Հայերեն   English   Русский  

Հոկտեմբերի 14-ը ստանդարտների միջազգային օրն է


  
դիտումներ: 1633

Այժմ աշխարհը կանգնած է լուրջ խնդիրների առջև: Ջերմոցային գազերի արտանետումների ավելացումը բերում է մոլորակի միջին ջերմաստիճանի բարձրացմանը: Արդյունքում կանխատեսվում է կլիմայի փոփոխություն, որը գիտնականների կարծիքով բերում է լուրջ էվոլուցիոն, տնտեսական, սոցիալական և բնապահպանական բացասական փոփոխությունների:

Փորձագետները տալիս են մի շարք առաջարկություններ գլոբալ տաքացման դեմ պայքարում, որը ներառում է նաև ստանդարտացման միջազգային կազմակերպությունների` Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO), Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (IEC) և Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից մշակվող ստանդարտների կիրառումը:

Կլիմայի փոփոխության միջկառավարական աշխատանքային խմբի (IPCC) 2007 թվականին հրատարակված զեկույցում հղումներ են արվում Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO), Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (IEC) և Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) ստանդարտների վրա` առաջարկելով

- մեխանիզմներ ներկայումս կրճատելու կլիմայի փոփոխության հետևանքները և

- ապագայում դրանք թուլացնելու հնարավորությունները` նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով:

Ստանդարտացման միջազգային կազմակերպությունները իրենց գործունեությամբ համագործակցում են տարբեր երկրների կառավարությանների, բիզնեսի և հասարակության հետ կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարում և ջերմոցային գազերի կրճատումն ապահովելու համար` տրամադրելով էներգետիկ արդյունավետության բարձրացման անհրաժեշտ միջոցներ, որն էլ միաժամանակ կնպաստի կայուն զարգացմանը:

Ստանդարտացման երեք միջազգային կազմակերպությունների կողմից մշակվող ստանդարտներն ընդգրկում են Կլիմայի փոփոխության միջկառավարական աշխատանքային խմբի զեկույցում նշված բոլոր ոլորտները: Զեկույցը պարունակում է հետևանքների վերացմանը վերաբերվող տեխնոլոգիաներ, քաղաքականություն և միջոցառումներ, տրված են սահմանափակումներ և հնարավորություններ, մշակված են էներգիայի մատակարարմանը, տրանսպորտին, շինարարությանը, շենքերի շահագործմանը, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, անտառատնտեսությանը, ինչպես նաև թափոնների օգտահանմանը վերաբերվող հարցեր:

ՀՀ ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ ստանդարտները առևտրի խոչընդոտները վերացնելու, ամբողջ աշխարհում առևտրի լեզուն կարգավորելու համար են:

Նրա խոսքով, մեր կյանքի բոլոր ոլորտներում գործում են համապատասխան ստանդարտները, ըստ որոնց կարգավորվում է ոլորտը և չկա մի ոլորտ որտեղ չլինեն ստանդարտներ:

Ամբողջ աշխարհը առաջնորդվում է ստանդարտներով, հատկապես գործարարները, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, մասնագետը նշեց, որ մեր երկրում ստանդարտների գաղափարը պետք է հասկանալի լինի գործարարների համար, պետք է նրանք հասկանան, որ ստանդարտներով առաջնորդվելով իրենց շահույթը ավելի մեծ կլինի:

Առևտրի, ապրանքի արտահանման դեպքում, շատ հնարավոր է, որ ընդունող երկիրը իր լաբորատորիաներում ստուգի տվյալ ապրանքի ստանդարտները, և նրա խոսքով, չհամապատասխանելու դեպքում հրաժարվի ապրանքից:

«Միջազգային ստանդարտները ստեղծում են վստահություն ամբողջ աշխարհում: Ստանդարտացման հիմնական նպատակներից է փոխադարձ վստահության ապահովումը»,- շեշտել է Ենոք Ազարյանը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: