի առաջամարտիկները: 1815 թ. Մոսկվայում Հովհաննես Լազարյանի կտակի շնորհիվ բացվեց Լազարյան ճեմարանը: Հետագայում այն վերածվեց Արևելագիտության ինստիտուտի: Ճեմարանին կից գործում էր հայկական տպարան: Լազարյան ճեմարանի բնականոն աշխատանքը շարունակ խոչընդոտում էին ռուս չինովնիկները: Սակայն ճեմարանի գլխավոր հոգաբարձու Խաչատուր Լազարյանի և վարչապետ Արակչեևի բարեկամական հարաբերությունների շնորհիվ ոչ միայն շտկվեց խնդիրը, այլև ճեմարանը վարչապետի անմիջական հովանու ներքո վերածվեց ինստիտուտի:

1805 թ. դարձյալ Հովհաննես Լազարյանի ջանքերով Մոսկվայում հիմնվեց հայկական Վագանովսկոյե գերեզմանատունը, 1815 թ. Հովակիմ Լազարյանի ջանքերով Մոսկվայում կառուցվեցին Սուրբ Հարություն, իսկ Պետերբուրգում՝ Սուրբ Կատարինե եկեղեցիները:

Առհասարակ Լազարյանները հովանավորում էին հայ առաքելական եկեղեցուն: Նրանք եկեղեցու բարեկարգման ու բարենորոգման ջատագովներ էին: Մինաս Աղազարի Լազարյանը մշակեց հայ եկեղեցու կանոնադրությունը, որ վավերացվեց կաթողիկոսի կողմից 1808 թ.: Նրա ջանքերով ստեղծվեց եկեղեցու բարձրագույն խորհուրդը՝ Սինոդը:

Հովհաննես Լազարյանի միջնորդությամբ ռուսական կաբինետը Ռուսաստանի տարածքում բնակվող և գործող հայությանն առանձնակի շնորհների և արտոնությունների արժանացրեց:

Հովհաննես Լազարյանի համբավն ու ազդեցությունը ռուսական կայսրության սահմաններից դուրս էր: Ավստրոհունգարիայի կայսր Իոսիֆ Բ նրան 1768 թ. շնորհեց բարոնի, 20 տարի անց՝ կոմսի կոչում:

Հովհաննես Լազարյանը մեծ ազդեցություն ուներ ռուսական արքունիքում: Նա նաև արվեստների սիրահար էր: Նա մայրաքաղաքի մոտակայքում գտնվող իր դղյակն իսկական արվեստանոց-թանգարան էր դարձրել, ուր հաճախ հյուրընկալվում էին կայսրուհին և ռուս ազնվականները: Հովհաննես Լազարյանի ձեռք բերած արվեստի շատ գլուխգործոցներ այժմ պահպանվում են Պետերբուրգի Էրմիտաժում:

Հովհաննեսի թոռը՝ Հովհաննես Հովակիմի Լազարյանը, ռուսական արքունիքի սենեկապետն էր, իսկական պետական խորհրդական: Նա ծառայել է արտաքին գործերի նախարարությունում, մեկենաս էր ուսումնատենչ հայ երիտասարդության, հովանավորում էր հայկական գրքերի, պարբերականների տպագրությունը:

Լազարյաններն աչքի ընկան նաև ռազմի ասպարեզում: Եղիազար Հովակիմի Լազարյանը ռուսական բանակի գնդապետ էր, ռուս-պարսկական պատերազմի հերոսներից: Ռուսական զորքերի Թավրիզի գրավումից հետո դարձավ քաղաքի պարետը, մասնակցեց Թուրքմենչայի բանակցություններին:Ռուսական հրամանատարությունը նրան նշանակեց Ատրպատականի հայերի գաղթի կազմակերպիչ:

Լինելով հայրենասեր ու նվիրյալ հայորդի՝ Եղիազար Լազարյանը քայլեր ձեռնարկեց Արևելյան Հայաստանում ազգային պետականության վերականգնման ուղղությամբ, այդ պատճառով էլ զորացրվեց բանակից և աքսորվեց: Ի դեպ, Եղիազար Լազարյանը հանդես էր գալիս նաև Կովկասում ճորտատիրության վերացման պահանջով՝ գտնելով, որ ճորտատիրությունն է Կովկասում տնտեսական հետամնացության պատճառը:

Նման առաքելություն էր ստանձնել նաև նրա եղբայրը՝ Խաչատուր Լազարյանը, որ հայության ապագան տեսնում էր Ռուսական կայսրության հովանու ներքո անկախ թագավորության ստեղծումով: Սակայն ռուսական կաբինետի շահերից չէր բխում անկախ Հայաստանի գոյությունը:

Խաչատուր Լազարյանը հայտնի էր իր բարեգործություններով: Նա նաև գիտության և արվեստների հովանավոր էր: Խաչատուր Լազարյանը հովանավորեց Լազարյան ճեմարանի դասախոս Մսեր Մսերյանին և ռուս պատմաբան Սերգեյ Գլինկային, որպեսզի հայ ժողովրդի պատմությունը, հայ-ռուսական միջէթնիկական, տնտեսական, մշակութային շփումնմերը փաստող նյութեր հրատարակեն և տարածեն Ռուսաստանում: Նա կարծում էր, որ գիտությանը զարկ տալու համար անվայել է միջոցներ խնայելը: Իր նամակներից մեկում, մասնավորապես, նա նշում է. «Ամենուրեք, բոլոր երկրներում, միլիոնատերերը և հարուստները բարեխղճորեն կատարում են իրենց քրիստոնեական պարտականությունները: Նրանք շռայլ քայլեր ու նվիրատվություններ են կատարում` ի հիշատակ իրենց հանգուցյալների և հատկապես ուսումնարաններ, աղքատանոցներ հիմնելու կամ այլ անհրաժեշտ եկեղեցական և ազգային հասարակական շահեր հետապնդող նպատակներով: Այդտեղ հարուստների կողմից խնայողություն կատարելն անտեղի, անվայելուչ, անգամ դատապարտելի է»:

Նա Մկրտիչ Էմինին հովանավորեց նաև հայկական հին ու արժեքավոր ձեռագրերի հրատարակման գործում: Խաչատուր Լազարյանը համագործակցում էր և սերտ կապեր ուներ ֆրանսիացի հայագետների, մասնավորապես՝ Վիկտոր Լանգլուայի և Փարիզի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Էդուարդ Դյուլորիեի հետ՝ աջակցելով նրանց հայագիտական ուսումնասիրություններին:

Խաչատուր Լազարյանի մահից հետո ուսանողների հանգանակության միջոցներով կերտված նրա մարմարյա կիսանդրին դրվեց Լազարյան ճեմարանի դահլիճում:

1871 թ. մահացան Եղիազար և Խաչատուր Լազարյանները, և Լազարյանների տոհմի արական ճյուղը մարեց: Եղիսաբեթ Խաչատուրի Լազարյանն ամուսնացել էր իշխան Սեմյոն Աբամելիքի հետ, և նրանց ժառանգներն այնուհետ կոչվեցին Աբամելիք-Լազարյաններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: