Հայերեն   English   Русский  

​Թբիլիսի. Երևանին այնքան նման ու միաժամանակ այնքան տարբեր քույր քաղաքը


  
դիտումներ: 5779

Թբիլիսի այցելած հայաստանցիները սովորաբար հիացմունքով են խոսում այդ քաղաքի մասին: Պատահում է, որ օտարերկրացիներն էլ, երբ հարցնում են, թե ո՛ր քաղաքն են ավելի շատ սիրում ու գեղեցիկ համարում, Երևանը, թե Թբիլիսին, պատասխանում են հօգուտ Վրաստանի մայրաքաղաքի:

Շատերի հիացական վերաբերմունքը Թբիլիսիի հանդեպ պատճառ է դառնում, որ առաջին անգամ Թբիլիսի գնալիս մեծ ակնկալիքներ ունենամ. թվում է, թե Երևանից շուրջ 300 կմ հեռավորության վրա պետք է եվրոպական քաղաք տեսնեմ: Բայց պարզվում է՝ ոչ:

Երևանն ու Թբիլիսին ունեն բազմաթիվ ընդհանրություններ, յուրաքանչյուրն ունի նաև իր թերություններն ու առավելությունները: Սակայն ընդհանրության մեջ երկուսն էլ հետխորհրդային քաղաքներ են` նման մարդկանցով, առօրյայով ու խնդիրներով:

Թբիլիսի

Ընդհանրապես Վրաստանում, մասնավորապես՝ Թբիլիսիում գտնվելու մեկ շաբաթվա ընթացքում շարունակ մոռանում էի, որ Երևանում չեմ: Միայն տեղաբնակների հետ շփման լեզուն էր հիշեցնում, որ ոչ թե Երևանում եմ, այլ Թբիլիսիում: Սակայն մինչև Հայաստանի ու Վրաստանի մայրաքաղաքների համեմատությունը՝ մի փոքր Թբիլիսիի պատմության մասին:

Քաղաքը հիմնադրվել է V դարի վերջին, Վախթանգ Գորգասալ թագավորի կողմից: Այն դարեր շարունակ եղել է անկախ, կիսանկախ կամ օտար նվաճողների տիրապետության տակ գտնվող Վրաստանի կենտրոնը կամ մայրաքաղաքը: Քաղաքն ունի 1.18 մլն բնակչություն: Ըստ մարդահամարի տվյալների`այստեղ ապրում է շուրջ 82 հազար հայ: Իսկ մինչև 1922 թվականը հայերը գերակշռող են եղել Թբիլիսիի բնակիչների թվում: Ժամանակին Թբիլիսիում ապրել և այդ քաղաքի կառուցման ու զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել բազմաթիվ մեծանուն հայեր, որոնցից են Միքայել Արամյանցը, Ալեքսանդր Մանթաշյանցը: Նրանց կառուցած շքեղ շենքերից մինչ օրս պահպանվում են այս քաղաքում:

Ինչևէ, Երևանն էլ կարող էր անցյալից մնացած բազմաթիվ շքեղ շենքեր ունենալ, եթե ժամանակին հայ մեծահարուստները գիտակցեին, որ հենց իրենց հայրենիքը պետք է ծաղկեցնեն ու զարգացնեն, ոչ թե օտարինը:

Ինչո՞վ է առանձնանում ժամանակակից Թբիլիսին: Այս քաղաքի մասին խոսելիս առաջինը մարդու մտքով անցնում է անկանոն երթևեկությունը: Շարքային վրացիների հետ զրույցներից պարզ դարձավ, որ իրենք առաջնորդվում են «կանոնները խախտելու համար են» սկզբունքով. ամեն ոք մեքենան վարում է այնպես, ինչպես ուզում է ու որտեղով ուզում է: Հետիոտներն էլ ճանապարհն անցնում են իրենց սրտի ուզած վայրից: Վարորդները կարող են հանգիստ մեքենաները կայանել մայթերին ու կողք-կողքի, որպեսզի հետիոտն անգամ արանքով անցնելու հնարավորություն չունենա: Ճանապարհներն էլ բոլորովին չեն զիջում: Մի խոսքով` Թբիլիսիում ճանապարհ անցնելը կամ մեքենայով երթևեկելը բավարար է ադրենալինի չափաբաժնի համար:

Այս քաղաքի մյուս առանձնահատկությունը տաքսիներն են: Այստեղ չկա տաքսի պատվիրելու մշակույթ. չկան տաքսի ծառայություններ, ֆիքսված գներ, հաշվիչներ: Չկա որևէ վերահսողություն: Տաքսիստ դառնալու համար հարկավոր է ընդամենը խանութից «Տաքսի» նշանը գնել: Տաքսին կանգնեցնում են փողոցում, գին պայմանավորվում և համաձայնության գալու դեպքում՝ միասին շարունակում ճանապարհը: Տաքսիները հնամաշ, բայց ոչ խորհրդային արտադրության մեքենաներ են: Վարորդների հետ զրույցներից պարզ դարձավ, որ հարկեր չեն մուծում, մեքենան վարում են բենզինով, որն իրենց մոտ Հայաստանից անհամեմատ էժան է: Այդուհանդերձ, թանկ գներով են աշխատում: Թիֆլիսահայ Լյովայի հետ զրույցից պարզվեց, որ նախընտրում է օրական մեկ պատվեր ունենալ, բայց միանգամից շատ գումար ստանալ, քան թե օրական խելքին մոտ սակագներով մի քանի պատվեր կատարել: Նշեմ, որ երկար փնտրտուքներից հետո Թբիլիսիում մեկ տաքսի ծառայություն հնարավոր եղավ գտնել, որն էլի ֆիքսված գներ չունի: Պարզապես խելամիտ գնով տեղ հասնելու համար պետք է մեքենա պատվիրելիս սակարկել օպերատորի հետ: Այստեղ գործում է նաև հայկական GG հավելվածը, որի մեքենաներն ունեն հաշվիչներ, սակագներն էլ հայաստանյանին հավասար են: Սակայն GG-ի մեքենաները հավանաբար քիչ են, միշտ չէ, որ բախտդ կբերի ու ազատ տաքսի կգտնես:

Թբիլիսյան մետրոն էլ հիշեցնում է, որ նույն երկրում մշակված նախագծով է կառուցվել, ինչ երևանյանը: Ճիշտ է, թբիլիսյան մետրոն ավելի երկար է, քան երևանյանը, բայց փոխարենը մերն ավելի բարեկարգ է:

Թբիլիսիի երրորդ առանձնահատկությունը շքեղ մեքենաների բացակայությունն է: Կամ էլ, եթե կան, այնքան քիչ են, որ աչքի չեն զարնում: Գերակշռում են արտասահմանյան մակնիշի փոքր ու, որպես կանոն, հին, լավ օգտագործված մեքենաները:

Թբիլիսի

Չորրորդ առանձնահատկությունը ժամանակակից բարձրահարկ շենքերից զերծ կենտրոնն է: Բարձրահարկեր կան ինչքան ասես, սակայն դրանք քաղաքի, այսպես ասած, փոքր կենտրոնից դուրս են: Կենտրոնում մեծ մասամբ պահպանվել են հին շենքերը, իսկ եթե նորերն էլ կառուցվել են, ապա հների նմանությամբ. նոր շենքերը չեն խաթարում հնության ոգին, որ քաղաքին հաղորդում է XIX-XX դարերի շենքերով աչքի ընկնող կենտրոնը:

Ու հենց այստեղ է, որ Երևան-Թբիլիսի համեմատության նժարում Երևանը կտրուկ զիջում է: Եթե 5 կամ 10 տարի հետո Թբիլիսին կարող է ունենալ կանոնավոր երթևեկություն ու քաղաքակիրթ տաքսիներ, ապա Երևանն այլևս չի կարող ունենալ հնության ոգին կրող կենտրոն. Երևանի կենտրոնը մեկընդմիշտ զրկվել է նախորդ դարից ժառանգած հատուկենտ պատմական շենքերից` տեղը զիջելով ժամանակակից բարձրահարկերին, որով ոչ ոքի չես զարմացնի:

Թբիլիսին աչքի է ընկնում նաև կանաչապատ տարածքների առատությամբ: Քաղաքին հարակից ամենաբարձր կետից` հեռուստաաշտարակի մոտից քաղաքին նայելիս կենտրոնում կարծես թոքերի պես առանձնանում են անտառները:

Բայց այս քաղաքի ամենամեծ առավելությունը Երևանի նկատմամբ հին քաղաքի առկայությունն է` Մետեխի պատմական թաղամասը, նախորդ դարից մնացած մի քանի սալահատակ փողոցները՝ իրենց բնորոշ շենքերով: Եվ հենց Հին Թբիլիսին է զբոսաշրջիկներին առավել շատ գրավող վայրն այս քաղաքում: Մի բան, որից Երևանն էլի զուրկ է:

Ընդհանրապես, թե՛ Թբիլիսիի և թե՛ Վրաստանի դրական կողմերի կամ առավելությունների մասին խոսելիս կարևոր է նշել, որ այդ ամենը Սահակաշվիլիի աշխատանքի արդյունքն է. ցանկացած վայրում որևէ գեղեցիկ, ժամանակակից կառույց կամ պահպանված հնության մասին խոսելիս վրացիները չեն մոռանում նշել` Սահակաշվիլին է կառուցել կամ վերականգնել:

Թբիլիսի

Ստացվում է, որ հայերի հետ նույն մտածելակերպն ունեցող, նույն խնդիրների մեջ խեղդվող ու նույն սովետական ժառանգությունն ունեցող վրացիները կարողացել են հաղթահարել այդ ամենը, քանի որ ցանկացել են: Այսինքն՝ մենք էլ կարող ենք, մնում է միայն ցանկանալ: Վրացիները, ի տարբերություն մեզ, որոշել են, որ իրենք եվրոպական ընտանիքի անդամ պետք է լինեն: Որոշել են ու սկսել քայլեր ձեռնարկել, որպեսզի հասնեն իրենց նպատակին: Ավելին, այնքան են ասել, թե իրենք եվրոպական ընտանիքի անդամ են, որ իրենք էլ են սկսել հավատալ դրան: Մենք, ի տարբերություն վրացիների, այսպես ասած՝ տալիս-առնում ենք ռուսների հետ, որոնցից առաջ ենք մի շարք առումներով: Հետևաբար, մեր գործընկերոջը հասնելու համար աճելու ձգտում չունենք:

Հայաստան-Վրաստան համեմատության մեջ մենք դեռևս հավասար դիրքերում ենք, սակայն վրացիները կարծես թե երկիրը երկիր դարձնելու բանաձևը գտել են ու քիչ-քիչ առաջ են գնում: Եթե մենք էլ մեր առջև նման նպատակ դնենք ու սկսենք քայլեր ձեռնարկել, էլի հավասար ու անգամ շահող կլինենք համեմատություններում: Եթե ոչ՝ հետագա համեմատություններում աստիճանաբար կհայտնվենք զիջողի դերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: