Հայերեն   English   Русский  

Թուրքիային հաջողվել է «իրենով անել» իրաքյան քրդերին. փորձագետ


  
դիտումներ: 527

Անցյալ տարի նույն ժամանակահատվածում սպասվում էր, որ մինչև դեկտեմբեր կստեղծվեն քրդական ինքնավարություններ, սակայն Թուրքիան կանխեց կատարելով մի շարք քայլեր:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով թուրք-քրդական հարաբերություններին, ասաց է թուրք-քրդական հակամարտությունների հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ Թուրքիայում քրդերի հետ հարաբերությունները գնալով սրվում են: «Գաղտնիք չէ, որ Թուրքիայի հարավարևելյան տարածքներում, մասնավորապես, Շըրնաքի և Հաքարի շրջաններում այս օրերին տեղի են ունենում մասսայական ձերբակալություններ՝ սկսած 18 տարեկան տղաներից, վերջացրած լուրջ քաղաքական գործիչներով»,- ասաց նա:

Ըստ փորձագետի՝ քաղաքական դաշտում քրդական պայքարն աստիճանաբար մարում է, բայց ռազմական դաշտում պայքարը նույնն է՝ պարտիզանական հարձակումները շարունակվում են, հնչում են պայթյուններ:

Իրավիճակը տարբերվում է իրաքյան Քուրդիստանում:

Փորձագետը գտնում է, որ այնտեղ Թուրքիային հաջողվել է «իրենով անել» իրաքյան քրդերին: Անկախի հարցին, թե ինչպես է դա հաջողվել անել, Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Թուրքիան սև շուկայում «Փեշմերգայից» ձեռք է բերում նավթ: Այսօր իրաքյան Քուրդիստանից ոչ մի պետություն չի կարող նավթ ձեռք բերել, իսկ դա անում է հենց Թուրքիան: Այսպիսով, Թուրքիան հանդիսանում է իրաքյան Քուրդիստանի ֆինանսավորումն ապահովող հիմնական երկիրը՝ հենց դրանով էլ կախվածության մեջ գցելով վերջինիս »:

Անկախի դիտարկմանը, թե արդյոք դա չի նշանակում, որ քրդերի միջև գոյություն ունի երկպառակտություն, փորձագետն ասաց, որ քրդերի երկու թևերի միջև միշտ էլ շատ անհամաձայնություններ են եղել: Կար որոշակի համագործակցություն Թուրքիայի և Սիրիայի քրդական խմբավորումների միջև, սակայն թուրքական ուժերին հաջողվեց Սիրիայի քրդերին թուրք-սիրիական սահմանից հեռացնել:

Այս իրադարձությունների ազդեցությունը Հայաստանի վրա դեռևս միանշանակորեն գնահատել հնարավոր չէ. «Քուրդիստանը պետք է ստեղծվի Արևմտյան Հայաստանի հողերի վրա: Այդ դեպքում պատմական Հայաստանի վերականգնման երազանքն ավելի դժվար կլինի իրականություն դարձնել: Այն, որ մեր հողերը կարող են անցնել երրորդ պետությանը, խնդիրն ավելի է բարդացնում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: