Հայերեն   English   Русский  

Սիրիահայերի և հայաստանցիների միջև երկխոսության բացը ողբերգություն է. Նուշիկ Միքայելյան


  
դիտումներ: 369

Նորաստեղծ «Հալեպահայե՛ր, մեզ բացակա չդնե՛ք» քաղաքացիական նախաձեռնությունը վաղը՝ հոկտեմբերի 15-ին ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում կկազմակերպի տեղեկատվական-խորհրդակցական հավաքույթ բազմակողմանիորեն քննարկելու հալեպահայության խնդիրները:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին նախաձեռնության անդամները:

Հանդիպմանը կարող են մասնակցել այն մարդիկ, ովքեր անտարբեր չեն պատերազմի կիզակետում հայտնված հայերի ճակատագրի նկատմամբ:

Բանախոսները դժգոհ են Հայաստանի կառավարության կողմից իրականացված քայլերից. « Արդեն մոտ 6 տարի է, ինչ Սիրիայում պատերազմ է, սակայն Սփյուռքի նախարարությունը ներկայացուցիչ չունի Հալեպում, Լաթաքիայում ու Դամասկոսում, նորմա՞լ է սա, ինչպես կարելի է նման բան անել: Որտեղ ժողովուրդդ ռումբերի տակ է, գլուխ են կտրում, գեթ մեկ ներկայացուցիչ չկա: Ես խնդրում եմ, թող Հրանուշ Հակոբյանի երկու տեղակալները գնան Հալեպ, այնտեղ ապրեն մինչև վերջին պահը ու տեսնեն ինչ իրավիճակ է»,- ասաց «Հալեպահայե՛ր, մեզ բացակա չդնե՛ք» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սարգիս Հացպանյանը:

Նա գտնում է , որ պետք չէ ընդհանրացնել այն միտքը, թե բոլոր սիրիահայերը ցանկանում են ապրել միայն Երևանում. «Հալեպահայեր կան, ասում են, որ իմանանք մեզ դիմավորող, տեղավորող կա, ոնց չենք գա, անմեղսունակ հո չենք, ռումբը նախընտրենք կյանքի՞ց: Հայրենադարձությունը, ներգաղթն ինչպես պետք է արվի, Հայաստանը դատարկվում է, արտագաղթում են, տասնհինգ թվից հետո սա երկրորդ ջարդն է, բա հայրենադարձությամբ ո՞վ պետք է զբաղվի»:

Պարոն Հացպանյանին հատկապես զարմացրել էր սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանի հայտարարությունը, թե չունեն տեղեկություններ, որ Սիրիայում կան հայեր, որոնք ուզում են Հայաստան գալ, բայց չեն կարողանում. «Տասը օր է , ամբողջ աշխարհը գոռում է, արդեն չորս ընտանիք եկել, տեղավորվել է, բա ամոթ չէ՞ որ մարդ նման բան ասի, ասում են գեթ մեկ սիրիահայի անուն չգիտենք, որ ուզում են գալ: Գնա, վերցրու այդ տվյալները »:

Պարոն Հացպանյանը նկատեց, որ եթե Սփյուռքի նախարարությունը պատշաճ կերպով գործեր, իրենց նախաձեռնության կարիքը չէր լինի:

Նախաձեռնության անդամ, գրող, հրապարակախոս Նուշիկ Միքայելյանն ընդգծեց, որ ձևավորվել է անվստահության մթնոլորտ որ միայն կառավարության, այլև քաղաքացիների նկատմամբ. « Երբ խոսում ես հալեպահայերի հետ, մեծամասնությունը փնովում են հայաստանցիներին, թե՝ կոպիտ են, հյուրընկալ չեն, սրտաբաց չեն, հայաստանցիներն էլ հակառակն են ասում՝ էէ, զզվեցրին էս հալեպահայերը: կարծում եմ՝ սա խոշոր ողբերգություն է առաջացրել»:

Նա նշեց, որ արդեն օգնության շուրջ 150 առաջարկ է եկել հայաստանցիներից : Չնայած իրենք իսկ սոցիալական ծանր պայմաններում են, սակայն պատրաստ են դռները բացել սիրիահայերի առջև, թեկուզ վերարկու տալ: Կան ուսուցիչներ, որոնք պատրաստակամություն են հայտնել արևելահայերեն և ռուսերեն սովորեցնել: սա ցույց է տալսի, որ վերաբերմունքն իրար նկատմամբ կարծրատիպային և թե ՀՀ-ում, թե Սիրիայում կան հրաշալի, կարեկից մարդիկ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: