Հայերեն   English   Русский  

Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը


  
դիտումներ: 1074

Նոյեմբերի 12-ը, թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Pneumonia Day) օրացույցում հայտնվել է Մանկական թոքաբորբի դեմ Գլոբալ կոալիցիայի շնորհիվ: Այսպես է անվանվում միջազգային, կառավարական, ոչ կառավարական և տեղական կազմակերպությունների, գիտահետազոտական և կրթական հաստատությունների, հիմնադրամների և քաղաքացիական ակտիվիստների միությունը:

Կոալիցիան ձգտում է պետական գործիչների, առողջապահության ոլորտի մասնագետների և պոտենցիալ դոնորների ուշադրությունն ուղղել թոքաբորբի խնդիրներին:

Նպատակին հասնելուն նպաստող գործիքներից մեկը դարձել է Թոքաբորբի դեմ պայքարի միջազգային օրը: Այս օրը առողջապահական հաստատությունները կանխարգելիչ միջոցառումներ են կազմակերպում, անց կացնում բժշկական զննումներ: Բացի այդ, բազմաթիվ կամավորներ մարդկանց պատմում են թոքաբորբի և դրա հետ կապված ռիսկերի մասին, բաժանում տեղեկատվական թերթիկներ և գրքույկներ:

Այս ամենից բացի, 2009 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին «Թոքաբորբի կանխարգելման և դրա դեմ պայքարի գործողությունների գլոբալ պլան» են հայտարարել: Այս պլանի նպատակը թոքաբորբի դեմ պայքարի ակտիվացումն է երեխաների պաշտպանության, հիվանդության կանխարգելման և բուժման համակցված միջոցառումների օգնությամբ:

Ի դեպ, առաջին հերթին հենց երեխաներն են տառապում թոքաբորբով, ընդ որում, ողջ աշխարհում անչափահասների մահացությունների գլխավոր պատճառն է: Այն խլում է տարեկան 1,4 մլն մինչև հինգ տարեկան երեխաների կյանք: Դա ավելի շատ է, քան ՁԻԱՀ-ը, մալարիան, կարմրուկը միասին վերցրած:

Թոքերի բորբոքումը տարածված է ամենուրեք, սակայն առավելապես տառապում են Հարավային Ասիայի և Աֆրիկայի երեխաները: Այնուամենայնիվ, հիվանդությունը կարելի է կանխել բավականին պարզ միջոցառումներով, օրինակ, իմունիզացիայի և լավ սնվելու միջոցով: Դրա համար էլ հատկապես կարևոր է աշխարհին պարբերաբար հիշեցնել թոքաբորբի մասին և մարդկանց դրդել հիվանդությունը կանգնեցնելուն նպաստող քայլերի՝ տեղեկատվության տարածմանը, իշխանությունների հետ համագործակցմանը, իմունիզացման համար նվիրատվություն կատարելուն: Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը հենց սրանով էլ կամավորներն ակտիվորեն զբաղվում են:

Իսկ անտարբեր մարդիկ կարող են իրենց համաձայնությունը հայտնել գոնե երկնագույն ջինսեր հագնելով: Այդ հագուստը դարձել է Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրվա խորհրդանիշը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: