Հայերեն   English   Русский  

Սիրիահայերի ստվար զանգվածը Լիբանանում ապրում է աննախանձելի պայմաններում ՝ հուսալով 3-րդ երկիր մեկնել


  
դիտումներ: 981

Հալեպում վտանգը առկա է, սակայն ոչ այն մակարդակի ինչ ներկայացվում է Հայաստանի հասարակության և ընդհանրապես միջազգային հանրության կողմից: Շատերը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն ցանկանում վերադառնալ: Այնպես չէ, որ բոլորը միաբերան ուզում են վերադառնալ, որովհետև լուրջ խնդիրներ կան, որոնք համակարգային լուծման կարիք ունեն:

Այսօր լրագրողների հետ հանդիպման, անդրադառնալով սիրիահայերի խնդիրներին, ասաց «Տեղահանվածների եւ փախստականների աջակցության» ՀԿ նախագահ Նաիրա Մինասյան-Եդիգարյանը, որը վերջերս է վերադարձել Սիրիայից:

Նա նշեց, ոչ սիրիահայերը չեն ուզում վերադառնալ , որովհետև հայկական թաղամասերը հարաբերականորեն հանգիստ են, եթե հաշվի չառնենք պատահական հրթիռակոծությունները: Չեն վերադառնում նաև, որովհետև ունեն այլընտրանք հենց երկրում: Շատ հալեպահայեր մնում են Լաթաքիայում կամ Քեսաբում, որպեսզի հետո փոքր հնարավորություն դեպքում վերադառնան իրենց տուն, իրենց աշխատանքին:

« Սիրիահայերը չափազանց լավատես են: Այդ հատկանիշն է, որ նրանց օգնում են 6 տարի ապրել այնտեղ ու պայքարել հանուն իրենց ծննդավայրի և տան»,- ասաց Նաիրա Մինասյան-Եդիգարյանը:

Ըստ նրա՝ վերադառնալու համար մի շարք նախապայմաններ են պետք, իսկ շատ հաճախ ինֆորմացիան աղավաղված է հասնում և մարդիկ կարծում են, որ եթե Հայաստան գան, կմնան փողոցում:

Այսօր ՀՀ-ում կան միջազգային, հասարակական կազմակերպությունների, պետության կողմից աջակցություն ուղղված սիրիահայերին. «Կա ծրագիր, որի միջոցով 6 ամիս տևողությամբ տրվում են բնակարանի վարձեր, այնուհետև դա կարող շարունակվել: Հնարավոր է այդ մարդիկ այլ ծրագրերի ներգրավվեն: Եվս մեկ կազմակերպություն՝ «OXfam» ընկերությունը գումար է հատկացնում բնակվարձերի համար: Ուսման հարցը լուծված է : Առողջապահության հարցը լուծված է: Այն գործում է պետպատվերի շրջանակներում: Հասարակական կազմակերպությունները նույնպես տրամադրում են գումար և դեղորայք: Բացի այդ, ՀՀ-ում գտնվող սիրիահայ բժիշկները անվճար բուժօգնություն են տրամադրում իրենց հայրենակիցներին: Նրանք շաբաթը մեկ անգամ ընդունում են սիրիահայ հիվանդների, ստուգումը անվճար է, ավելին՝ առաջին անհրաժեշտության դեղորայքներն անվճար են»,- ասաց «Տեղահանվածների եւ փախստականների աջակցության» ՀԿ նախագահը:

Նրա խոսքով՝ այսօր կարևոր է այս ամենը ճիշտ ներկայացնել, որպեսզի հալեպահայերը ցանկություն ունենան գալու: Կա վերադարձի ծրագիր: Եթե Սիրիահայերը մտադրություն ունեն վերադառնալու կարող են դիմել հյուպատոսարան կամ առաջնորդարան:

Շատ հայեր, սակայն, գերադասում են մնալ հարևան երկրում, որպեսզի հետագայում տեղափոխվեն երրորդ երկիր. «Լիբանանում ես հանդիպեցի ստվար զանգվածի, որը ապրում է աննախանձելի պայմաններում: Մարդիկ ունեն հսկայական տան վարձեր: Բնակարանների վարձը 5 անգամ ավելի թանկ է: Նրանք ունեն կեցության խնդիր, իսկ Հայաստանում նման խնդիր չկա: Հայն իր երկրում ունի թե´ կեցության իրավունք, թե´ քաղաքացիություն ստանալու իրավունք: Նրանք նաև կարող են ստանալ փախստականի կարգավիճակը, թեև հալեպահայերը հիմնականում չեն գնում այդ քայլին. չեն ուզում իրենց հայրենիքում ապրել որպես միգրանտ: Սիրիահայերը հիմնականում մնում են Լիբանանում, որովհետև այնուհետև մտադրություն ունեն մեկնելու Ավստրալիա կամ Կանադա»,- ասաց Նաիրա Մինասյան-Եդիգարյանը:

Նա հավելեց, որ հանուն դրա՝ նրանք ապրում են անմարդկային, սարսափելի վատ պայմաններում: Երեխաների 90 տոկոսը դպրոց չի հաճախում, որովհետև ուսումը չափազանց թանկ է, համալսարանների մասին խոսք լինել անգամ չի կարող: Այն սիրիացիները, ովքեր ունեն կրթություն, աշխատում են կամ որպես մատուցող, բանվոր, կամ լավագույն դեպքում հեռախոսներ վերանորոգող:

Իսկ Հայաստանում սիրիահայերը բախվում են նույն խնդիրներին, ինչ տեղի բնակչությունը: Առաջին հերթին դա զբաղվածության հարցն է, բավարար վարձավճար չստանալն է.« Նրանք աշխատում են և չեն ստանում բավարար գումար բնակարանի վարձը տալու համար, իրենց երեխաների ապրուստը ապահովել: Հալեպի հայությունը սովոր է միջին բարձր կենցաղավարման: Այստեղ, բնականաբար, նրանք նույնն են ցանկանում. աշխատել և վարձատրվել իրենց ջանքերին համապատասխան»:

Հասարակական կազմակերպության ղեկավարը հավելեց, որ կա ևս մեկ խնդիր կա. Սիրիահայերը լավ բժիշկներ են,խոհարարներ, մեքենաներ վերանորոգողներ և այլն: Սակայն մնացած բնագավառներում նրանք մրցունակ չեն: Ներկա սերունդը ավելի կրթված է և կարող է աշխատանք գտնել, սակայն միջին տարիքի մարդկանց դա չի հաջողվում. նախ՝ որովհետև արդեն տարիքով մեծ են. և նրանց գործ չեն առաջարկում, երկրորդ՝ այդ խմբի մեջ շատ քիչ են կրթվածները:

Ե´վ ՀՀ կառավարությունը, և´ առաջնորդարանը խրախուսում են հալեպահայերին և ամբողջ Սիրիայում ապրող հայերին գալ Հայաստան, քանի որ թե´ իրենք, թե´ հենց համայնքի ներկայացուցիչները հասկանում են՝ Հայաստանից հնարավոր է հետագայում վերադառնալ ծննդավայր, իսկ եթե ընտրվի երրորդ երկրը՝ Կանադա, Ավստրալիա և այլն, նրանց վերադարձի հավանականությունը կտրուկ նվազում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: