Հայերեն   English   Русский  

Ամենամեծ խնդիրները ծագում են կառավարության օղակների հետ շփվելիս. հայրենադարձ


  
դիտումներ: 6767

Հայաստանում հայրենադարձերի խնդիրները և´ընդհանուր բնույթ ունեն, և´մասնավոր՝ ամեն ոլորտի համար:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց «Impact Hub Yerevan» և «Semina Consulting»ընկերությունների համահիմնադիր Վահե Քեոշքերեան, ով արդեն 7 տարի է , ինչ ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան:

«Մեր ոլորտում՝ գինեգործության մեջ այնքան խնդիրներ չկա, ինչքան, օրինակ, ներմուծման դեպքում: Սարքավորումների տեղափոխման հարցում խնդիրներն անհաղթահարելի չեն: Ամենամեծ խնդիրները ծագում են այն ժամանակ, երբ մենք շփվում ենք կառավարության օղակների հետ(հարկային և այլն): Սակայն ոչ այն պատճառով, որ դժվար է, այլ պարզապես բյուրոկրատիան է շատ բարդ: Թղթաբանությունը շատ ժամանակատար է: Դրսից երկու շիշ նմուշ ներմուծելը հսկայական ժամանակ է կորզում: Փոքր բաները ժամանակի կորուստ են դառնում»,- նշեց պարոն Քեոշքերեանը:

Նա ընդգծեց, որ կառավարությունը երբեմն փորձում է օգնել, բայց ավելի մեծ խնդիրներ է ստեղծում: Նրանք փորձում են գինեգործությունը զարգացնել, սակայն այդ գործի պատասխանատու դնում են անտեղյակ մարդու: Դա ևս դժվարեցնում է գործարարների աշխատանքը:

«Get Treated Medical Travel» ընկերության հիմնադիր Րաֆֆի Էլիոթը համաձայն էր բանախոսի հետ: Նա խոստովանեց, որ աշխատում է՝ պարզապես վստահելով իր հաշվապահին, հակառակ դեպքում մեկ ամիս շարունակ ստիպված պետք է լիներ փաստաթղթեր ստուգել. «Սա այն դեպքում, որ մեր գործարքները ահռելի քանակ չեն կազմում: Աստված չանի, որ մեր եկամուտը մեծանա: Այդ դեպքում թղթաբանությունը անսահմանափակ կդառնա»,- կեսկատակ ասաց նա:

Նա հավելեց. «Չեմ հասկանում, թե այս ամենը ինչու թվային չէ: Փոփոխություններ կատարվում են, բայց շատ դանդաղ տեմպով: Հասկանալի է, որ այսօրինակ վարչարարությունը կոռուպցիայի «լավ» հնարավորություններ է տալիս»,- նշեց Էլիոթը:

Ռուսաստանից Հայաստան տեղափոխված «Հայկական կոդավորման ակադեմիա»-ի համահիմնադիր Նարեկ Ասլիկյանը իր հերթին նշեց, որ ՌԴ-ի հետ համեմատած իրավիճակն ավելի բարենպաստ է այդ առումով, քանի որ այնտեղ որևէ ՍՊԸ ստեղծելը ամիսներ կտևեր: Նա նշեց, որ Հայաստանում խնդիրներից մեկը որոշ մասնագետների բացակայությունն է:

Միևնույն ժամանակ Վահե Քեոշքերեանը նկատեց, որ նոր կառավարության կազմում ընդգրկվել են հայրենադարձներ, ինչ իրենց հույս է տալիս, որ փոփոխություններ կլինեն:






Մեկնաբանություններ - 1

Gayane     27.10.2016 այդ խնդիրը բոլորս ունենք Հայաստանում սիրելիներս... դիմացեք,որ դրանց հաղթենք միասին
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: