Հայերեն   English   Русский  

Արթուր Ալեքսանյանն այսօր տոնում է իր 25-ամյակը


  
դիտումներ: 1886

Գյումրեցի չեմպիոն՝ հայ հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրն այսօր դարձավ 25 տարեկան։

Արթուրը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21 ին Գյումրիում։

Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։ 2007-2010 թվականներին հանդես է եկել պատանեկան առաջնություններում։ 2010 թվականին դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն պատանիների 84 կգ քաշային կարգում։

2011 թվականին Արթուրը տեղափոխվեց ավելի ծանր քաշային կարգ։ Հայաստանի առաջնությունում հաղթելուց հետո նա համալրեց Հայաստանի ազգային հավաքականի շարքերը (2011 թվականին նաև ՀՀ սպորտի վարպետի կոչմանն է արժանացել)։ Նրա մեկնարկային առաջնությունը Դորտմունդում կայացած Եվրոպայի առաջնությունն էր, որտեղ նա հասավ մինչև եզրափակիչ, սակայն պարտվեց բելոռուս Մատվեյ Ձեյնիչենկոյին։ 2012 թվականի Եվրոպայի առաջնությունում նա նվաճեց ոսկե մեդալ։ Այդ առաջնության ընթացքում նա հաղթեց 5 գոտեմարտում՝ մրցակիցներին տալով ընդամենը մեկ միավոր։ Ապա Արթուրը հաղթեց Սոֆիայի լիցենզիոն առաջնությունում և ստացավ Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք։ Կիսաեզրափակչում նա պարտվեց ապագա օլիմպիական չեմպիոն Ռեզաի Գասեմին (Իրան), բայց հետագայում, հաղթելով Թուրքիան և Կուբան ներկայացնող մարզիկներին, նվաճեց բրոնզե մեդալ։

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցմամբ ճանաչվել է Հայաստանի 2014 և 2015 թթ. լավագույն մարզիկ։ Նույն թվականին Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։

2015 թվականի ապրիլի 25-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ: Գրեթե չորս ամիս անց՝ օգոստոսի 8-ին, ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն: 2016 թվականի օգոստոսի 17-ին, Ռիոյի ամառային օլիմպիական խաղերում հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն՝ նվաճելով անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը (Ատլանտայի օլիմպիական խաղերում Արմեն Նազարյանի նվաճած ոսկուց հետո)։

Արթուր Ալեքսանյանի խոսքով, հուզիչ է, երբ օտար երկրում հնչում է անկախ Հայաստանի հիմնը:

«Երբ բարձրանում է քո երկրի դրոշը, հնչում է քո երկրի հիմնը, զգում ես, որ անկախ Հայաստանի քաղաքացի ես: Հայաստանը շատ լավ երկիր է»,- ասել է աշխարհի կրկնակի չեմպիոն Ա. Ալեքսանյանը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: